HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Աշխատանքային սահմանափակումների վերացում, հարկերի վճարման հստակեցում. փոփոխություներ՝ ԵԱՏՄ մասին Պայմանագրում

ԵԱՏՄ երկրներն ստորագրել են «Երկրորդ Մեծ Արձանագրությունը», որով նախատեսվում են փոփոխություններ ԵԱՏՄ մասին Պայամանագրում։ Արձանագրությունների մասով աշխատանքները տարվել են դեռևս 2017թ-ից։

Ընդհանուր առմամբ՝ փաստաթղթում ներառված են 139 փոփոխություն, որոնց նպատակն է լրացնել իրավական կարգավորման մեջ եղած բացերը, որոնք ի հայտ եկել իրավակիրառման պրակտիկայի ժամանակ, ինչպես նաև՝ վերացնել եղած որոշ սահմանափակումներ, միասնականացնել Պայմանագրի տերմինաբանությունը։

Օրինակ, «Երկրորդ Մեծ Արձանագրության» մեջ ներառված են փոփոխություններ ԵԱՏՄ Համաձայնագրի 97-րդ՝ «Անդամ պետությունների աշխատողների աշխատանքային գործունեություն» հոդվածում։ Մասնավորապես, հանվել են եղած սահմանափակումներն այն աշխատողների հանդեպ, որոնք ցանկանում են զբաղվել մանկավարժական կամ իրավաբանական գործունեությամբ ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում։ Բացի այդ, հնարավորություն է տրվելու աշխատողներին առանց երկիրը լքելու փոխել երկիր մուտքի նպատակը։

ԵԱՏՄ մասին Պայմանագրում ներառվել է նաև «Պետական վերահսկողություն Միության մաքսային սահմանին» 29-րդ հոդվածը, որը սահմանում է մաքսային վերահսկողության իրականացման կարգը։ 

Փոփոխություններով Միության իրավակարգավորման մեջ ներդրվելու է նաև ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մեխանիզմ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության վարման պայմանների վրա, ինչպես նաև՝ գնահատել արդեն իսկ ընդունված որոշումների փաստացի ազդեցութունն ու արդյունավետությունն այդ ոլորտի համար։

Հստակեցվելու է նաև Միության անդամ մի պետության հարկատուի կողմից ԵԱՏՄ մեկ այլ երկրի ֆիզիկական անձից գնված ապրանքներ ներմուծելիս անուղղակի հարկերի վճարման կարգը, հաստատվելու է ԱԱՀ բռնագանձման մեխազնիզմ ԵԱՏՄ տարբեր երկրներում գտնվող մի ընկերության գլխամասի և մասնաճյուղերի միջև գործարքներ իրականացնելիս։

Փաստաթղթով առաջարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններ տալ  պաշտպանական, հակադեմփինգային և փոխհատուցման միջոցառումների, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների, ինչպես նաև՝ բնական մենաշնորհների գործունեության կարգավորման մասով։

 Բնական մենաշնորհ - (օրինակ, երկաթուղի, ջրամատակարարման համակարգեր) - ձեռնարկություններ են, որոնք միավորված են մեկ վաճառքի կազմակերպության կողմից։

Շուկայի այն վիճակն է, երբ շուկայում պահանջարկի բավարարումն ավելի արդյունավետ է մրցակցության բացակայության պայմաններում՝ պայմանավորված արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններով։

Սովորաբար պետությունը բնական մենաշնորհների դեմ պայքար չի իրականացնում, քանի որ դրա հետևանքով տնտեսության արդյունավետությունը կարող է նվազել։

Բնական մենաշնորհի կարգավիճակ են ստանում նաև ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպությունները։


Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մասին պայմանագիրն ստորագրվել է Աստանայում 2014թ մայիսի 24-ին (ուժի մեջ մտել՝ 2015թ հունվարի 1-ին), որով և, ըստ էության, ստեղծվել է Եվրասիական տնտեսական միությունը։

 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter