HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-մոլդովական ավիաընկերությունը շուտով կմեկնարկի թռիչքները. օդանավն արդեն Երեւանում է

«Fly One Armenia» հայ-մոլդովական ավիաընկերությունն իր թռիչքները մեկնարկելու է դեկտեմբերի 15-ից: Այս մասին տեղեկանում ենք ch-aviation.com կայքից:

Այս տարվա մարտին հիմնադրված ընկերությունը, որը օդանավ շահագործողի վկայական է ստացել հոկտեմբերին, նախատեսում է շահագործել Երեւանից դեպի Մոսկվա («Վնուկովո»), Կրասնոդար, Թեհրան («Իմամ Խոմեյնի»), Լիոն, Թել Ավիվ, Թբիլիսի, Քութայիս, Ստամբուլ ուղղությունները, որոնց տոմսերի վաճառքն արդեն սկսել է: Դեպի Մոսկվա օրական 2 չվերթ կիրականացվի, դեպի Ստամբուլ՝ շաբաթական 3 անգամ, իսկ մյուս ուղղություններով՝ շաբաթական 2 անգամ:

Նախորդ հոդվածում գրել էինք, որ քանի որ հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը Եվրամիության, Թուրքիայի ու Իսրայելի երկինք առժամանակ փակ է, հայկական նոր օպերատորը դեպի Լիոն, Ստամբուլ ու Թել Ավիվ կարող է թռիչքներ կատարել մոլդովական մայր ընկերությունից՝ «Fly One»-ից, «թաց վարձակալությամբ» ինքնաթիռներ վերցնելով:

Հիշեցնենք, որ «Fly One Armenia»-ի 54 %-ը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին, սակայն թղթի վրա հանդես են գալիս Սուքիասյաններին փոխկապակցված անձինք, իսկ մնացած 46 %-ի տերը մոլդովական «Fly One» ավիաընկերությունն է, որը պատկանում է այդ երկրի 2 նախկին պաշտոնյաների ընտանիքների։ Պաշտոնյաներից մեկը Վլադիմիր Չեբոտարն է, որը նախկինում ղեկավարել է Մոլդովայի քաղավիացիայի ոլորտը, ապա եղել է այդ երկրի տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցվածքների փոխնախարար, իսկ հետո՝ արդարադատության նախարար: Նա նաեւ մոլդովական «Fly One»-ի նախագահն է, իսկ երկրորդ պաշտոնյան Միրչա Մալեկան է, որը նույնպես եղել է մոլդովական քաղավիացիայի ղեկավար: Թե՛ Չեբոտարը, թե՛ Մալեկան նախկինում աշխատել են Մոլդովայի ազգային ավիափոխադրող «Air Moldova»-ում, որի մրցակիցն է այսօր «Fly One»-ը: Մ. Մալեկան նաեւ «Fly One Armenia»-ի գլխավոր տնօրենն է:

Եվ այսպես Վլադիմիր Չեբոտարը ch-aviation.com-ին տեղեկացրել է, որ «Fly One Armenia»-ն մոլդովական մայր ընկերությունից վերցրած «Airbus A320» ինքնաթիռով է սկսելու թռիչքային գործունեությունը, իսկ հետո նախատեսում է ավելացնել 2 հատ «Airbus A321», որոնցից մեկը՝ սկզբնական շրջանում, իսկ մյուսը՝ 2022 թ. ամառային (մարտ-հոկտեմբեր) աերոնավիգացիոն սեզոնին: Չեբոտարը նաեւ նշել է, որ մոլդովական կողմը բանակցություններ է վարել 3 հատ «Airbus A321» վարձակալելու շուրջ, ներառյալ նրանք, որոնք պետք է հատկացվեն «Fly One Armenia»-ին (թե ում հետ է բանակցել մոլդովական ավիաընկերությունը, հայտնի չէ): Ասվածից կարող ենք եզրակացնել, որ «Fly One»-ը նախատեսում է 3 նոր օդանավ ձեռք բերել, որոնցից 2-ը հետո հանձնելու է հայկական դուստր ընկերությանը:  

Մոլդովայի օդանավերի ռեգիստրում, որը վերջին անգամ թարմացվել է նոյեմբերի 9-ին, «Fly One»-ի անունով գրանցված է 5 օդանավ՝ 1 հատ «Airbus A319» եւ 4 հատ «Airbus A320»: Ինչպես տեղեկանում ենք ch-aviation.com-ից, «Fly One Armenia»-ին է հանձնվելու 2 հատ «A320» (մոլդովական գրանցումները՝ ER-00006, ER-00007):

ER-00006-ը, որը մի որոշ ժամանակ կայանված էր Մոլդովայում, այսօր առավոտյան ժամանել է Երեւան:

Սա այն ինքնաթիռն է, որը մայիսին նույնպես եկել էր Երեւան: Այն ժամանակ կարծիք էինք հայտնել, որ գուցե հենց այս բորտը գրանցվի Հայաստանում որպես «Fly One Armenia»-ի օդանավ:    

ՀՀ օդանավերի ռեգիստրի վերջին թարմացումն արվել է նոյեմբերի 5-ին, սակայն այդտեղ «Fly One Armenia»-ն իր անունով օդանավ չունի: Եթե ER-00006-ն ու ER-00007-ը շահագործվելու են «թաց վարձակալությամբ», ապա դրանք ՀՀ ռեգիստրում չեն գրանցվի, այլ կմնան մոլդովական ռեգիստրում: «Թաց վարձակալության» պարագայում ինքնաթիռը, անձնակազմը, տեխսպասարկումն ու ապահովագրությունը տրամադրում է վարձատուն (նրա, այս պարագայում՝ մոլդովական կողմի պատասխանատվության ներքո են), սակայն թռիչքներն իրականացվում են վարձակալի (հայկական ավիաընկերության) անվան ներքո:

ER-00006-ի վրա ավելացվել է «Armenia» գրությունը, եւ շուտով այն կներգրավվի Երեւանից մեկնարկող թռիչքների իրականացմանը, իսկ ER-00007-ը դեռ շահագործվում է մոլդովական ավիաընկերության կողմից: Նկատենք, որ այս 2 օդանավերը արտադրվել են 2011 թ. եւ «Fly One»-ի ավիապարկ են մտել այս տարվա մայիսին ու հուլիսին: Ըստ planespotters.net-ի՝ երկուսի սեփականատերն էլ իռլանդական «Avolon» լիզինգատու ընկերությունն է:

Ինչ վերաբերում է «Fly One Armenia»-ին, ապա վերջինս IATA-ից եւ ICAO-ից ստացել է 3F եւ FIE կոդերը, որոնք հնարավորություն են տալիս միջազգային ավիափոխադրումներ կատարել (մոլդովական «Fly One»-ի կոդերն են՝ 5F եւ FIA):

Գլխավոր լուսանկարում՝ ER-00006-ը՝ իտալական Վերոնայում, 14.10.2021, հեղ.՝ Էնիո Վարանի, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter