HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Առաջարկվում է հանրային աշխատանքը դարձնել վարչական տույժի տեսակ

Արդարադատության նախարարությունը մշակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։

Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի հանրային աշխատանքը նախատեսել որպես վարչական տույժի տեսակ։

Նախարարությունը նշում է, որ փոփոխության արդյունքում վարչական տույժերի կիրառման մեխանիզմը կդառնա ավելի ճկուն և կնպաստի վարչական տույժի կիրառման նպատակների իրագործմանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հանրային աշխատանքները չի նախատեսել որպես վարչական տույժի տեսակ:

Հանրային աշխատանքները Հայաստանում նախատեսված են միայն Քրեական օրենսգրքով, որի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

«Կարծում ենք, որ հանրային աշխատանքները հաջողությամբ կարող են գործել նաև վարչական իրավունքում՝ որպես վարչական տույժի տեսակ՝ իրագործելով վարչական տույժի հիմնական նպատակները»,- նշվում է հիմնավորման մեջ:

Նախագծով առաջարկվում է հանրային աշխատանքները նախատեսել որպես այլընտրանքային տույժի տեսակ, եթե նշանակված տուգանքի չափը հավասար կամ գերազնացում է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկը և վարչական պատասխանատվության ենթարկված անձը, իր նյութական վիճակի պատճառով զրկված լինելով տուգանքը վճարելու հնարավորությունից, մինչև տուգանքը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալը այդ մասին գրավոր դիմում է ներկայացնում վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնին:

Նախագծով սահմանվել է նաև հանրային աշխատանքների առավելագույն ժամաքանակը, սահմանվել տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու մեխանիզմը: Նախագծով կարգավորվել են նաև հանրային աշխատանքներ նշանակելու մասին որոշման կատարման և դրանք կատարելուց խուսափելու հետ կապված հարցերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter