HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի կարգավիճակի հարցը հստակ պետք է դուրս թողնվի դեմարկացիոն գործընթացից»

«Հետքի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լեւոն Գեւորգյանը

-Պարոն Գեւորգյան, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱՊՀ ստեղծման փաստաթղթերով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Դուք շեշտեցիք, որ այդ փաստաթղթերում խոսքը տարածքային ամբողջականության սկզբունքի եւ ոչ թե ԽՍՀՄ վարչական սահմանները ճանաչելու մասին է, այսինքն՝ ՀՀ-ն չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես մատուցում է վարչապետը։ Կխնդրեմ պարզաբանել խնդրի նրբությունները, եւ թե ինչու է գլխավոր բանակցողը նման հայտարարություն արել՝ ըստ Ձեզ։

-Նախեւառաջ սխալ ընկալում կա այն մասին, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Այսինքն՝ պետության տարածքային ամբողջականությունը ճանաչելը կամ չճանաչելը դեռեւս չի նշանակում ճանաչել պետության տիտղոսն ինչ-որ տարածքի նկատմամբ: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Պետությունները չեն կարող չճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, դա ՄԱԿ-ի կանոնադրությունից է բխում: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականությունն ընդհանրապես: Դա նշանակում է, որ պետությունները մեկը մյուսի նկատմամբ պարտավորվում են ուժ չգործադրել՝ միմյանց պատկանող տարածքները նվաճելու նպատակով: Բայց դա դեռեւս չի նշանակում, որ պետությունները չեն կարող վիճարկել, թե որ տարածքն ում է պատկանում:

ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով պարզորեն գրված է կոնկրետ բան՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը, որ ՄԱԿ-ի կանոնադրությունից էլ է բխում: Բայց ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում խոսք չի գնում խորհրդային սահմանների շարունակականության մասին: Դրանք բոլորովին տարբեր բաներ են: Այսինքն՝ խորհրդային սահմանների շարունակականությունը սկզբունք չէ, որը ենթադրաբար որոշում է, թե որ տարածքն ում է պատկանում։ Տարածքային ամբողջականության սկզբունքը սկսում է գործել, երբ արդեն պարզ է, թե որ տարածքն ում է պատկանում: Այս դեպքում արդեն Ա կամ Բ պետության տարածքը պաշտպանված է մյուսների նկրտումներից տարածքային ամբողջականության սկզբունքով:

Ասել, թե պետության տարածքայինն ամբողջականությունն է ճանաչել, հետեւաբար չի կարող նրանից ինչ-որ բան պահանջել, դա մոտավորապես նույնն է, երբ մեր Քաղաքացիական օրենսգրքում սեփականության սկզբունք է արձանագրված, ու իբր դա նշանակում է, որ իմ հարեւանի տունն իմն է: Դա անհեթեթություն է․ մի բան է խոսել սեփականության իրավունքի մասին եւ ասել, որ սեփականության իրավունքն անձեռնմխելի է, բոլորովին այլ բան է ասել, թե ինչն ում է պատկանում:

-Եթե խոսում ենք սկզբունքների մասին, ապա ԱՊՀ-ի հիմնադրման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի փաստաթղթերում, Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված է ինքնորոշման անքակտելի իրավունքը, մյուս կողմից՝ փաստ է, որ Արցախն իր անկախությունը Ադրբեջանից եւ ԽՍՀՄ-ից հռչակել է դեռ մինչեւ ԱՊՀ ստեղծումը՝ պահպանելով խորհրդային օրենսդրության բոլոր նորմերը։ Համամի՞տ եք, որ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերը ոչ մի առնչություն չունեն եւ չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության հետ։

-Ոչ թե չեն կարող ունենալ, այլ պարզապես ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերն ազդեցություն չունեն արցախյան հակամարտության կարգավորման վրա: Կրկնում եմ՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում արձանագրված է, որ բոլոր պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը: Դա դեռեւս չի նշանակում, որ ԱՊՀ անդամ պետությունները հայտարարում են, թե իրենք ճանաչում են ամեն մի պետություն խորհրդային վարչական սահմանների շրջանակներում։ Այդ սահմաննները վիճարկված են բազմաթիվ վայրերում: Դե, հիմա դրա վառ օրինակը Հարավային Օսիան եւ Աբխազիան են, մյուս օրինակներն են: Այսինքն՝ բազմաթիվ են օրինակները, երբ խորհրդային սահմանները վիճարկվել են նորաստեղծ պետությունների կողմից:

ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում որեւիցե բան չկա, որ կբացառի նորաստեղծ կամ ավելի ճիշտ՝ նորանկախ պետությունների միջեւ տարածքային վեճերի հնարավորությունը: Նորանկախ, նորաստեղծ պետությունները, այո, կարող են ունենալ եւ ունեն տարածքային վեճեր: Դա նորմալ երեւույթ է:

Իսկ Արցախի հակամարտությունը, բնականաբար, մի քիչ ավելի բազմաբեւեռ է․ այստեղ կա թե՛ ինքնորոշման խնդիրը, թե՛ հարց է՝ արդյոք Արցախի տարածքի նկատմամբ Ադրբեջանն ընդհանրապես կարող է ինքն իրեն համարել խորհրդային պետություն, թե ոչ (1991-ին Ադրբեջանն իրեն հռչակել է 1918-1920 թթ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության եւ ոչ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը- խմբ․):

-Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացն ու ԼՂ հակամարտության կարգավորումը միմյանց որեւէ կերպ չեն խաչվում, այնինչ այս տարվա մայիսին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է մաս կազմեն ԼՂ հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի: Դուք կիսո՞ւմ եք Փաշինյանի մոտեցումը, թե՞ համամիտ եք տեսակետին, որ երկու հարցերի տարանջատումը վտանգներ է պարունակում արցախյան հակամարտությունում հայկական կողմի շահերն առաջ տանելու տեսանկյունից։

-Անկախ ամեն ինչից՝ եթե իրականացվում է հայ-ադրբեջանական դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց, ապա այն հստակ պետք է արձանագրի, որ որեւիցե ձեւ չի կանխորոշում կամ որոշում Արցախի տարածքի կարգավիճակը։

Արցախի կարգավիճակի հարցը կարգավորվում է բոլորովին այլ քաղաքական ֆորմատով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի լիազորությունները դելեգացվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Մինսկի խմբի լիազորությունները երբեք չի դադարեցրել: ԵԱՀԿ-ն երբեք չի հրաժարվել այդ մանդատից: Այդ պատճառով եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունենում որեւիցե դեմարկացիոն գործընթաց, Արցախի կարգավիճակի հարցը հստակ պետք է դուրս թողնվի այդ գործընթացից: Եթե դա չարվի, Ադրբեջանը պնդելու է, որ դելիմիտացիայով, ըստ էության, Արցախի կարգավիճակի հարցը նույնպես փակված է:

Լուսանկարը՝ ey.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter