HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Երբ հնարավորություն էղնի մեր հողերը հետ բերելու, ես հաստատ հետ բերողների շարքերում կեղնիմ». 44-օրյա պատերազմի մասնակից Արա Առաքելյան

Գյումրեցի Արա Առաքելյանը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Նա 3 ամիս ծառայել էր Արմավիրում, որից հետո տեղափոխվել էր Արցախ՝ Մարտունի 2 զորամաս:

«Սեպտեմբերի 27-ին՝ առավոտ 07։15-ին, Մարտունի ռմբակոծություն եղավ, եկան մեզի տագնապ տվեցին, գնացինք տեխնիկաները դասավորեցինք ու արագ ելանք պոստեր»,- ասում է Արա Առաքելյանը, որ եղել է ՄՏԼԲ (բազմանպատակային զրահափոխադրիչ-քարշակ) զրահատեխնիկայի հրամանատար։ Նրա տեխնիկային կցված է եղել ԱԹՍ-ներ խոցելու համար նախատեսված «Զաստավա Մ55» զենքը։

Հենց դիրքեր գնալու ճանապարհին է Արան զգացել, թե ինչ է պատերազմը, երբ աչքի առաջ թշնամին խոցել է տանկերից մեկը։ «Ես կյանքիս մեջ ըդպես բան չէի տեսե, տագնապ էին տվե, խառն էինք, բայց էլի չէի հասկնա՝ ինչ կկատարվի, մինչև էն պահը, երբ աչքիս առաջ տանկը տրաքավ»,- ասում է նա։

Մոտ մեկ շաբաթ Մարտունու դիրքերում մնալուց հետո հրաման են ստացել գնալ Հադրութի ու Ջրականի դիրքեր: Այդ վայրերում թեժ մարտական գործողություններն են ծավալվել։

«3 տեխնիկան տարան Հադրութ, 3-ը՝ Ջաբրայիլ, ես Ջաբրայիլ գնացողների հետ էի։ Տեխնիկայի մեջ 3 հոգի էինք՝ ես հրամանատարն էի, վարորդ կար ու նշանառու»,- ասում է նա։

Ջրական հասնելուց մի քանի օր անց՝ հոկտեմբերի 7-ին, Արաքս գետի ուղղությամբ մարտական առաջադրանք են ստանում։

«9-րդ կիլոմետր անունով խաչմերուկ կա, սաղ տեխնիկաները հավաքել էին ընդեղ, որ էրթանք էդ գործողությունն էնելու, բայց սկսեցին տեխնիկաները տրաքցնել, հետո բարձր պաշտոնյա եկավ, ըսեց՝ չենք էնե էս գործողությունը, շուտ տեխնիկաները հանեք ստեղից»,- պատմում է Արան։

Դրանից հետո վերադառնում են Ջրականի իրենց դիրքեր, որտեղ հոկտեմբերի 9-ին ընկնում են շրջափակման մեջ։ 

«Անորոշ վիճակ էր, մեր կողքը հետևակային զորքերն էին, կտեսնեի, որ դիրքերից կիջնեին, գնացի հարցրի՝ ի՞նչ կկատարվի, ըսեցին՝ տեղյակ չենք, գնացի իրանց հրամանատարին հարցրի, ըսեց՝ նահանջ կենենք։ Մենք ընդեղ մնացինք մենակ՝ 3 ՄՏԼԲ-ներով։ Հրամանատարիս կապ տվեցի, պատմեցի, թե ինչ կկատարվի, ըսեց՝ սպասեք։ Կսպասեինք, բայց չիդեմ, թե ինչին, երևի Աստծո պատասխանին․․․»,- պատմում է Արան։

Տեխնիկաներն իրարից 30-50 մետր հեռավարության վրա կողք-կողքի տեղակայված են եղել։ Արայի տեխնիկան վերջինն է եղել, հրամանատար Վովա Սահակյանինը՝ առաջինը։ Մինչև հրամանատարը կհասներ նրանց, անցել է մոտ 5 րոպե։ Այդ 5 րոպեն սպասելը մի ամբողջ կյանք է թվացել Արային։ Հասնելով զինվորներին՝ հրամանատարը բոլորին երկուական նռնակ է տվել՝ ասելով՝ «Դրանցից մեկը ձեզ համար է»։ Արան ականջներում դաջված խոսքերը կրկնում է երկրորդ անգամ՝ կարծես փորձելով արտասանել հենց այնպես, ինչպես ասել էր հրամանատարը՝ «Դրանցից մեկը ձեզ համար է»․․․։

Վերադառնալով իր տեխնիկայի մոտ՝ հրամանատարը բարձրանում է բլրի վրա, հեռադիտակով տեսնում է, որ թշնամու ստորաբաժանումները դիմացի սարից իջնում են ներքև։ Այդ ընթացքում թիկունքից, Արայի ասելով, իրենց ուղղությամբ սկսում է աշխատել նաև թշնամու հրետանին։ 

«Սկզբում կմտածեինք, թե մերոնք են, թիկունքից կպաշտպանեն, բայց պարզվավ՝ թշնամին է։ Էդ ժամանակ հասկցանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»,- պատմում է Արան։

Հրամանատարն իջնում է բլրից ու դուրս գալու համար նեղ ճանապարհ գծում՝ ասելով՝ «ուղիղ կգնաք, հանկարծ չշեղվեք էս ճամփից»։ Արդյունքում՝ հաջողվում է շրջափակումից իրենց տեխնիկաներով դուրս գալ։

Ջրականից հրաշքով դուրս գալուց հետո գնացել են Մարտունի, որտեղ 2-3 օր մնալուց հետո տեղափոխվել են Հադրութ, սակայն Հադրութի ճանապարհին՝ Ֆիզուլիում, իրենց առջևից գնացող տանկը խոցել է թշնամին։ Հրամանատարի՝ ժամանակին տրված հրամանը, որ արագ դուրս գան տեխնիկայից, փրկել է նրանց կյանքը։

Այդ օրը Արայի տեխնիկան ևս խոցում է թշնամին, ու մինչև պատերազմի ավարտը նա կռվում է որպես հետևակ: 

Ֆիզուլիում տեղի ունեցածից հետո վերադառնում են Մարտունիի իրենց դիրքեր, որտեղ  4-5 օր են հասցնում մնալ, երբ հրամանատարը կրկին Ֆիզուլի տեղափոխվելու հրաման է տալիս՝ այս անգամ հետևակի կարգավիճակով։ Արան արդեն հստակ չի հիշում՝ հոկտեմբերի որ օրն էր, երբ գնացին Ֆիզուլի։ Այդ օրը գիշերվա ժամը 4-ին տեղի ունեցած հարձակումից ու թեժ մարտից հետո հրամանատար Վովա Սահակյանը, համոզված լինելով, որ զինվորները ողջ դուրս չեն գա, հրամայել է կրկին վերադառնալ Մարտունի։ Տղաները, որ եղել են 10-11 հոգի, չեն ցանկացել մենակ թողնել հրամանատարին, բայց վերջինս ասել է՝ սա հրաման է և չի քննարկվում։

Արան ասում է՝ իրենց գնալուց հետո Վովա Սահակյանը Ֆիզուլիում ծանր վիրավորում է ստացել, բարեբախտաբար ողջ է մնացել։

«Գլխից է վիրավորում ստացե ինքը, մենք մե քանի օր կզանգեինք, տեղեկություն չկար, հետո իմացանք, որ ծանր վիրավոր է։ Բայց, փառք Աստծո, հմի վերականգնման փուլի մեջ է։ Միշտ կապի մեջ եմ իրա հետ»,- նշում է նա։

Պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին, Արան Մարտունու դիրքերից մեկում է եղել։ 

«Ամեն ինչ էնքան խառն էր, որ խրամատներ կփորեինք ու ցանկացած սար էլ կրնայինք դիրք դարձնեինք։ Մեր էդ տեղից պարզ կերևար Մարտունի քաղաքը»,- ասում  է Արան։

Այդ ընթացքում խոսակցություններ են պտտվել, թե հրադադար է։ Սկզբում չեն հավատացել, քանի որ մի քանի անգամ էլ էին նման խոսակցություններ եղել, բայց պատերազմը շարունակվել էր։ Ասում է՝ հենց այդ գիշեր թշնամին էլի առաջ գալու փորձ է արել․ «Մե պահըմ հանգիստ էր, սկսել էինք հավատալ, բայց էլի առաջ եկան գիշերը, ըդտեղ բոյ գնաց նորից, չթողեցինք, որ առաջ գան։ Երևի դիակները տանելու համար էին եկե, չիդեմ, բայց մենք մտածեցինք, թե պատերազմը կշարունակվի»։

Նոյեմբերի 10-ի առավոտյան պաշտոնապես հայտնել են, որ հրադադար է և նրանց իջեցրել են դիրքերից։ «էդ ժամանակ շատ ուրախ էինք, որ ավարտվեց»,-ասում է Արան ու հավելում, որ այդ պահին ափսոսացել է տղաների զոհվելու համար ու մտածել, որ եթե տարբերակ կար հողերը տալու առանց զինվորների կյանքի, պետք է տային։ Բայց հիմա այդպես չի մտածում, հայրենիքը թանկ է իր համար։

Այժմ Արան ծառայությունը շարունակում է Վարդենիսում, հաշված օրեր են մնացել զորացրվելուն։ Զորակոչվելուց առաջ ընդունվել էր Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի «Դերասանական արվեստ» բաժինը։ Ասում է՝ միանշանակ շարունակելու է ուսումը, դառնալու է դերասան։ Թե ինչքանով և ինչպես կազդի պատերազմը իր հետագա կերպարների կերտման վրա, դեռ չի պատկերացնում, բայց համոզված է՝ մեծ ազդեցություն կթողնի։

«Պատերազմը ամեն ինչ փոխեց, ընձի փոխեց, ես հմի մարդկանց կեղծն ու ճիշտը էնքան լավ կհասկնամ, որովհետև երբ կյանքի ու մահվան շեմին տեսա, թե ինչխ կպահեն իրանց մարդիկ, ըդիկ ընձի շատ բան սորվցրեց: Ես էս հողի վրա բդի ապրիմ, ուրդեղ իմ ընկերներիս արյունն է թափե։ Ու երբ հնարավորություն էղնի մեր հողերը հետ բերելու, ես հաստատ հետ բերողների շարքերում կեղնիմ»,- ասում է Արան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter