
Հայաստանի 38 համայնքում ՏԻՄ ընտրություններ են
Այսօր ժամը 8.00-ից Հայաստանի 9 մարզի 38 համայնքի ընտրատեղամասերում սկսվեց ընտրապայքարի վերջին փուլը՝ բուն ընտրությունները։
Այս համայնքներից 36-ում ՏԻՄ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։
Սա նշանակում է, որ քաղաքացիներն իրենցը ձայնը տալու են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին և համամասնական կարգով ընտրվելու է համայնքի ավագանին, որը ձևավորվելուց հետո նշանակելու է համայնքի ղեկավար։
Ըստ Ընտրական օրենսգրքի՝ համամասնական ընտրություններ անցկացվում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում։
Այսպես, համամասնական կարգով այսօր ընտրում են Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան, Արաքս, Փարաքար, Խոյ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Փամբակ, Թումանյան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ, Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք խոշորացված համայնքներում։
Բոլոր այս համայնքներում ավարտին է հասցվում խոշորացման գործընթացը։ Մեր գործընկեր Infocom-ը ստեղծել է խոշորացված համայնքների քարտեզը, որը ներկայացնում ենք ստորև
Իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվում են և՛ ավագանու, և՛ համայնքի ղեկավարի ընտրություններ։ Այս երկու համայնքը դեռ չի ներառվել որևէ խոշորացված համայնքի կազմում։
- Նոր ձևավորվող Նաիրիում համայնքային իշխանության համար կպայքարի 6 կուսակցություն
- Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 489 թեկնածու
- Վանաձոր խոշորացված համայնքում ավագանու ընտրություններ են
- Մասիսում ընտրապայքարին մասնակցում են նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դաշինքը և ՔՊ-ն
- Մարտունու ավագանու ընտրություններում պայքարում է 6 կուսակցություն
- Նոյեմբերյան խոշորացված համայնքում ավագանի են ընտրում
Ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 984 ընտրական տեղամաս։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ՏԻՄ ընտրություններին առաջադրման փաստաթղթեր ներկայացրել են 132 կուսակցություն և դաշինք, որոնցից գրանցվել է 130-ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 4190 թեկնածու։
Հետևեք «Հետքի» լրահոսին՝ ՏԻՄ ընտրություններից լուրեր ստանալու համար։
Մեկնաբանել