HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի գլխավոր դատախազ․ «Արցախցիների դեմ իրականացված հանցադեպերը եռակողմ են հետազոտվում»

Ադրբեջանցիների՝ Արցախի բնակիչների դեմ կատարած հանցագործությունների դեպքերի քննության ժամանակ ձեռք բերվող ապացույցները եռակողմ հետազոտության են ենթարկվում։ Դրանք ուսումնասիրում են հայկական, ադրբեջանական և ռուսական դատախազությունների կողմից։ Այս մասին «Հետք»-ին տված հարցազրույցում ասաց Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Նույն ընթացակարգն է գործում նաև այն դեպքում, երբ Արցախի քաղաքացին հանցանք կկատարի ադրբեջանցիների դեմ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում գործող դատախազը միջնորդական առաքելություն է իրականացնում, նա որոշում կայացնող չէ։ Հանցագործը եթե ադրբեջանցի է, ապա նրան պատասխանատվության ենթարկելու հարցը որոշելու է Ադրբեջանը, եթե արցախցի է՝ Արցախի դատարանը։

Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ այդ համագործակցության համար մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։ Թեև ադրբեջանական կողմը այդ պայմանավորվածությունը լիարժեք չի իրականացնում, բայց ըստ պայմանավորվածության՝ հանցագործության դեպք տեղի ունենալու դեպքում դրա հանգամանքների եռակողմ հետազոտություն պետք է իրականացվի։ Փոխգործակցությունը տեղի է ունենում ՌԴ-ի խաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի դատախազությունների միջոցով։ Այդուհանդերձ որոշակի մեկնարկային փուլ տեղի է ունեցել։

Խոսքը վերաբերում է այնպիսի հանցագործություններին, երբ օրինակ ադրբեջանցիները սպանել են արցախցու, վնասել գույքը և այլն կամ՝ հակառակը։ Իսկ Արցախում տեղի ունեցած հանցագործությունների դեպքերի քննությունը իրականացնում են բացառապես Արցախի իրավապահները։

«Ռուսական կողմը՝ որպես միջնորդ կողմ, լսում է ադրբեջանական կողմի դիրքորոշումը, հայկական կողմի դիրքորոշումը։ Հայկական կողմի դիրքորոշման հիմքում դրված է լինում Արցախի իրավապահների իրականացրած քննչական և դատավարական գործողությունների արդյունքները»,- ասաց Արցախի դատախազը՝ շարունակելով, որ ինչպես այլ միջնորդների պարագայում, այս հարցով էլ միջնորդ կողմին ներկայացվում են կողմերի դիրքորոշումները, դրանք հիմնավորող ապացույցները։ Խաղաղապահների զորախմբի դատախազը փորձում է ամբողջական հետազոտել երկու կողմի ներկայացրած ապացույցները։ Օբյեկտիվ հետազոտելուց հետո, խաղաղապահների դատախազը կարողանում է հայկական և ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ անցկացնել և գնահատականներ տալ տեղի ունեցած դեպքերին։

Հարցին՝ անկախ դատարանը ո՞վ է լինելու, ո՞վ է հանցագործին դատելու, Գուրգեն Ներսիսյանը պատասխանեց, որ նման իրավիճակներում երրորդ դատարանի անհրաժեշտություն չկա։ Ադրբեջանն իր մասով, Արցախն իր մասով կարող են իրականացնել արդարադատություն, անհրաժեշտ է կամք՝ կատարել ստանձնած պարտավորությունները, որը չի նկատվում Ադրբեջանի գործողություններում։ Ադրբեջանական կողմը նույնիսկ հավաստի տեղեկատվություն չի տրամադրում դեպքերի վերաբերյալ։ Օրինակ՝ հայտնի չէ, Շուշիի ճանապարհին խողովակաշարի վրա աշխատող Արցախի բնակչին սպանելու դեպքի առիթով Ադրբեջանը քրեական գործ հարուցե՞լ է, թե ոչ։

Արցախի գլխավոր դատախազը, պատասխանելով մեր այն հարցերին, որ չե՞նք ունենա դեպքեր, երբ հանցանք կատարածը լինի Արցախի բնակիչը, և ռուսական կողմը նրան հանձնի Ադրբեջանի իրավապահներին, նշեց, որ խաղաղապահները նման առաքելությամբ չեն գտնվում Արցախում։

«Մենք ունեցել ենք տարբեր դեպքեր, երբ ադրբեջանական կողմը ռուսական կողմին միջնորդել էր և գուցե նաև նման պահանջ էր ներկայացրել, բայց բոլոր դեպքերում, ինչպես գիտեք, ռուսական կողմը նման պատկանություն կամ առաքելություն չէր ստանձնել։ Ռուսական կողմը օբյեկտիվորեն իրականացնում է իր միջնորդությունը և ամենակարևորն այն է, որ ռուսական կողմն ինքն է  յուրաքանչյուր դեպքով երկու կողմին էլ առաջարկում, հորդորում, որ նման դեպքերը կանխելու միակ ճանապարհը դրանք քննելը, հանցանք կատարած անձին պատասխանատվության ենթարկելն են։ Դա հնարավորություն կտա երկու կողմին համոզված լինելու, որ պետության կողմից անընդունելի են նման երևույթները, սա է միակ ճանապարհը»,- նշեց Արցախի գլխավոր դատախազը։

Պատերազմի ավարտից հետո մինչև 2021 թ-ի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահների կողմից արձանագրվել է հանցագործության 56 դեպք, որոնց առնչությամբ հարուցվել է 43 քրեական գործ։ Դրանցում կան սպանության, սպանության փորձի դեպքեր, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, հանցագործության փորձեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter