
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած գերիների մի մասին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 11 գերիների մի մասին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մեղադրյալների թիվը 5 է, սակայն Քննչական կոմիտեն այս պահին դեռևս մանրամասներ չի հայտնում:
Մեղադրյալներից Ն.Ե.-ի պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալն, ով գերեվարվել է նոյեմբերի 16-ին Ջերմուկի դիրքերից ու Հայաստան վերադարձել դեկտեմբերի 4-ին, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Թե կոնկրետ ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսևորվել Ն.Ե.-ի արարքը, պաշտպանը չի մանրամասնում՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին: Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Պողոսյանի քննել է Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ու մերժել այն՝ մեղադրյալի նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:
Դատարանի մեկ այլ դատավոր քննել է մեղադրյալ Ս.Ա.-ին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ու այն բավարարել: Ս.Ա.-ին ևս մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինս մեղադրանքը չի ընդունել:
Մեկ այլ մեղադրյալի՝ Ա.Մ.-ին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դեռևս չի քննվել: Վերջինիս պաշտպան Ալեքսան Թումասյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը ևս չի ընդունում մեղադրանքը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ կողմերը կիրառում են նաև զրահատեխնիկա և հրետանի։
Ավելի ուշ, պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ: Դեկտեմբերի 4-ին 11 գերի վերադարձվեց Հայաստան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել