HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցն ընդդիմության օրակարգում է

Խորհրդարանական երկրորդ՝ «Հայաստան» խմբակցությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ է հեղինակել: Այս մասին խոհրդարանական ճեպազրույցներին հայտնեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ նախագծի վերաբեյալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է նաև հենց ինքը Սիմոնյանը՝ գրելով, որ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ստացել է նախագիծ, որով պահանջում են իր հրաժարականը: Վերջինս ընդդիմության այդ քայլը քաղաքական ապիկարության գագաթնակետ էր որակել:

«Նախագծի վերաբերյալ ցավոտ արձագանքների ականատես եղանք: Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ ԱԺ նախագահի ընտրություններ էին, մենք առաջադրել էինք մեր երկու գործընկերոջը՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին: Եւ դեռևս այն ժամանակ ասել ենք, որ այն, ինչ կատարվում է՝ առանց մեր գործընկերների մասնակցության քվեարկությունն, ապօրինի է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն քննել է իրենց դիմումը և արձանագրել, որ պատգամավորներն ապօրինի են գտնվում կալանքի տակ և հնարավորություն չեն ունեցել պատգամավորական գործունեությամբ զբաղվելու:

Ըստ Մինասյանի՝ խորհրդարանը գործ ունի այնպիսի ԱԺ նախագահի հետ, որը միջազգային հարթակում կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում արտաքին քաղաքականության համար:

«Կատարում է հայտարարություններ գերիների, անհետ կորածների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնելը, դրանք Հայաստանի պաշտպանունակությունը թուլացնող հայտարարություններ են: Չի բացառվում նաև, որ սա նաև կազմակերպված բնույթ է կրում ամենաբարձր ղեկավարության կողմից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը գործ ունի մի անձի հետ, որը խորհրդարանում կարգուկանոնը չի կարևորում:

«Այս առաջարկը կրում է իրավաքաղաքական գնահատականի բնույթ, սրանով մեր դաշինքն իր վերաբերմունքն է ցուցաբերում ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցող անձի նկատմամբ»,- ասաց նա:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի պաշտոնանկությունը պահանջող նախագծին: Հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով, որ խմբակցությունը միասնական է:

«Այս իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը մենք համարում ենք օրակարգային և հրատապ, և եթե առաջիկայում նման նախաձեռնություն լինի կմիանանք»,- ասաց նա:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց՝ իշխանությունը միասնական է ԱԺ նախագահին աջակցելու հարցում: Նա ընդդիմության այդ քայլը էժան քաղաքական դիվիդենտ որակեց:

Իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, թե կարևոր նախագծերի փոխարեն ընդդիմությունը շոուներ բեմադրելով է զբաղված: Նա դատապարտեց «Հայաստան» խմբակցության որոշոմը՝ դուրս գալ միջազգային բոլոր պատվիրակությունների կազմից՝ ասելով, թե այնտեղ կարող էին գերիների հարց բարձրացնել: Ըստ նրա՝ գերիների հարցը «Հայաստան» դաշինքի համար ներքաղաքական շահարկման հարց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter