HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն այլ հանցավոր արարքների համար

Նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու և կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր արարքների կատարման համար։

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ «Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ. Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:    

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Լուսանկարը՝ police.am-ի

Մեկնաբանություններ (2)

Serop
Absolutely nothing shocks me when it comes to past & present leaders of Armenia, no wonder the diaspora has lost total trust and confidence in the ability of the past and present leaders to ever act honestly, I donated $25,000 over 3 months and I will never donate again to any fund associated with our political parties including the Hayastan fund, $100 Million simply taken by the government, no wonder they started paying themselves bonuses.. I donate now directly to the most effected with help of trusted friends and family, the money always gets to the people that need it most, not these vile thugs.
mihran robert mahmouzian
take every thing and send all the family in a smal vilage on the border

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter