HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նաիրիում մեծ առավելությամբ հաղթել է գործող համայնքապետ Նորայր Սարգսյանի գլխավորած ուժը

Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում հաղթանակ է տարել Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Եղվարդի գործող համայնքապետ Նորայր Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներից։

Նշենք, 2017թ․ խոշորացված Եղվարդ համայնքին, որի մեջ մտնում են համանուն քաղաքը, Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան և Սարալանջ գյուղերը, միավորովում են նաև Պռոշյան և Քասախ համայնքները՝ դառնալով Նաիրի խոշորացված համայնք՝ Եղվարդ կենտրոնով։

Նաիրիի 19 ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցող 26 857 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 13 578-ը կամ 50,56 %-ը։

Քվեարկության մասնակիցներից 5949-ը կամ 43,81 %-ը իր ձայնը տվել է Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը։ 3888 ձայն կամ քվեների ընդհանուր թվի 28,63 %-ը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վաղարշակ Ամիրխանյանը։

Անցողիկ 4-տոկոսանոց շեմը հաղթահարել են նաև «Հանրապետություն» (1387 ձայն կամ 10,21 %), «Իմ հզոր համայնք» (1042 ձայն կամ 7,67 %) և Հայ Յեղափոխական Դաշնակցություն (614 ձայն կամ 4,52 %) կուսակցությունները։ Նաիրիում ընտրապայքարին մասնակցող միակ քաղաքական ուժը, որը չի հաղթահարել անցողիկ շեմը, «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 357 քաղաքացի կամ քվեարկության մասնակիցների 2,62 %-ը։ 341 քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։

Այսպիսով, համայնքային իշխանություն ձևավորելու համար Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պետք է կոալիցիա կազմի անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից առնվազն մեկի կամ երկուսի հետ։

Հավելենք նաև, որ Նորայր Սարգսյանը Եղվարդ համայնքը ղեկավարում է 1999 թվականից։ Ավագանու կողմից Նաիրիի համայնքապետ ընտրվելու դեպքում նա կպաշտոնավարի իր 8-րդ ժամկետում։

Լուսանկարում՝ Նորայր Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter