
Ալեն Սիմոնյանը մտադիր է դատական հայց ներկայացնել ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է դատական հայց ներկայացնել ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ: Այս մասին նա հայտարարեց ԱԺ նիստում՝ նշելով, թե պատգամավորը զրպարտություն է հնչեցնում իր և իր շրջապատի հասցեին:
Նշենք, որ պատգամավորն իր ելույթում հիշեցրել է, որ մինչ իշխանություն դառնալը Սիմոնյանը հայտարարում էր նախկին պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին, սակայն տարիներ են անցել, և որևէ կոռուպցիոն բացահայտում չի իրականացվել: Նա տեսակետ հայտնեց, որ կամ նախկինում Սիմոնյանը ստել էր, կամ էլ չի ստել, այժմ իր շրջապատն է բյուջեի հաշվին հարստանում, այդ թվում եղբոր ընկերությունը:
Արեգնազ Մանուկյանի ելույթի պահին Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում չէր, երբ վերադարձավ դահլիճ, արտահերթ ելույթով պատասխանեց:
Նախ նա հայտարարեց, թե ժողովուրդը նման կենցաղային քննարկումներից հոգնել է, հոգնել է նաև իշխանության ու ընդդիմության «իրար բզկտելու» պրոցեսից, և աշխատանք կատարել է պահանջում:
Խոսելով Արեգնազ Մանուկյանի հնչեցրած մեղադրանքների մասին՝ ԱԺ նախագահն արձագանքեց՝ վաղուց պատասխանել է այդ հարցերին, ապա հավելեց՝ պատգամավորը ստիպված կլինի ասածները դատարանում հիմնավորել ու ապացուցել:
«Հակառակ պարագայում կվճարի տուգանք և այստեղից կհերքի ասածները, դրանով կարծում եմ կսահմանափակվենք»,- ասաց նա:
Սիմոնյանը կոչ արեց ընդդիմությանը փաստերով խոսել, այլապես իշխանությունը կասի այն ամենը, ինչ գիտի ընդդիմության մասին: Ըստ Սիմոնյանի՝ այդ դաշտում ընդդիմությունն առաջիկա հիսուն տարին պարտված է:
Մեկնաբանել