HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Արման Մուշեղյան. «Մարդակերները քարոզում են մսի վնասակարության մասին»

«Երբեւիցե չեմ նկատել «Ժառանգության» գործունեության մեջ, որ նրանք կարևորեն նեղանձնական, նեղկուսակցական շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արման Մուշեղյանը, ով լինելով անկուսակցական, «Ժառանգության» համամասնական ցուցակի 10-րդ համարն է:

Նրա խոսքով, երբ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն առաջարկել է համալրել նրանց շարքերը, իր առջև ոչ մի նախապայման չի դրվել: Ր. Հովհաննիսյանը Ա. Մուշեղյանին ասել է, որ նա հնարավորություն կունենա շարունակել զբաղվել իր նախկին գործունեությամբ` ԱԺ-ում էլ բարձրացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները:

Ա. Մուշեղյանի խոսքերով` անցած 5 տարիների ընթացքում «Ժառանգությունը» եղել է այն կուսակցությունը, որը բաձրացրել է տարբեր սոցիալական խնդիրներ` այդ թվում և հաշնդամների: Հաշմանդամության խնդիրների փաթեթն այժմ ներառված է «Ժառանգության» նախընտրական ծրագրում:

Ա. Մուշեղյանը համոզված է, որ «Ժառանգությունը» ստեղծվել է ժողովրդի համար, նրան ծառայելու համար, նրա միակ կոալիցիոն գործընկերը միշտ եղել է ժողովուրդը: «Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ համարը, ով նույնպես ներկայացնում է հասարակական սպեկտորը` Թևան Պողոսյանը, նշեց, որ «Ժառանգությունը» երբեք իր առջև նպատակ չի դրել մարդկանց կուսակցականացնել, և եթե կան մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, ունեն կոնկրետ ծրագրեր, կարող են ընդգրկվել «Ժառանգության» շարքերը` առանց կուսակցականացվելու:

Թ. Պողոսյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում ինքը հնարավորություն է ունեցել արտահայտվելու, հայտնելու իր դիրքորոշումները, սակայն եղել են խախտումներ թե մրցակից ուժերի, թե պետական կառույցների կողմից:

Ա. Մուշեղյանը նշեց, որ պատգամավոր դառնալու դեպքում առաջին հերթին զբաղվելու է հաշմանդամության նոր օրենքի մշակմամբ: Այդ օրենքը ներկայացվել էր ԱԺ և կառավարություն, սակայն Ա. Մուշեղյանի խոսքերով` բարեբախտաբար դեռ չի ընդունվել: Օրենքի քննարկման ժամանակ նա մի հարց է բարձրացրել` արդյոք այդ օրենքը ստեղծված է հաշմանդամներին պաշտպանելու, թե նրանցից պաշտպանվելու համար:

Ա. Մուշեղյանի խոսքով` հաշմանդամություն ունեցող մարդկանց հաճախ նայում են որպես սոցիալական բեռ, մարդիկ, որոնք միշտ խնդրում են կամ կարիքավոր են: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք լիարժեքորեն ընդգրկված լինեն սոցիալ-հասարակական գործընթացներում: Ա. Մուշեղյանը նշեց, որ ԱԺ-ում ինքը աշխատելու է մասնավորապես հաշմանդամների խնդիրները լուծելու համար, առավել ևս, որ ոչ մեկ երաշխավորված չէ հաշմանդամ լինելուց: 

Ա. Մուշեղյանը նշեց, որ «Ժառանգությունն» այս տարիների ընթացքում հավատարիմ է մնացել իր գործելաոճին` ԱԺ-ում ներկայացնելով և պաշտպանելով մարդկանց իրավունքները: Այժմ, երբ կուսակցությունը վարկաբեկելու համար այլ բան չեն գտնում, փորձում են «կարմիր ու սև խաղալ` սև փնտրելով»: Այնինչ, Ր. Հովհաննիսյանը գալիս է հանուն ինչ-որ բանի, ոչ թե ընդդեմ:

Թևան Պողսյանը նշեց, որ իրենք հնարավորություն են ունեցել այցելել բոլոր մարզեր, հանդիպել իրենց համակիրներին, և այսօր «Ժառանգությունը» մեծ հնարավորություններ ունի հայտնվելու խորհրդարանում: Նա համոզված է, որ կուսակցությունն այս անգամ ավելի մեծ թվով ներկայացված կլինի, սակայն ստույգ թվեր նշելուց խուսափեց: Միաժամանակ Թ. Պողոսյանը կարծում է, որ որքան շատ ընդդիմադիր պատգամավորներ լինեն ԱԺ-ում, այնքան ավելի լավ, այդ պատճառով էլ հաջողություն է մաղթում բոլորին:

Ա. Մուշեղյանը կոչ է անում չքվեարկել միայն այս ընթացքում խոսածի համար, որովհետև «մարդակերները քարոզում են մսի վնասակարության մասին»: Պետք է քննել, թե արդյոք տվյալ ուժը հետևում է այն ժողովրդավարությանը, որը քարոզում է, կամ պաշտպանում է իր կուսակցական թույլ անդամներին, երբ խոսում է թույլերի պաշտպանության մասին: 

Մեկնաբանություններ (1)

AK
vochich vor es angam Jaranguthyan cucaki mej kesic shat@ drsi mardik en ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter