HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունն ալմաստի ձեռքբերման նպատակով ընկերություն կհիմնադրի

Կառավարությունը կհիմնադրի ալմաստի ձեռքբերման միջնորդ ընկերություն՝ «Հայ-Ալմաստ» ՓԲԸ։ Որոշումն ընդունվեց Կառավարության դեկտեմբերի 9-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանում ադամանդագործության զարգացումը մշտապես պայմանավորվել է ալմաստի հումքի աշխարհում թիվ մեկ արդյունահանող՝ ՌԴ «Ալռոսա» ընկերության հետ արդյունավետ համագործակցությամբ։

Ըստ գործադիրի՝ վերջին 10 տարում ռուսական «Ալռոսա» ընկերությունը ալմաստի հումքը վաճառում է բացառապես խոշոր ընկերություններին՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա։ Այդ իսկ պատճառով հայկական ընկերությունները զրկված են «Ալռոսա» ընկերությունից արդյունավետ հումք ներմուծելու հնարավորությունից, քանի որ չեն համապատասխանում ընկերության սահմանած չափանիշներին։ 

«Ալռոսայի հետ երկարատև համագործակցության պայմանագիր կնքելու համար ադամանդ մշակող ընկերությունը պետք է ստանձնի յուրաքանչյուր ամիս որոշակի քանակով հումք ձեռք բերելու պարտավորություն։ Մեր ձեռնարկություններն առանձին-առանձին ի վիճակի չեն յուրաքանչյուր ամիս սահմանված քանակությամբ հումք ձեռք բերել, սակայն հայկական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկը կարող է հաղթահարել այս խոչընդոտը։

«Ալռոսա» ընկերության հետ նախնական բանակցությունների արդյունքում պարզ է դարձել, որ նրանց համար առավել ընդունելի է եղել պետական մասնակցությամբ ընկերության հետ համագործակցությունը։

Ստեղծվող ընկերության նպատակն այդ պահանջարկի ձևավորումն է և դրա բավարարումը միասնական գնման և տեղական արտադրողներին վաճառքի միջոցով, որի համար ընկերությունն իրականացնելու է ֆինանսական միջնորդության գործառույթ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 50 մլն դրամ, որը համապատասխանում է 500 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 100 000 դրամ արժողությամբ։

Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ադամանդի արտադրության ծավալները և արտահանումն առնվազն ավելացնել տարեկան միջին հաշվով 150 մլն դոլարի։ Ոլորտում զբաղվածների թիվը հնարավոր կլինի հասցնել մինչև 5000-ի, գործող խոշոր ձեռնարկությունների թիվը՝ 20-25-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter