
Մեկնարկել են Բայդեն-Պուտին բանակցությունները
Մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակապով բանակցությունները։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։ Շփման այս ֆորմատը երկու երկրի նախագահները կիրառում են առաջին անգամ։
Պուտինը գտնվում է Սոչիի իր նստավայրում, իսկ Բայդենը՝ Սպիտակ տանը, Վաշինգտոնում։ Բանակցությունները փակ են մամուլի համար։
Սպասվում է, որ երկու երկրի նախագահները կքննարկեն նաև վերջին շրջանում Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը և դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում սպասում է հանգամանալից և շարունակական զրույց, սակայն երկկողմ հարաբերություններում բեկում չեն ակնկալում։
Նախագահի կարգավիճակում Պուտինն ու Բայդենն առաջին անգամ հանդիպել էին 2021 թվականի հունիսի 16-ին Ժնևում։ Այն ժամանակ հանդիպումը կայացել էր առկա ձևաչափով։ Նոյեմբերի 10-ին ռուսական «Коммерсант»-ը գրել էր, որ 2022 թվականի սկզբին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կարող են ունենալ երկրորդ տետատետ հանդիպումը։
Լուսանկարը՝ REUTERS/Denis Balibouse/Pool
Մեկնաբանել