HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՔՊ-ն մերժեց սահմանագծման ու սահմանազատման հայտարարության տեքստն ԱԺ օրակարգ ներառել

Խորհրդարանի հերթական քառօրյան մեկնարկեց «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր, Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանի երդման արարողությամբ: Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը փոխել էր երդման տեքստը և հայտարարեց, որ հավատարիմ է մնալու հոր հավանած սկզբունքներին ու անմնացորդ նվիրումին առ հայրենիք:

«Երդվում եմ կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին Եռաբլուր զինվորական պանթեոնում տվածս երդումը: Չկա Հայաստան առանց Արցախ և չկա Արցախ՝ առանց Հայաստան: Հավերժական Հայաստան լինելու է»,- ասաց նա:

Այնուհետև խորհրդարանը քննարկեց օրակարգ չներառված հարցերը: «Քաղաքացիական պամանագիր» խմբակցությունը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն օրակարգ ներառելու հարցը: Այդ նախագծում Կառավարությունից պահանջվում է զերծ մնալ որևէ բանակցությունից, որը կխախտի Սահմանադրությունը, սահմանագծման ու սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը: Հայտարարության տեքստը մերժվեց 28 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ նախագծի լրամշակված տարբերակն այսօր շրջանառության մեջ է դրվելու, և ընդդիմության կողմից առաջարկ է լինելու դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12-ին, արտահերթ նիստ գումարել նույն օրակարգով:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց՝ հայտարարության տեքստը ներքաղաքական բովանդակություն ունի ու նման նպատակ է հետապնդում:

«Մեզ համար անհասկանալի է, որ անվտանգային հարցերի վերաբերյալ խորհրդարանի հայտարարության տեքստում փորձել եք ներդնել միակողմանի ձևակերպումներ, որ հենց գրելիս ձեզ համար հասկանալի է եղել, որ այն չի ընդունվելու»,- ասաց Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմությանը:

Ըստ նրա՝ նախագիծը ներքաղաքական շահարկման դաշտում է, նա առաջարկեց ընդդիմությանը հենց սկզբից միասին հեղինակել նման նախագծեր:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց, որ նման քննարկումներ պետք է նախաձեռնի քաղաքական մեծամասնությունը ու փարատի հանրության մտահոգությունները:

«Այս հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ չկա, նպատակն է զերծ պահել իշխանություններին, գործադիրի ղեկավարին չկատարել որևէ քայլ ժողովրդի թիկունքում, որը վնաս կհասցնի մեր շահերին»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter