«Ֆլայ Արնան» պետական գրանցում ստացավ. ովքե՞ր են բաժնետերերը
Դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը ներկայանալու է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով (Fly Arna – ARmenian National Airlines):
Այս նոր ավիաընկերության ստեղծման ծրագրի մասին հայտնի դարձավ այս տարվա հուլիսին, երբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ, ANIF - Armenian National Interests Fund) գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ու ու արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» բյուջետային (լոուքոսթեր) ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին համաձայնագիր ստորագրեցին: Համաձայնագրի կնքմանը ներկա էին այն ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով նաեւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն է, եւ «Air Arabia»-ի տնօրենների խորհրդի նախագահ շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ Ալ Թանին:
ԱՆԻՖ-ը նոր ավիաընկերության համար անուն առաջարկելու մրցույթ հայտարարեց, եւ սեպտեմբերին հայտարարվեց, որ այն կոչվելու է «Ֆլայ Արնա» («Fly Arna»):
Ի սկզբանե հայտնի էր, որ նորաստեղծ ընկերությունն աշխատելու է «Air Arabia»-ի բյուջետային բիզնես մոդելով, այսինքն՝ լինելու է հայկական լոուքոսթեր ավիափոխադրող (ուղեւորներին ցածր գներ առաջարկող, փոխարենը՝ ոչ ամբողջական (ավանդական) ծառայություններ մատուցող):
Հոկտեմբերին ՀՀ կառավարությունն ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալն ավելացրեց 4.733.720.000 դրամով, որը նախատեսված էր «Ֆլայ Արնայի» բաժնետոմսերի դիմաց վճարելու համար: Ինչպես տեղեկանում ենք պետռեգիստրից, դեկտեմբերի 10-ին գրանցված «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 4.830.330.000 դրամ է: Մինչեւ վերջին պահը չէր բացահայտվում, թե տոկոսային հարաբերակցությամբ ինչպես են բաշխվելու բաժնետոմսերը հայկական ու արաբական կողմերի միջեւ: Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունն ունեն 49-ական % բաժնետոմսեր: Մնացած 2 %-ի սեփականատերն է Դուբայում գրանցված Վարուժան Աբրահամի Ներգիզյանը (Varouj(an) A. Nerguizian):
Ծնունդով հալեպցի, լիբանանահայ տնտեսագետ Ներգիզյանը 1992 թ.-ից «Bank of Sharjah»-ի գործադիր տնօրենն է եւ տնօրենների խորհրդի քարտուղարը: Ընդ որում՝ խորհրդի պատվավոր նախագահը Շարժայի էմիր շեյխ Սուլթան բին Մոհամեդ Ալ Քասիմին է: Ներգիզյանը նաեւ «Bank of Sharjah»-ի դուստր ընկերության՝ լիբանանյան «Emirates Lebanon Bank»-ի նախագահն ու գլխավոր տնօրենն է: Բացի դրանից՝ հայազգի գործարարը Իրաքյան Քրդստանում եւ Եգիպտոսում գազի հանքեր շահագործող արաբական «Dana Gas» մասնավոր ընկերության տնօրենների խորհրդի հիմնադիր անդամ է եւ Բահրեյնի «Growthgate Capital» մասնավոր ներդրումային ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ:
«Ֆլայ Արնան» գրանցված է Երեւանի Հանրապետության 37 հասցեում, որտեղ գործում է նաեւ ԱՆԻՖ-ը: Ընկերության կանոնադրության մեջ ասվում է, որ դրա կանոնադրական կապիտալի առավելագույն արժեքը 9.660.660.000 դրամ է՝ կազմված 96.606.600 հատ հասարակ բաժնետոմսերից, որոնցից յուրաքանչյուրն արժե 100 դրամ: Բայց ինչպես նշեցինք վերեւում, այս պահին ավիաընկերության կանոնադրական կապիտալը նշվածի ուղիղ կեսն է՝ 4.830.330.000 դրամ (48.303.300 բաժնետոմս): Այսինքն՝ հետագայում թողարկվելու են նոր բաժնետոմսեր, որոնք համամասնորեն պետք է բաշխվեն 3 բաժնետերերի միջեւ, ու վերջնարդյունքում «Ֆլայ Արնայի» կանոնադրական կապիտալը պիտի հասնի 9,6 մլրդ դրամի:
Կանոնադրության մեջ ասվում է նաեւ, որ ընկերության կառավարման մարմիններն են բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը եւ միանձնյա գործադիր մարմինը՝ տնօրենը: Տնօրենների խորհուրդը կազմված է 5 հոգուց, որոնք էլ ընտրում են նախագահ: Պետռեգիստրում ավիաընկերության տնօրենի մասին որեւէ տվյալ չկա, փոխարենը «գործադիր մարմնի ղեկավար» բաժնում նշված է «Air Arabia»-ն՝ որպես կառավարող կազմակերպություն: Նկատենք, որ «Air Arabia»-ի եւ «Ֆլայ Արնայի» համասեփականատեր «International Business Company (FZE)»-ի հասցեն նույնն է՝ երկուսն էլ գործում են Շարժայի օդանավակայանի ԱՏԳ-ի նույն տարածքում:
Պետական գրանցումից հետո «Ֆլայ Արնայի» հաջորդ քայլը պետք է լինի ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից օդանավ շահագործողի վկայական ստանալը, առանց որի չի կարող զբաղվել կոմերցիոն ավիափոխադրումներով: «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ ՕՇՎ կարող են ստանալ ՀՀ-ում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնց բաժնեմասերի առնվազն 51 %-ը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացիներին եւ (կամ) ՀՀ-ում ստեղծված իրավաբանական անձանց: Ինչպես տեսանք վերեւում, «Ֆլայ Արնայի» 49 %-ն է պատկանում ԱՆԻՖ-ին, եւս 2 %-ը Վարուժան Ներգիզյանինն է: Վերջինիս անունը ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա, ինչը նշանակում է, որ Ներգիզյանը նույնիսկ եթե ՀՀ քաղաքացի է, հայաստանյան գրանցում չունի: Այդուհանդերձ, չի բացառվում, որ նա իսկապես ՀՀ քաղաքացի է (հաշվառում չունենալու դեպքում անձի տվյալները երեւում են միայն բնակչության պետական ռեգիստրում, որը, սակայն, չի հանրայնացվում՝ ի տարբերություն ընտրողների ռեգիստրի):
Բայց եթե նույնիսկ Ներգիզյանը ՀՀ քաղաքացի չէ, այսինքն՝ «Ֆլայ Արնայի» 51 %-ը պատկանում է օտարերկրացիների, էլի հնարավոր է ՕՇՎ ստանալ: Բանն այն է, որ «Ավիացիայի մասին» օրենքը կոմիտեին թույլ է տալիս վերը նշված պայմանից բացառություն կիրառել, եթե կան հատուկ պատճառներ, եւ օդանավ շահագործողը բազավորվելու է ՀՀ-ում:
Հայտնի է, որ «Ֆլայ Արնան» բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում: Դեկտեմբերի սկզբին կայացած ասուլիսում ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը հայտնել է, որ թռիչքները կսկսեն 2022 թ. ապրիլ-մայիս ամիսներին: Նախապես ծրագրվում է 2 օդանավով շահագործել 4 ուղղություն, իսկ հետո կմեծանա թե՛ ավիապարկը, թե՛ ուղղությունների քանակը: Ըստ Փափազյանի՝ 5 տարի հետո «Ֆլայ Արնան» կունենա 15 օդանավ:
Միջազգային փոխադրումներ սկսելուց առաջ ավիաընկերությունը պետք է նաեւ IATA-ի ու ICAO-ի կոդեր ստանա:
Գլխավոր լուսանկարում՝ Դավիթ Փափազյան, Տիգրան Ավինյան, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ Ալ Թանի, Ադել Ալ Ալի
Մեկնաբանել