HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի հետ հնարավոր պատերազմից մինչև ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնում. ինչ են քննարկել Բայդենն ու Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակապով բանակցություններ են վարել։ Այն տևել է մոտ երկու ժամ։ Պուտինը գտնվում էր Սոչիի իր նստավայրում, իսկ Բայդենը՝ Սպիտակ տանը` Վաշինգտոնում։ Երկու երկրի առաջնորդների շփման համար գործարկվել էր տեսակապի փակ հնարավորություն, որն ավելի վաղ չէր կիրառվել։ Լրագրողների համար այն փակ է եղել։

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը Պուտինին զգուշացրել է ռուս-ուկրաինական ճգնաժամի ռազմական էսկալացիայի պարագայում «տնտեսական և այլ վճռական միջոցների մասին»։ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի թվի ավելացման մասով, կոչ արել թուլացնել սրումն ու վերադառնալ դիվանագիտական բանակցություննրի։ Պուտինն ու Բայդենը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, կիբերանվտանգության հարցեր, ինչպես նաև միջազգային մի քանի խնդիրներ, այդ թվում՝ Իրանը։ 

Կրեմլը հաստատել է, որ երկու երկրի նախագահները հիմնականում խոսել են Ուկրաինայի մասին։ Պուտինը «կոնկրետ օրինակներով ցույց է տվել Կիևի ապակառուցողական գիծը», որը, նրա խոսքերով, ուղղված է Դոնբասի շուրջ պայմանավորվածությունների տապալմանը, ու մտահոգություն հայտնել տարածաշրջանում «Կիևի սադրիչ գործողությունների շուրջ»։ Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Բայդենը շեշտադրումը դրել է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի, իբր, սպառնալից տեղաշարժի վրա և զգուշացրել պատժամիջոցների մասին»։

Պուտինը հայտարարել է, որ հենց ՆԱՏՕ-ն է «ձեռնարկում վտանգավոր փորձեր յուրացնելու ուկրաինական տարածքը և Ռուսաստանի սահմանների մոտ մեծացնում ռազմական ներուժը»։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է «վստահելի, իրավական ամրագրում ունեցող երաշխիքների» ստացման հարցում, որոնք բացառում են դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Բայդենը Պուտինին հայտարարել է, որ դաշնակիցների հետ կքննարկի դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունները։

Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինն ու Բայդենը խոսել են նաև Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին։ Կողմերը համաձայնվել են, որ դրանք գտնվում են ոչ բավարար վիճակում։ Պուտինը դա անվանել է ամերիկյան իշխանությունների գործողությունների հետևանք, որոնք սահմանափակումներ են մտցրել ԱՄՆ ժամանող ռուսաստանցի դիվանագետների համար, ինչին Ռուսաստանը հայելային է արձագանքել։ Ռուսաստանի նախագահն առաջարկել է զրոյացնել դիվանագիտական առաքելություննների նկատմամբ սահմանված բոլոր սահմանափակումները։

Հիշեցնենք, որ Բայդեն-Պուտին բանակցություններն ընթանում էին ամերիկյան և ուկրաինական հետախուզական մարմինների այն հայտարարությունների ֆոնին, համաձայն որի՝ Ռուսաստանը նախատեսում է ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանը հերքում է այդ լուրերը։ Ամերիկյան և եվրոպական լրատվամիջոցների աղբյուրների խոսքերով՝ ներխուժումը կարող է լինել 2022 թվականի սկզբին, որին կարող է մասնակցել առնվազն 100 000 ռուս զինվորական։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «ռուսական տարածքում ռուսական զինված ուժերն ինքնիշխան պետության օրինական իրավունքն են»։ «Ելնելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործողություններից՝ ամերիկյան մամուլը պետք է մտահոգված լինի ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններից»,- հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Բայդենը, Պուտինի հետ բանակցություններից առաջ հայտարարել էր պատժամիջոցների հնարավոր փաթեթի մասին, որը կարող է կիրառվել Ռուսաստանի կողմից Ուկրաինա հնարավոր ներխուժման պարագայում։ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն համաձայնեցնում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթ, որը սակայն որոշված չէ, թե երբ և ինչ պայմաններում կկիրառվի։ Հնարավոր պատժամիջոցների թվում են միջբանկային փոխանցումների SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը, ռուբլու այլ արժույթներով փոխարկման սահմանափակումները։ 

Բանակցություններից ոչ շատ առաջ էլ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին հաջողվել է Արևմուտքում ստեղծել «հայտնի լարվածություն»։ Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ այն պետք է պահպանվի հնարավորինս երկար։ Միաժամանակ Պուտինը դժգոհել էր, որ Արևմուտքն այդքան լուրջ չի համարում Ռուսաստանի զգուշացումները «կարմիր գծերի» վերաբերյալ և իրավիճակը լարում՝ Կիևին զենք մատակարարելով։

Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո նրանք Պուտինի հետ շփվել են 5 անգամ։ Բացի այս բանակցություններից, երկու երկրի առաջնորդներն ունեցել են երեք հեռախոսազրույց և մեկ դեմ առ դեմ հանդիպում։ Այն կայացել էր 2021 թվականի հունիսին Շվեյցարիայում։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter