HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ յոթնյակի երկրները Ռուսաստանին կոչ են անում բանակցել Ուկրաինայի հետ

Մեծ յոթնյակի (G7) անդամ երկրները Ռուսաստանին և Ուկրաինային կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղան՝ երկու երկրների միջև առկա հակամարտության կարգավորման համար։ Գերմանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Անալենա Բերբոկը, Լիվերպուլում Մեծ յոթնյակի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո, լրագրողներին հայտարարել է, որ չնայած լարված իրավիճակին, անհրաժեշտ է անել բոլոր հնարավորը, որպեսզի վերսկսվի երկխոսությունը։  

Բերբոկը, մասնավորապես, նշել է «նորմանդական ֆորմատով» հանդիպման հնարավորությունը, որին մասնակցում են Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան։ «Այս հանդիպման հրավերն արդեն մի քանի շաբաթ, մի քանի ամիս սեղանի վրա է»,- նշել է նա։ Ըստ Բերբոկի՝ փոխգործակցության ևս մեկ ալիք կարող է դառնալ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը։ Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերով՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ռուս-ուկրաինական սահմանին առկա լարվածության նվազմանը։ 

Ընդորում, Բերբոկի պնդմամբ, Մեծ յոթնյակի երկրները համակարծիք են, որ «Եվրոպայում չի կարող լինել սահմանների փոփոխություն»։ «G7-ի բոլոր անդամները հավատարիմ են հստակ ընդհանուր դիրքորոշման, համաձայն որի այդ գծի հատումը կարող է ունենալ քաղաքական և տնտեսական մեծ հետևանքներ»,- հավելել է նա։ 

Այս տարվա վերջին Գերմանիան կստանձնի Մեծ յոթնյակի նախագահությունը, որի կազմում են նաև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան։ Բերբոկը, որի համար այս գագաթնաժողովն առաջինն է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնում, ընդգծել է, որ G7-ը հանդիսանում է «տնտեսական տեսանկյունից ամենաուժեղ ժողովրդավարական պետությունների» խումբ, որոնք ոչ մեկի դեմ չեն աշխատում և հանդես չեն գալիս։ Նրա խոսքերով՝ այդ համագործակցության հիմքում համաշխարհային տնտեսության ընդհանուր ընկալումն է, որը հիմնվում է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։ 

Վերջին շրջանում լարված է իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին։ Ուկրաինական և ամերիկյան հետախուզությունները պնդում են, որ Ռուսաստանը զորքեր է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանին և 2022 թվականի սկզբին նախատեսում ներխուժել այդ երկրի տարածք։ Ամերիկյան կողմի հետախուզական տվյալների համաձայն՝ ռազմագործողությանը պետք է մասնակցի մինչև 175 հազար ռուսաստանցի զինծառայող, ընդորում նրանց գրեթե կեսը, իբր, արդեն իսկ տեղակայվել են Ուկրաինայի սահմանների մոտ։ Հետախուզական ծառայությունները պարզել են, որ ռուսական կողմը նախատեսում է առաջնագիծ ուղարկել նաև զրահատեխնիկա, հրետանի, ինչպես նաև շուրջ 100 գումարտակ։ 

Ռուսական կողմը հերքում է Ուկրաինա հնարավոր ներխուժման մասին լուրերը։ Դեռ մի քանի շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ագրեսոր պետություն չէ և նման մտադրություն չունի՝ հավելելով, որ իր ինքնիշխան տարածքում Դաշնությունը կարող է իրականացնել զորքերի ցանկացած տեղաշարժ։

Այս ֆոնին դեկտեմբերի 7-ին տեսակապով բանակցություններ էին վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բայդենը Պուտինին զգուշացրել է ռուս-ուկրաինական ճգնաժամի ռազմական էսկալացիայի պարագայում «տնտեսական և այլ վճռական միջոցների մասին»։ ԱՄՆ նախագահը մտահոգություն էր հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի թվի ավելացման մասով, կոչ արել թուլացնել սրումն ու վերադառնալ դիվանագիտական բանակցություննրի։

Իր հերթին, Պուտինը ՆԱՏՕ-ին մեղադրել էր «ուկրաինական տարածքի յուրացման մեջ» և պահանջել «վստահելի, իրավական ամրագրում ունեցող երաշխիքներ», որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք։ 

Բայդենը, Պուտինի հետ բանակցություններից առաջ հայտարարել էր պատժամիջոցների հնարավոր փաթեթի մասին, որը կարող է կիրառվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման պարագայում։ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համաձայնեցնում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթ, որը սակայն որոշված չէ, թե երբ և ինչ պայմաններում կկիրառվի։ Հնարավոր պատժամիջոցների թվում են միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը, ռուբլու այլ արժույթներով փոխարկման սահմանափակումները:

Լուսանկարը՝ G7-ի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter