HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվի․ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը դեկտեմբերի 9-ի նիստում ընդունեց Քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները կարող են օրինականացվել, իսկ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ապօրինի կառույցներն այլևս չեն օրինականացվի։

Ըստ արդարդատության նախարարի՝ մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչն ինքնին կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև՝ օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա:

«Բնականաբար, Կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ արդեն իսկ կառուցված ինքնակամ շինությունները, քաղաքացիները և իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, և քանդվի ամբողջը, կա հստակ մեխանիզմ, որով նախատեսված է, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունումը կառուցված ինքնակամ շինությունները։

Ըստ այդ մեխանիզմի՝ պետք է արագ գործողություններ ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թ.-ի հունվարի 1-ից սկսած մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի Կադաստրի կոմիտեում հաշվառվեն շինությունը, ներկայացնեն համապատասխան պահանջվող փաստաթղթերը, որն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ավելի հստակ կսահմանի»,- հայտնեց Կարեն Անդրեասյանը։

Երևանի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինությունների համար տրված է ժամկետ՝ մինչև 2023 թ.-ի հունվարի 1-ը, որպեսզի ներկայացնեն և հաշվառեն շինությունը։

Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, ժամկետը մինչև 2024 թ.-ն է։ Այն տեղերում, որտեղ միայն գյուղական բնակավայրեր են, ժամկետը 2025-ի հունվարի 1-ն է։

Նախարարի խոսքով՝ այսուհետ ավելի խիստ սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրագործի տեսչական մարմինների՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու և համայնքային հողերն այդպիսի զավթումներից ազատելու պահանջները։

«Հստակ ապահովված է քաղաքացիների համար իրենց իսկ նախկինում արված շինարարությունների պաշտպանումը, եթե նրանք ձեռնարկեն համապատասխան միջոցներ, հակառակ դեպում, օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո այդ գիծը քաշվելու է, և այլևս ոչ մի ապօրինի շինություն չի օրինականացվելու»,- ասաց Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ Կադաստրի կոմիտեն իրականացրել և իրականացնում է Հայաստանի բնակավայրերի օդային նկարներ, որով կունենանք ՀՀ-ում բոլոր շինությունների մասին տեղեկություններ։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ տեղեկացրեց, որ դաշտային աշխատանքներն, ըստ էության, ավարտված են։

«Այս պահին տվյալների մշակման փուլում ենք։ Կարող ենք ֆիքսել, որ 2021 թ.-ին ողջ Հանրապետության տարածքը նկարահանված է։ Մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ը կառուցված բոլոր շինություններն առկա են օդային նկարների վրա, իսկ 2021-ին կառուցված իքննակամ շինությունները պետք է ներկայանան հաշվառման։ Հնարավորություն կտրվի միայն այն ապօրինի շինություններին, որոնք կատարվել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, օրենքն ուժի մեջ կմտնի այն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում»։

Վարչապետն էլ ասաց, որ համաձայն չէ նման մոտեցմանը:

«Դուք մոռացե՞լ եք ընտրությունների գիշերը ինչ էր տեղի ունեցել Երևանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսում խանութ էին սարքել: Հետո ինչքան ջանք պահանջվեց ինձնից, քաղաքապետարանից, ոստիկանության, մյուս տեսչական մարմիններից, որ ուժային ձևով կանխենք: Չէ, այդպես չի լինի: Պետք է հետին ամսաթիվ ֆիքսել, որպեսզի մարդկանց մոտիվացիա չտանք։ Ձեր հայտարարությունից հետո մի քիչ էլ լոբբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգձգվի, կդիմեն Սահմանադրական դատարան, մի 3 ամիս էլ էդտեղ կգնա, Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն։ Եթե էս պահի դրությամբ արդեն լուսանկարած ունենք, պետք է այլ մեխանիզմ ներդնել։ Մեր քննարկումով խթանում ենք, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Սենց թե նենց կանեն»,- նշեց Կառավարության անդամներից մեկը։

«Ոնց սենց թե նենց կանեն։ Մենք հիմա, իբր, պայքարում ենք ապօրինի շինարարությունների դեմ, բայց ձեզ երաշխավորում եմ, որ ձեր նշած 3 ամսվա ընթացում աննախադեպ ծավալի ապօրինի շինարարություններ կսկսվեն»,- ասաց Փաշինյանը։

Արդարադատության նախարարն էլ հայտնեց՝ եթե առաջիկա օրերին քաղաքական մեծամասնության աջակցությամբ օրենքի նախագիծը հասցնեն Ազգային ժողով, օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է խնդրել ԱԺ արտահերթ նիստ հրավիրել և ընդունել օրենքը, ինչպես նաև հարցի կարգավորման օպերատիվ շտաբ ձևավորվել, որպեսզի նոր ապօրինի շինություններ չկառուցվեն։

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter