HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես ուղղակի սիրահարվեցի տեղին, մարդկանց, ուտելիքին և ընտանեկան միասնությանը. Դեյվիդ Դոուել

1988թ. Սպիտակի երկրաշարժը շատ երկրների և մարդկանց դարձրեց արհավիրքից հետո ոտքի կանգնող հայերի ու Հայաստանի բարեկամներ։ Գյումրիում և Սպիտակում մինչ օրս տարբեր թաղամասեր հիշեցնում են այն երկրներին, որոնց շնորհիվ կառուցվել են։ Սպիտակում իտալական, նորվեգական, գերմանական թաղամասերը, չեխական դպրոցը, նորվեգական հիվանդանոցը, իսկ Գյումրիում՝ ավստրիական, ղազախական, հարավսլավական, լիտվական թաղամասերը, դանիական մանկապարտեզը, իտալական հիվանդանոցը, անգլիական դպրոցը։

Անգլիական թեքումով կամ Լորդ Բայրոնի անվան դպրոցը Գյումրիին նվիրել է Մեծ Բրիտանիան։ Դպրոցի բացմանն առաջին անգամ Խորհրդային Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

Զրուցել ենք դպրոցի շինարարության ողջ ընթացքը համակարգած բրիտանացի Դեյվիդ Դոուելի հետ, ով 30 տարվա ընթացքում 53 անգամ եղել է Հայաստանում և Արցախում, ով Հայաստանի պատվավոր քաղաքացի է, հայերի լավագույն բարեկամներից մեկը։

 Պարո՛ն Դեյվիդ, վերջին 3 տասնամյակում ավելի քան 50 այց եք ունեցել Հայաստան և Ղարաբաղ։ Ե՞րբ և ինչպե՞ս ծանոթացաք Հայաստանին։

Ինչպես ես ծանոթացա Հայաստանին, պարզապես 1988թ. դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժի արդյունքում։ Այդ և հաջորդ օրերին, փաստացի, իմ կապը մեր հեռուստատեսության լուրերով մահվան և ավերածությունների տեսարաններին հետևելն էր։ Դա 1989թ. Նոր տարվա կողմերն էր, մինչև ես ու իմ ընկերությունն ավելի ամիջականորեն ներգրավվեցինք։ Այդ ժամանակ մենք Եվրոպայում տանիքներով զբաղվող կապալառու եթե ոչ ամենամեծ, ապա ամենամեծ ընկերություններից մեկն էինք, և մեր վարչապետ տիկին Թետչերն առաջարկեց պարոն Գորբաչովին մի բրիտանական դպրոց, որը կփոխարիներ Լենինականում ավերված անգլիական դպրոցին։ Գործերը դանդաղ էին կազմակերպվում, և ես համաձայնեցի, որ մենք դեր ունենանք դրա կառուցման գործում։ 

Կարծում եմ փետրվարն էր, երբ տեղանքի ուսումնասիրության համար այցելեցինք, այնուհետև սկսվեց մանրամասն պլանավորումը։ Նախատեսվում էր ստեղծել երկրաշարժադիմացկուն մի շինություն՝ օգտագործելով բրիտանական նյութեր, բացառությամբ տուֆ քարի՝ դրսի համար։ Եթե անկեղծ, Հայաստանը Խորհրդային Միության փոքր մասն էր, և այստեղ շատերը շատ բան չգիտեին երկրի կամ ընդհանրապես դրա գտնվելու մասին. ես, անկասկած, այդ կատեգորիայի մեջ էի։

Պատմեք, խնդրում եմ, Գյումրի (Լենինական) և Սպիտակ Ձեր այցի մասին։ Ինչպե՞ս էիք առանց տարրական կենցաղային պայմանների հարմարվում Հայաստանի ցուրտ ձմռանը։

Աշխատանքները տեղում սկսվեցին օգոստոսին. տարածքը մաքրվեց ավերված շենքերի կույտից և պատրաստվեց ընդունել աշխատողների կացարանները և հետո բանտի պես ցանկապատվեց շինության ամբողջ տարածքը։ Իմ թիմը պետք է հետևեր պողպատագործներին, նրանց, ովքեր կառուցում էին մետաղական կաղապարները, և մենք մեր հերթին պիտի ծածկեինք ամբողջ տանիքը մետաղյա թիթեղով և շիֆերներով։ Մենք, փաստացի, սկսեցինք հոկտեմբերի սկզբին։ Արդեն բավական ցրտում էր գիշերը, բայց Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ տեղեկացվել էինք Լենինականի ծայրահեղ եղանակային պայմանների մասին, ուստի մենք եկանք պատրաստ։ Մեր ճամբարն ուղարկվեց Անգլիայից (այն դեռ այնտեղ է կամ այնտեղ էր 3 տարի առաջ), սկզբում մենք ինչի կարիք ունեինք, գնացքով բերվում էր Անգլիայից։ Հենց ձմեռը սկսվեց, ամեն ինչ փոխվեց. ադրբեջանցիները սկսեցին գողանալ մեր նյութերը, մեր ուտելիքը, փաստացի` ամեն ինչ։ Մենք երկաթուղային կայարան էինք գնում, բացում փակված կոնտեյները և միայն պարզում, որ նրանք տանիքից ջարդել և գողացել են ապրանքները։ Այդ ժամանակ հոսանք չկար, ջրամատակարարումը ձախողվել էր, և մեքենաների համար վառելիքը դարձավ մեծ խնդիր։ Կյանքը դարձավ դժվար, բայց բրիտանական կառավարությունը վարձեց հունգարական բեռնափոխադրման մի մեծ ընկերություն՝ Լոնդոնից մինչև դպրոց մեզ անհրաժեշտը ճանապարհով հասցնելու համար։ Ճանապարհը տևում էր 10-12 օր։ Նրանք պահպանեցին ծրագիրն ու աշխատատեղերը։

Լորդ Բայրոնի անվան դպրոցի կառուցման ընթացքում որքա՞ն մնացիք Հայաստանում։ Հավանաբար, այդ ընթացքում ականատես եք եղել բազում լավ և վատ միջադեպերի։ Կհիշե՞ք դրանցից մեկ-երկուսը։

Ի սկզբանե ես նախատեսել էի գալ աշխատանքները կատարելու համար իմ ընտրած թիմի հետ, նրանց հունի մեջ գցել, հետո վերադառնալ տուն՝ թողնելով դա ուրիշներին։ Երբ ես տեսա այն, ինչ տեսա, անհնարին դարձավ տուն հետ փախչելը։ Փոխարենը ես մնում էի 3-4 շաբաթ, հետո մեկ կամ երկու շաբաթով շտապում տուն՝ մինչև նախագծին վերադառնալը։ Ես զգացի, որ իմ ներկայությունը քաջալերում էր տղաներին ձմռան, սառույցի և ձյան պայմաններում առաջ գնալ։ Տպավորությունները շատ էին, իսկ ամենաառաջինն այդքան շատ լավ պահպանված շինություններ տեսնելն էր և հետո միայն իմանալ, որ հատակներն ընկել են մեկը մյուսի վրա և սպանել ներսում բոլորին։ Հետո դու կարող էիր քայլել փողոցով ներքև և տեսնել 5-ից երևի 2 ավերված պատշգամբով բնակարան, իսկ մնացածն ուղղակի հիանալի էին։ Այնքան դաժան ու կամայական էր մահը բաժին հասել դժբախտ հայերին։

Հետո այդ ժամանակավոր տնակներն էին, մարդիկ ապրում էին ամենատարբեր տեսակի վագոններում։ Հետո՝ հուղարկավորությունները։ Այստեղ դագաղները փակ են, և երբեք չեն բացվում, երբ արդեն մահացած կա ներսում։ Այնտեղ մենք դժվարանում էինք տեսնել այդքան հուղարկավորություններ՝ բաց դագաղներից քեզ նայող դեմքերով։ Շատերն էին մահանում երկրաշարժից ստացած վնասվածքներից, հուղարկավորություններն անդադար էին։ Վերջին, բայց հաճելի դիտարկումը։ Ուղիղ մեկ տարի՝ մինչև 1989թ. դեկտեմբերի 8-ը, բոլոր կանայք առանց շպարի էին և հագնում էին սև հագուստ։ Մենք հաճախ էինք քննարկում, թե ինչպիսի տեսք կունենային նրանք, երբ նրանք առևտուրը ձեռքներին կամ երեխայի հետ շտապում էին շինարարության կողքով։

Եվ հետո եղան շրթներկը, շպարը, վառ գույները, դա իրական վերափոխում էր, և առաջին անգամ տղամարդիկ տեսան հայկական գեղեցկությունը, վստահաբար լավ օր էր։

Տեղյակ եմ, որ բացի դպրոցի կառուցումը Դուք հսկայական օգնություն եք տրամադրել Սպիտակին և Գյումրիին։ Կպատմե՞ք այդ աջակցության մասին։ Ո՞ր ուղղություններին էիք հատուկ ուշադրություն դարձնում։ Ու, վերջապես, օգնելու համար որտեղի՞ց էիք գումար գտնում։

Կառուցման ամբողջ ընթացքում բրիտանացի աշխատողները ժամանում էին Հայաստան երեխաների համար գրիչներով և քաղցրավենիքով։ Դա արժեքով փոքր էր, բայց շատ բան էր նշանակում փոքրիկների համար, ովքեր կանգնում էին մետաղական ցանկապատի դիմաց՝ գոռալով՝ գրի՜չ, գրի՜չ, այնքան ժամանակ, մինչև տղաներից մեկը կամ մյուսը տեղի էին տալիս և ուրախացնում նրանցից մեկին կամ երկուսին, գոնե որոշ ժամանակով։ (Ժպտում է) Ինձ համար իրական մեկնարկը եղավ, երբ տեսա, թե որքան վատ  է ամեն բան։ Իմ երկրորդ կամ երրորդ ուղևորության ժամանակ ես մի սպորտային պայուսակով բերեցի իմ երեխաների փոքրացած հագուստը։ Իմ գյուղի մարդիկ նկատել էին, որ ես երկար ժամանակ եմ բացակայում, հարցրել էին, թե ինչ եմ անում, հետո իմանալով հագուստի մասին` հայտնել էին, որ իրենք էլ են ուզում օգնել։ Այդպիսով մի սպորտային պայուսակը դարձավ երկու, չորս, իսկ հետո՝ կոնտեյներ։ 1989-94թթ. այն, ինչ հավաքել եմ ես, ուղղվել է Գյումրիին, իսկ կոնտեյներները ֆինանսավորել են ՀԲԸՄ-ն, սփյուռքը, այն ընկերությունները, որոնց ես գրում և խնդրում էի օգնել և, իհարկե, Ֆելիսիթին (Դեյվիդի կինը-հեղինակ) և ես։ Յուրաքանչյուր կոնտեյներն այդ ժամանակ արժեր 6000 ԱՄՆ դոլար։ Հագուստը վերածվեց ամեն ինչի. մոտոներից, համակարգիչներից, բժշկական պարագաներից, պղնձե խողովակներից, խաղալիքներից սկսած` ամեն ինչ, ինչ ես կարողանում էի այստեղ խնդրել տեղացիներից։

Գիտեմ, որ ներկա եք եղել դպրոցի բացման արարողությանը։ Ինչպե՞ս անցավ։ Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերին։ Նա հավանե՞ց դպրոցը։ Բացման արարողությունից հետո տիկին Թետչերի հետ Հայաստանին աջակցելու մասին խոսելու հնարավորություն ունեցե՞լ եք։

Բացումն իսկապես կախարդական օր էր։ Այդ օրերին Խորհրդային Միությունը մեզ արգելել էր տեղի օդանավակայանի օգտագործումը։ Մենք ստիպված էինք բլուրների վրայի վատ ճանապարհներով հասնել և գալ Երևան։ Խնդիր չկար տիկին Թետչերի համար, նա ժամանեց Թագավորական օդուժի ինքնաթիռով, և այն վայրէջք կատարեց Լենինականի օդանավակայանում, ավելին՝ մինչև դպրոց ճանապարհը հրաշքով ասֆալտապատվեց։

Նախնական պլանով ռուս առաջնորդն ու տիկին Թետչերը միասին պետք է բացեին այն, բայց հայերը դադարել էին սիրել պարոն Գարբաչովին և որոշել էին, որ ավելի լավ է նա մնա Մոսկվայում։ Տեղացիները նրան վերաբերվում էին Աստծո պես, ինչպես բոլոր պետական պաշտոնյաները։ Մարդկանց բազմության պատճառով նա շատ ուշ եկավ դպրոց, լավ եմ հիշում, որ նրա ժամանմանը սպասելով՝ մարզադահլիճում նստած շոգից գրեթե մահացել էի։ Մեզ՝ ղեկավար կազմին, ասել էին հագնել բաճկոն և փողկապ, ոչ ճիշտ հագուստ հունիսյան սարսափելի շոգ օրվա համար։ Ո՛չ, ես մտադիր չէի խոսել որևէ այլ բանի, բացի անհավանական նոր դպրոցի մասին, մենք բոլորս շատ հպարտ էինք, որ որևէ այլ բանի մասին մտածեինք։ Մենք բոլորս զրուցեցինք, նկարվեցինք նրա և նրա ամուսնու՝ Դենիսի հետ, մի հիանալի մարդու, ով ԿԳԲ-ին ասել էր այն, ինչ մտածում է իրենց մասին, երբ նրանք փորձել էին նրան (Թետչերին) մեքենան մտցնել բացումից հետո։

1990-ականներին Սպիտակում էլ եք եղել։ Ո՞րն էր Ձեր այցի նպատակը։ Կարո՞ղ եք հիշել այցը։

Առաջին օրերին Սպիտակ այցելությունները չէին ներառում օգնություն։ Առաջին անգամ ձմռան հազվադեպ հանգստյան օրերից մի օր ես վերցրի ճամբարի միկրոավտոբուսն ու 12 աշխատակցի, որպեսզի առաջին անգամ գնամ և տեսնեմ Սպիտակում վնասը։ Մենք բոլորս դարձանք հայկական հյուրընկալության զոհ։ Հայերն իմ մարդկանց հարբեցրին, օ՜հ, և լավ կերակրեցին։ Մեկ կամ երկու տարի հետո քաղաքը լցվեց այն ապրանքներով, որոնք հանձնվում էին մի քահանայի, ում անունը իմ հիշողությունից սպրդել է։ Դրանք հիմնականում հագուստ էին և մի քանի համակարգիչ։

Արդյոք դժվար էր արևմտյան կրթություն ստացածի համար Խորհրդային Հայաստանում։ Ի՞նչ տարբերությունների էիք հանդիպել։ Դրանք ազդե՞լ են Ձեր աշխատանքի կամ պլանների վրա։ 

Ամենևին դժվար չէր, բայց խիստ ամոթալի էր։ Ինչո՞ւ, կհարցնես։ Պարզ ասած` մեր լեզվի, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և նույնիսկ մեր պատմության մի մասի իմացությունը մեզ հաճախ ստվերում էր։ (Տխրում է) Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա փոքր ազդեցություն ունեցավ, քանի որ մենք փակված էինք ներսում, իսկ հայերը՝ դրսում, բացառություններ էին թարգմանիչներն ու մեկ-երկու կարևոր այցելուները։

Ինչպե՞ս ստացվեց, որ բրիտանացին, ով շատ քիչ տեղեկություն ուներ Հայաստանի մասին, դարձավ հայերին ու Հայաստանին այդքան նվիրված բարեկամ։

Իմ բախտը բերել է, ինչպես այնտեղ շատերինը, ես ծնվել եմ վատ ժամանակներում, մեր զուգարանը դրսում էր՝ այգում, մենք չունեինք տաք ջուր, չկար կենտրոնական ջեռուցում, այդ իսկ պատճառով ինձ համար հեշտ էր վերադառնալ իմ իսկ վատ օրերին։ Հետպատերազմյան Բրիտանիան դյուրին տեղ չէր ապրելու համար, ինչպես որ հայերի համար էլ, բայց նրանք երկրաշարժ էին ունեցել, որն ավելացրել էր Խորհրդային Միության օրոք կյանքի դժվարությունները։ Ես ուղղակի սիրահարվեցի տեղին, մարդկանց, ուտելիքին և ընտանեկան միասնությանը, ցանկացա փորձել և օգնել։ Դա ընդամենը մի կաթիլ էր մեծ լճում, բայց այն ինձ ստիպեց զգալ, որ ինչ-որ բան եմ անում օգնելու համար։

Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք. «Ես դարձել եմ հայկական հյուրընկալության զոհ»։ Ինչպիսի՞ն է Հայաստանը ձեր աչքերում։

Հայկական հյուրասիրության զոհ, այնքան դյուրին էր գերի ընկնելը, և ես ընկա։ Ազգը, որ ձգտում էր իր տալ այն քիչը, որն ուներ, ես չեմ հիշում, որ երբևէ խնդիր եմ ունեցել։ Ընդամենը 2 շատ կարճ պատմություն՝ իմ տեսակետը ներկայացնելու համար։ Առաջինը 1990 թվականին էր, ես Լորդ Բայրոնի դպրոց էի գնում, քանի որ մեզ հաղորդել էին, որ տանիքում խնդիր կա։ Ինձ ուղեկցում էր իմ մարդկանցից մեկը, գտել էինք մի մեքենա, որն ինձ դպրոցից կտաներ Զվարթնոց օդանավակայան։ Այն ժամանակ սովորություն էր պտտվել շուկայի կողքը և խնդրել որևէ մեկին (շատ քիչ մեքենա կար, իսկ վառելիք` է՛լ ավելի քիչ) քեզ հետ տանել։ Ինչպես միշտ, ես հայերեն չէի խոսում, իսկ վարորդը՝ անգլերեն։ Ես ճանապարհը լավ գիտեի, ու երբ եկանք դեպի Աշտարակ, նա թեքվեց ու տարավ մեզ մի փոքրիկ բունգալոու։ Ես ու Մայքլը ծխում էինք Marlboro ծխախոտ, նա վերցրեց մեր երկուսի տուփը, դատարկեց ծխախոտները սեղանի վրա և տուփը պատառոտեց, որն օգտագործեց սուրճը տաքացնելու համար։ Ծխախոտի երկու տուփը 2 սուրճի համար բոցի կատարյալ չափաբաժին ապահովեց։ Դա այդ մարդու երախտագիտություն հայտնելու ձևն էր։ Մենք չուշացանք ինքնաթիռից, մոտիկ էինք, ժամանակին հասանք։

Երբ մարդիկ իմանում էին, որ մենք անգլիացի էինք, ամերիկյան կամ բրիտանական ծխախոտի ընդամենը 1 տուփը փակում էր ուղեվարձը, նրանք կարող էին մեզ անվճար լեռներով տանել այդ օրերին։ Երկրորդ պատմությունում ես մենակ էի և գնում էի Լենինական։ Ժեստերի լեզվով ես մեքենա գտա Երևանում, կինոթատրոնի մոտից։ Ես միշտ վերարկուիս գրպանները լցնում էի կրեմով լցված շոկոլադե ձվերով, որպեսզի հենց երեխաներ տեսնեի, տայի։ Նորից օգտագործելով ժեստերի լեզուն` ես ցույց տվեցի իմ ամուսնական մատանին և փորձեցի պարզել՝ արդյոք նա ամուսնացած է։ Նա ասաց՝ հա, հա։ Հաջորդը՝ երեխաներ ունե՞ք։ 4 մատը նշանակում էր 4, այդպիսով ես հանեցի 4 ձու ու փոխանցեցի։ Նա առանց բացատրության հետ դրեց ձվերը, որոնք հետ ու առաջ էին լինում նրա հին, փտած «Լադա»-ի մեջ։ Եվ հետո նա թեքվեց աջ և մենք բարձրացանք բլուրները, որտեղ տարօրինակ անգլիացուն ցույց տվեց հարևաններին, իսկ կնոջն ու երեխաներին կանչեց ինձ հետ հանդիպելու։ Կարծում եմ՝ ամբողջ գյուղն էր եկել ինձ տեսնելու, քանի որ այնքան շատ էին։ Նրա ծրագիրը նախ ինձ համար էր, որ ես, ոչ թե ինքը նվիրեր երեխաներին ձվերը, իսկ հետո՝ մտնել տուն, որտեղ նրա կինը շտապում էր ուտելիք պատրաստել անսպասելի հյուրի համար։ Այո, հայկական հյուրասիրության զոհ, առաքինություն, որը ինչպես և այստեղ կարող է ժամանակին մահանալ, բայց այս երկու առիթները ընդամենը տասնյակներից 2-ն էին։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Լուսանկարները` Դեյվիդ Դոուելի անձնական արխիվից

Մեկնաբանություններ (1)

Isobel Manook
Lovely to catch up with David again after many years ….memories of Glous …we lived in Swindon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter