HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 489 թեկնածու 

Շիրակի մարզում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, նախկին խորհրդային տարիների մոդելով, կձեւավորվի եւս 4 խոշորացված համայնք՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ եւ Ախուրյան: Մարզի 5-րդ շրջանը կամ ներկայիս ձեւակերպմամբ՝ խոշորացված համայնք Անին (Մարալիկ քաղաք եւ 17 գյուղական բնակավայր), ձեւավորվել էր 2017թ.-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Անի խոշորացված համայնքում ավագանու հերթական ընտրությունը նախատեսված է 2022թ.-ին: Այս համայնքում, թերեւս ամենամեծ փոփոխությանը, որին ձգտում էին բնակիչները, ներկա համայնքապետի պաշտոնաթողությունն էր, սակայն մեկ տարի տեւած բողոքները, ցույցերը, քաղաքապետարանի աշխատանքն օրերով պարալիզացնելն ու քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ մի արդյունք չտվեցին: 21330 բնակիչ ունեցող Անի խոշորացված համայնքը շարունակում է ղեկավարել ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը:

Իսկ ովքե՞ր են հավակնում վերցնել իշխանությունը երկու օրից խոշորացվող 4 համայնքում: Թերեւս ամենաթեժ պայքարն այս ընտրություններում ծավալվում է Արթիկ խոշորացվող համայնքի համար, որտեղ սկզբնական փուլում հայտ էին ներկայացրել 7 ուժ, սակայն հետագայում գրանցվել են 6-ը: Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր «Հանրապետություն» կուսակցության գրանցման հայտը՝ թերությունների պատճառով: Կուսակցությանը ժամանակ էր տրվել լրացնել թերի փաստաթղթերը, որն այդպես էլ չէր կատարվել: Արդյունքում, դեկտեմբերի 5-ին, արթիկցիները ընտրություն են կատարելու 5 կուսակցության եւ 1 դաշինքի միջեւ:

Արթիկում իշխանություն ձեւավորելու համար պայքարող «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը գլխավորում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: Վերջինս 2012-16թթ.-ին եղել է Արթիկի քաղաքապետը: Կուսակցությունն առաջադրել է 36 թեկնածուի, որից մեկն ինքնաբացարկ է հայտնել: «Միասնական Արթիկ» դաշինքը գլխավորում է Արթիկի քաղաքապետ, անկուսակցական Մխիթար Վարագյանը: Դաշինքը առաջադրել է 55 թեկնածու: «Ապրելու երկիր» նորաստեղծ կուսակցությունը, որ հոկտեմբերի 17-ին մասնակցել էր Գյումրի քաղաքի ընտրություններին ու ավագանիում ապահովել երկու տեղ, մարզի խոշորացված համայնքներից ներկայացված է միայն Արթիկում: Կուսակցության ցուցակը գլխավորում է «Վոլյում գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Աստոյանը, առաջադրված է 29 թեկնածու: 

Արթիկի ՏԻՄ ընտրություններում հայտ ներկայացրած «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Արտակ Հարությունյանը: Կուսակցությունն առաջադրել էր 37 թեկնածուի, հետագայում մեկ թեկնածու ինքնաբացարկ է հայտնել: «Հայ հեղափոխական դաշնակցությունը» եւս մասնակցում է ընտրություններին, ցուցակն Արթիկում գլխավորում է Հակոբ Մաթիլյանը, առաջադրվել է 22 թեկնածու:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Արթիկի ՏԻՄ ընտրություններին առաջադրել է 41 թեկնածուի, ցուցակը գլխավորում է Պեմզաշենի գյուղապետ Անանիկ Ոսկանյանը: Վերջինս գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է, ԵԿՄ անդամ: Ի դեպ, մի քանի օր առաջ, միջադեպ էր գրանցվել Պեմզաշեն գյուղում: Անանիկ Ոսկանյանն արգելել էր փակցնել ՀՅԴ թեկնածու Հակոբ Մաթիլյանի գովազդային պաստառը: Վերջինս հայտարարել էր, թե գյուղում միայն իր գովազդային պաստառները պետք է փակցված լինեն: Միջադեպի մասին հայտարարություն էր տարածել Հակոբ Մաթիլյանը:  

Խոշորացման այս ծրագրով Արթիկ քաղաքին է միանում 23 գյուղական բնակավայր: Ընտրողների թիվը տարածաշրջանում ամենամեծն է՝ համեմատած մյուս խոշորացվող բնակավայրերի՝ 36894 մարդ: Ավագանու 27 տեղի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվն եւս մեծ է՝ 218: 

Ախուրյանում ընտրություններին հայտ ներկայացրած ուժերի գրանցման գործընթացը նույնպես հարթ չի ընթացել: ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել երեք դաշինք եւ մեկ կուսակցություն, սակայն «Իկիլիկյան» դաշինքը փաստաթղթային որոշ թերությունների եւ դատական գործընթացների պատճառով դուրս մնաց պայքարից: Դաշինքի ցուցակը ղեկավարող Վարդան Իկիլիկյանը հայտարարեց, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է իրականացնում իշխող կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն Ախուրյանում գլխավորում է Առափի համայնքի ղեկավար, ՕԵԿ կուսակցության անդամ Ալբերտ Այվազյանը: Կուսակցությունն առաջադրել է 38 թեկնածու: Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը ընտրություններին մասնակցում է «Հաղթանակ» դաշինքով: Ավագանու 27 տեղի համար դաշինքն առաջադրել է 33 թեկնածուի: Այս ընտրություններին, մեկ այլ դաշնակցական համայնքապետ, Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը մասնակցում է «Ախուրյան» դաշինքով: 53 թեկնածու է առաջադրել «Ախուրյան» դաշինքը:

Նշենք, որ Ախուրյան եւ Մարմաշեն համայնքները նախկինում արդեն իսկ անցել էին միավորման փուլը: Համայնքները խոշորացել էին 2017թ.-ին: Խոշորացումից հետո Ախուրյանը կմիավորի 35 բնակավայր: Այստեղ ավագանու 27 տեղի համար պայքարելու է 125 թեկնածու: Ընտրողների թվով Ախուրյանի նախկին վարչատարածքը երկրորդն է՝ 31807 ընտրող:

Ամասիա եւ Արփի խոշորացված համայնքների միավորումով վերականգնվելու է Ամասիայի նախկին վարչատարածքը՝ 25 բնակավայրով: Երկու համայնքն էլ խոշորացվել էր 2016թ.-ին եւ այս տարի, եթե չլիներ Կառավարության որոշումը, ապա նոյեմբերին անցկացվելու էին հերթական ՏԻՄ ընտրությունները: Ամասիա համայնքում իշխանությունը վերցնելու համար հայտ է ներկայացրել ՀՀԿ-ն. ցուցակը գլխավորում է Ամասիայի համայնքապետի ղեկավարի օգնական Արթուր Մկրտումյանը: Կուսակցությունն առաջադրել է 28 թեկնածուի: Ամասիայում, ինչպես եւ մյուս բնակավայրերում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում է եւ առաջադրել է ավագանու 32 թեկնածուի: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանը:

Ընտրապայքարին մասնակցում է նաեւ Ամասիա խոշորացված համայնքի կին ղեկավար Ջեմմա Հարությունյանը՝ «Ամասիա-Արփի» դաշինքով: Ցուցակում ընդգրկված է 38 թեկնածու: Ամասիա խոշորացվող համայնքի ավագանու 15 տեղի համար պայքարելու է 98 թեկնածու: Այս ընտրություններով, Ամասիայի նախկին վարչատարածքի Հողմիկ բնակավայրը, որ նախորդ ընտրությունների ժամանակ ընդգրկվել էր Սարապատ խոշորացված համայնքի կազմում, վերադառնալու է նախկին կարգավիճակին:

Աշոցքի նախկին տարածաշրջանը 2016թ.-ի խոշորացման ծրագրով բաժանվել էր երկու փնջի՝ Սարապատ (15 բնակավայր) եւ Աշոցք (11 բնակավայր): Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններով այս երկու բնակավայրերը եւս միավորվում են: Աշոցք խոշորացվող համայնքում ներկայացված ուժերն ամենահամեստն են՝ ընդամենը երկու կուսակցություն: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Աշոցք խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը: Կուսակցությունն առաջադրել է 31 թեկնածուի: Մյուս ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ներկայացնում է Գոգհովիտ գյուղի միջնակարդ դպրոցի մանկավարժ Վարուժան Հարությունյանը: Կուսակցությունն առաջադրել է 17 թեկնածուի: Աշոցք խոշորացվող համայնքի ավագանու 15 տեղի համար կպայքարի 48 թեկնածու:

Աշոցք, Ամասիա, Արթիկ եւ Ախուրյան համայնքներում դեկտեմբերի 5-ին տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Շիրակի մարզի 4 խոշորացվող բնակավայրի ավագանու 84 տեղի համար հայտ է ներկայացրել 489 թեկնածու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter