HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մագնուս Կառլսենը պաշտպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը առնվազն մինչև 2023 թվականը կշարունակի հանդիսանալ աշխարհի չեմպիոն։ Դուբայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղերում Կառլսենը ոչ մի շանս չտվեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչուն։

Մրցախաղը բաղկացած էր 14 պարտիայից։ Կառլսենի և Նեպոմնյաշչու միջև պայքարը մեկնարկեց նոյեմբերի 26-ին։ Առաջին հինգ պարտիաների ընթացքում գորսմայստերները ոչ-ոքիներ գրանցեցին, սակայն դեկտեմբերի 3-ին կայացած 6-րդ պարտիայում առավելության նժարը թեքվեց նորվեգաcու կողմը։ 7 ժամ 47 րոպե տևած պարտիայում Կառլսենը կարողացավ կոտրել Նեպոմնյաշչու դիմադրությունը և հաղթանակ տանել։ 

Պարտիայի ընթացքում արված քայլերի քանակով այդ պարտիան նաև պատմական նոր ռեկորդ սահմանեց աշխարհի առաջնություններում։ Նեպոմնյաշչին հանձնվեց Կառլսենի կողմից կատարված 136-րդ քայլից հետո։ Նախորդ ռեկորդը սաhմանվել էր 1978 թվականին՝ Անատոլի Կարպովի և Վիկտոր Կորչնոյի միջև եղած պարտիայում, որտեղ խաղարկվել էր 124 քայլ։

Մագնուս Կառլսենի և Յան Նեպոմնյաշչու միջև 7-րդ պարտիայում ևս ոչ-ոքի գրանցվեց, սակայն արդեն 8-րդ և 9-րդ պարտիաներում նորվեգացին երկու անընդմեջ հաղթանակ տարավ, և Նեպոմնյաշչու նկատմամբ միավորների առավելությունը հասցրեց 3-ի` գործնականում զրոյի հավասարեցնելով ռուս շախմատիստի շանսերը։ Հաջորդ՝ 10-րդ տուրում ոչ-ոքի գրանցվեց, իսկ այսօր կայացած 11-րդ պարտիայում Մագնուս Կառլսենը սևերով պարտության մատնեց Նեպոմնյաշչուն և վաղաժամ ճանաչվեց ամբողջ մրցախաղի հաղթող։ 12-րդ, 13-րդ և 14-րդ տուրերն այլևս չեն կայանալու, քանի որ նույնիսկ բոլոր պարտիաներում հաղթելու դեպքում Նեպոմնյաշչին մեկ միավորով կզիջի Կառլսենին։ 

Այսպիսով, դիմակայությունն ավարտվեց՝ 7,5։3,5 հաշվով և 31-ամյա Կառլսենը իր կարիերայի ընթացքում չորրորդ անգամ կարողացավ պաշտպանել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը շախմատի աշխարհի չեմպիոնն է 2013 թվականից, երբ կարողացավ գահընկեց անել այդ ժամանակվա չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին։

2014թ․ Անանդը հաղթեց հավակնորդների մրցաշարում և նույն տարում հնարավորություն ստացավ վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, սակայն Սոչիում տեղի ունեցած մրցախաղերում Կառլսենը առավելության հասավ 6,5։4,5 հաշվով։

2016թ․ Կառլսենին ձեռնոց նետեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը։ Նյու Յորքում տեղի ունեցած մրցախաղում դասական շախմատի 12 պարտիաներից հետո հավասարություն էր՝ 6։6, սակայն թայ-բրեյքում Մագնուսը հաղթեց 3։1 հաշվով և պաշտանեց տիտղոսը։

2018-ին Լոնդոնում հերթը ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայինն էր։ Այստեղ ևս Կառլսենի գործերը հեշտ չընթացան, կրկնվեց 2016-ի սցենարը՝ դասական 12 պարտիաներից հետո գրանցվեց 6։6 հաշիվը, և միայն թայ-բրեյքում նորվեգացի շախմատիստը կարողացավ առավելության հասնել 3։0 հաշվով։

Ի տարբերություն նախորդ տարիների մրցախաղերի, 2021թ․ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը բաղկացած էր 14 պարտիայից, նախկին՝ 12-ի փոխարեն, սակայն ինչպես տեսանք, այն ժամկետից շուտ ավարտվեց՝ Մագնուս Կառլսենի հերթական հաղթանակով։

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հաջորդ մրցախաղը տեղի կունենա 2023 թվականին։ Կառլսենի հաջորդ մրցակիցը կլինի 2022թ․ կայանալիք հավակնորդների մրցաշարի հաղթողը։ Մրցաշարի 8 մասնակիցներից 6-ն արդեն հայտնի են։ 

Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն՝ Յան Նեպոմնյաշչին՝ որպես նախորդ հավակնորդ, ՖԻԴԵ-ի կողմից առաջադրված՝ ադրբեջանցի գրոսմայստեր Թեյմուր Ռաջաբովը, 2021թ․ աշխարհի գավաթի հաղթող, լեհ Յան Քշիշտոֆ Դուդան, աշխարհի գավաթի երկրորդ մրցանակակիր, ռուս Սերգեյ Կարյակինը, ՖԻԴԵ-ի «Գրան Սվիս-2021» մրցաշարի հաղթող, Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջան և նույն մրցաշարի երկրորդ մրցանակակիր, ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան։ Հավակնորդների մրցաշարի վերջին երկու մասնակիցները կլինեն ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում առաջին երկու տեղերը զբաղեցրած շախմատիստները։

Լուսանկարները՝ մրցաշարի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter