HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մկանացավեր ունեի, թվում էր՝ մաշկ չունեմ»․ ինչպես 24-ամյա Միլենան հաղթահարեց կորոնավիրուսը

24-ամյա Միլենան հոկտեմբերի 28-ին հոսպիտալացվել է կորոնավիրուս ախտորոշմամբ։ Դրանից օրեր առաջ նա վարակվել էր։ Տնային պայմաններում բուժում ստանալու ընթացքում Միլենայի մոտ թոքաբորբ է զարգացել, որի հետեւանքով վիճակը վատացել է եւ տեղափոխվել է հիվանդանոց։

Միլենա Ջանոյանը մասնագիտությամբ դիզայներ է, մրգային ծաղկեփնջեր է պատրաստում, սեփական բրենդ ունի։ Ասում է՝ մտածում էր, թե ինքը չի վարակվի կորոնավիրուսով․ «Մինչև վերջ հավատում էի, որ ես ընտրյալ եմ ու չեմ հիվանդանա։ Ինչ-որ մի պահի օրգանիզմդ, իրոք, տեղի է տալիս։ Շատ զարմանալի էր, որ հնարավոր է՝ հիվանդությունը նման բարդ ընթացք ունենա, և անգամ՝ ինձ հիվանդանոց տանեն։ Սկզբում չէի ուզում հավատալ, որ դա կորոնավիրուս է, բայց ինչ-որ մի օր տատիկիս ուղարկած բորշչը ուտելիս համը չէի զգում, հասկացա, որ կորոնան է թակել իմ դուռը»։

Մինչ կորոնավիրուսով հիվանդանալը Միլենան ակտիվ կյանք ուներ՝ հաճախում էր մարզասրահ, լողի, մեծ թենիսի և պարի։ Այժմ դեռ վերականգնման փուլում է։

«Ահավոր մկանացավեր ունեի, թվում էր՝ մաշկ չունեմ, որ կողմով պառկում ես, մկաններդ ես զգում։ Երբ թթվածնի սարքի կարիք ես զգում, քեզ շատ տարեց մարդ ես զգում, ով ուղղակի շնչահեղձ է լինում առանց էդ սարքի։ Հիմա էլ որ շատ եմ խոսում, շունչս չի հերիքում»,- այսպես է Միլենան նկարագրում հիվանդության ախտանշանները։

Հիվանդասենյակում երեքով էին, երեքն էլ՝ երիտասարդ։ «Իրենց դուրս գրվելուց հետո հիվանդասենյակում տատիկներ բերեցին, դա ավելի շատ էր ազդում հոգեվիճակիս վրա, քան իմ հիվանդության շրջանը, որովհետև երբ մարդիկ են գալիս, ովքեր նոր պիտի էդ ամեն ինչի միջով անցնեն, հույս ես տալիս իրենց, որ կթեթևանաք, ես էլ եմ էդպես եղել, դուք էլ լավ կլինեք, բայց երբ տարիքով մեծ էին, շատ դժվար էր, փորձում էի իրենց խնամել, ինչ-որ ձևով օգնել։ Փոքրիկ թիմ էինք դարձել, բուժաշխատողների հետ գնում էինք, տատիկների ճնշումները չափում, սատուրացիան չափում, պետք է թոքերում թթվածնի մակարդակն առնվազն 95 լիներ, որ դուրս գրվեին։ Ես գնում էի տատիկների մատերին սատուրացիայի սարքն էի դնում, հենց լավ թիվ էի ասում, նենց էին ուրախանում»,- հիշում է նա։

Միլենան 10 օր անցկացրել է հիվանդանոցում, անհամբեր սպասում էր, թե երբ է դուրս գրվելու և կրկին ծաղկեփնջեր պատրաստելու։

«Ընտանիքիս անդամներն անգամ փնջեր էին ուղարկում, որ ինձ հիշեցնեն, որ դուրս եմ գալու հիվանդանոցից, ինքս պատրաստեմ։ Հիվանդանոցում պատշգամբ կար, դուրս էի գալիս, նայում քաղաքի լույսերին, ասում էի՝ տեսնես ինչով են հիմա զբաղվում էս մարդիկ, երևի հիմա սովորականի պես էս ժամին խցանումներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter