
Գավառում, նախնական արդյունքներով, առաջատար է գործող համայնքապետը
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով առաջատար է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորած «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը։ Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներից։
Գավառ խոշորացված համայնքի ընդհանուր 30 ընտրատեղամասում (այդ թվում ՝ այն համայնքներում, որոնք ընտրություններից հետո կդառնան Գավառ խոշորացված համայնքի բնակավայր) քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 46%-ը՝ 19 419 մարդ։
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի օգտին է քվեարկել 9 869 ընտրող կամ մասնակիցների 50.8%-ը։
«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությունը Գավառում ստացել է 7 586 ձայն (39.1%)։
Իսկ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 1 402 ձայն (7.2%)։
Անվավեր է ճանաչվել քվեաթերթիկների 2.9%-ը։
Գավառ խոշորացված համայնքում պայքարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը:
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն ՀՅԴ-ական Լավրիկ Արևշատյանն է:
Այս ընտրություններից հետո Գավառ խոշորացված համայնքի բնակավայր կդառնան Նորատուս, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք համայնքները։
Գլխավոր լուսանկարը՝ Գուրգեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։
Մեկնաբանել