
Էջմիածնում 52,6% ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»
Էջմիածնում կայացած ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով՝ 52,6% ձայներով, հաղթել է գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 33 հոգանոց ավագանու ցուցակով։ Էջմիածնում ընտրելու իրավունք ունեցող 43267 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է ընդամենը 10 980-ը, որից 5776-ն ընտրել է «Քաղաքացիական պայմանագրին», այսինքն՝ Էջմիածնում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 13,34%-ը։
Ընդհանուր առմամբ՝ ընտրությունների մասնակցությունն Էջմիածնում ցածր է եղել՝ 25,38%, ամենացածրերից մեկը երեկվա ՏԻՄ ընտրություններում։
Ձայների 35,26%-ը հավաքել է «Էջմիածին» դաշինքը, որի 30 հոգանոց ավագանու ցուցակը գլխավորում է ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր, անկուսակցական Սևակ Խաչատրյանը։ Նրա օգտին քվեարկել է 3872 հոգի։
Մնացած 13%-ը բաշխվել է 3 ուժերի միջև. «Հայրենատէր» կուսակցությունն ստացել է 528 ձայն կամ 4,8%, «Իրական ժողովրդական» կուսակցությունը՝ 273 ձայն կամ 2,48%, «Լուսավոր Հայաստանը»՝ 150 ձայն կամ 1,36%։
Անվավեր է ճանաչվել 380 քվեաթերթիկ կամ 3,46%-ը, անճշտությունների քանակը՝ 3։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի 38 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին , որտեղ ամենացածր մասնակցությունն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում էր՝ 20,73%, ապա՝ Էջմիածնում՝ 25,38%։
Ամենաակտիվը եղել է Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 69,78%-ը։
Ընդհանուր առմամբ՝ երեկվա ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48%-ը, կամ՝ 472 528 մարդ 1,112 մլն մարդուց։
Մեկնաբանել