HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց ֆեյքերից արտատպած կեղծ լուրերի համար պատասխանատվություն սահմանելու նախագիծը

Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց իշխանական պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար` կեղծ էջերից արտատպած վիրավորանք և զրպարտություն պարունակող տեղեկատվության համար:

Նախագծով առաջարկվում է օրենքում ավելացնել նոր դրույթ` չնույնականացվող աղբյուր, որը սահմանվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք, կամ համացանցային կայքի, կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ (այսուհետ՝ աղբյուր), որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կամ ակնհայտ կեղծ են, կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:

Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը:

Նախագծով առաջակվում է սահմանել ֆինանսական թափանցիկության պահանջ, այդ հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե այս նախագծով փորձ է արվում լռեցնել ազատ արտահայտվելու հնարավորությունը և խոչընդոտել լրագրողական գործունեությանը: Նա հիշեցրեց ԶԼՄ-ների առաքելության մասին` օբյեկտիվ լրատվություն հաղորդել հանրությանը:

Ըստ նախարարի` այս փոփոխությունների վերաբերյալ մտահոգվել կարող են միայն այն ԶԼՄ-ները, որոնք փորձում են ապատեղեկատվություն տարածել ու ազատվել պատասխանատվությունից:

«Ֆեյք նյուզ տարածելն ամբողջ աշխարհում անընդունելի է, և մեր օրենսդրությունը չպիտի թույլ տա, որ որևէ անհատ տարածի կեղծիք ու ասի` դե քանի որ անանուն աղբյուր է, ես ազատվում եմ պատասխանատվությունից: Չես ուզում պատասխանատվության ենթարկվել զրպարտության համար, հղում կատարիր այն աղբյուրին, որը կարող է նույնականացվել»,-ասաց նա:

Նախարարը խոսեց նաև ֆինանսական թափանցիկության պահանջի մասին` համոզմունք հայտնելով, որ լրատվական դաշտում կոռուպցիան վտանգավոր է այնքան, որքան մնացած բոլոր կառույցներում:

«Թափանցիկությունը շատ կարևոր է, դրա համար սա մեկ քայլ է, որ բոլոր լրատվամիջոցները գործեն թափանցիկ ու հաշվետու լինեն հանրությանը»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter