HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել. Սերժ Սարգսյան

Այսօր ՀՀԿ 17-րդ համագումարն էր։ Ներկայացնում ենք հատված ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից. 

Հարգելի՛ գործընկերներ,

Ելույթիս այս հատվածում ուզում եմ անդրադառնալ Արցախյան երրորդ պատերազմին, դրա հանգամանքներին և հետևանքներին:

2020 թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդն առերեսվեց մի աղետի, որ սանձազերծել էր Ադրբեջանը՝ թիկունքում ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը:

Մեկ տարի առաջ մեր գլխավերևում անօդաչու սարքեր էին պտտվում՝ ոչ թե հարսանիք կամ փառատոն նկարահանելու, այլ մարդկային կյանքեր խլելու համար: Մեր երեխաներն ու թոռները մտածում էին ոչ թե բուհ ընդունվելու կամ սիրահարվելու, այլ նաև արգելված զինատեսակների կիրառմամբ այդ մսաղացում ողջ մնալու և Հայրենիքը պաշտպանելու մասին:

Ինչո՞ւ եղավ այս պատերազմը, և ինչպիսի՞ բանակցային ժառանգություն էինք թողել մենք այս  անհայրենիք ապիկարներին:

Կրկնում եմ այն, ինչ բազմիցս հայտարարել եմ. ես մշտապես կողմնակից եմ եղել փոխզիջումային տարբերակի հիման վրա Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը՝ մեզ և միջազգային հանրության համար ընկալելի կարմիր գծերի շրջանակներում: Այդ կարմիր գիծը, որ գծվել է հայ ժողովրդի արյամբ և արժանապատվությամբ` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ես տասը տարի անընդմեջ բանակցել եմ մի գերագույն սկզբունքի հիման վրա, այն է` ոչ թե ի՞նչ ենք մենք տալու, այլ ի՞նչ ենք ստանալու: Բանակցային բոլոր փաստաթղթերում մենք հետևողականորեն զարգացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը վերաբերող մեխանիզմների, գործընթացների և միջազգային երաշխիքների կենսական մանրամասները: Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ, որը հաղթանակ էր կերտել Արցախյան առաջին պատերազմում, որը տապալել էր Ադրբեջանի հեռահար ծրագրերը Ապրիլյան պատերազմում և որը շարունակական արդիականացմամբ, սեփական սխալներն ուղղելու ու բարձր հայրենասիրական ոգու շնորհիվ  պատրաստ էր ստիպել թշնամուն` մի լավ ծեծ կերած վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:

Բանակցություններում ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդիպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն ու արժանապատվորեն: Հայաստանը այդ տարիներին տարածաշրջանային գործոն էր, միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, ինքնիշխան պետություն, որի մեջքը պինդ էր, նպատակները` արդար, բանակը` հզոր: Իսկ գավառամիտ մի  աճպարարի թվացել էր, թե հայ ժողովրդին մոլորեցնելուց հետո ինքը նույն կերպ կկարողանա վարվել նաև աշխարհի հետ: Սեփական կետից սկսողը, «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ» ցինիկ հայտարարություն անողը, իր երկրի թշնամուց բանակցությունների մասին տեղեկացողը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առջև անհասկանալի պայման դնողը և որպես հետևանք՝ դաշնակիցների ու գործընկերների աջակցությունը կորցնողը, բանակցությունները տանելով փակուղի, քանդելով տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով ստեղծված դիվանագիտական խրամատները, արյունալի պատերազմով աղետ բերեց մեր ժողովրդի գլխին: Այս ամենն այնքան տեսանելի է, այնքան ապացուցելի և այնքան ակնհայտ, որ կարող եմ ուղիղ պատասխանել մեր ժողովրդին հուզող ևս երեք հարցերի. 

- Հնարավո՞ր էր կանխել այս պատերազմը: 

- Այո, այս պատերազմը հնարավոր էր կանխել: 

-Եթե, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ սկսվեին, հնարավո՞ր էր պատերազմում խուսափել այսքան կորուստներից: 

- Այո, այսպիսի ծանր կորուստներից  հնարավոր էր խուսափել: 

-Հնարավո՞ր էր նոյեմբերի 9-ից հետո չեզոքացնել նոր սպառնալիքները: 

-Այո, հնարավոր էր: Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք: 

Պատերազմից անմիջապես հետո կապիտուլյանտ իշխանությունները հերոսացնում էին թշնամու կողմից գերեվարված մեր զավակներին, ընտրությունների նախաշեմին նրանց հարազատներին ու մեր հանրությանը սուտ խոստումներ տալիս, թե՝ մի քանի ամիս էլ համբերեք, կվերադարձնենք մեր հերոս տղաներին: Ամիսներ էլ անցան, տարի էլ, և մատը մատին չտալուց հետո, հիմա էլ ստորաբար հայտարարում են, թե՝ դեռ պետք է պարզենք այդ ի՞նչ հանգամանքներում են գերի ընկել, հնարավոր է՝ նրանք դասալիք են: Իսկ ինչո՞ւ սա չէին ասում մեկ տարի առաջ, ինչո՞ւ են իրենց անճարակությունը բարդում մեր զինվորների վրա: Բանակը քայքայելու, մինչև վերջ վարկաբեկելու սցենարի հերթական արա՞րն է:

Մեկ այլ կարևոր հարց, որ հուզում է հայ հասարակությանը, հետևյալն է` կա՞ր արդյոք դավաճանություն:

Այո, կար, քանզի դավաճանական աստիճանի տգետ էին, դավաճանական աստիճանի թեթևսոլիկ, դավաճանական աստիճանի կույր և խուլ, դավաճանական աստիճանի անհայրենիք ու ապազգային և միաժամանակ դավաճանական աստիճանի մեծամիտ և      հպարտ: Ես վստահ եմ, որ Արցախյան երրորդ պատերազմի մասին ողջ ճշմարտությունը դեռ դուրս է գալու ջրի երես, և պետական հանցագործները կրելու են իրենց հասանելի ամենաարժանի պատիժը: Միայն այդ դեպքում Եռաբլուրում, Հայաստանի և Արցախի բազմաթիվ բնակավայրերի մյուս գերեզմանատներում ննջող մեր զավակների, եղբայրների ու հայրերի վրեժը մասամբ հատուցված կլինի: Հայրենի հողում նրանց հավերժացնող շիրմաքարերի ծանրությունը մի փոքր կթեթևանա, իսկ նրանց կորուստը սգացողների արցունքներն այսքան դառնահամ չեն լինի: 

Հավերժ փա՛ռք մեր զոհված բոլոր նահատակներին, փա՛ռք նրանց սխրանքներին, խոնարհո՛ւմ նրանց վառ հիշատակին: 

Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը:

Հայ ժողովուրդը հարցեր ունի ոչ միայն երկրի ներսում՝ թե ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս բերեց այս պատերազմը, այլև հարցեր ունի երկրից դուրս՝ թե ինչո՞ւ և ինչպե՞ս քաղաքակիրթ աշխարհը 21-րդ դարում հանդուրժեց, այդպիսով անուղղակի խրախուսեց ադրբեջանաթուրքական գործակցությամբ իրականացված պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները ագրեսիայի զոհ դարձած Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ: Այդ ամենը վկայող հազարավոր անհերքելի ապացույցներ ու փաստեր են հրապարակվել: 

Նոր պատերազմները հնարավոր է և պետք է կանխել, բայց դրա համար նախևառաջ հարկ է բաց աչքերով և ուղիղ նայել իրականությանը, խոսել ազնվորեն և արդար լինել անհերքելի փաստերի հետ առնչվելիս, իսկ որ ամենակարևորն է` խոսելուց զատ գործել, գործել անհապաղ, քանի որ դրանից են կախված հազարավոր մարդկային կյանքեր:

Հարավային Կովկասում հայ ժողովուրդը ուզում է հարատև խաղաղություն, կայունություն և զարգացում, որոնց հիմքում ոչ թե ռազմական ճանապարհով խնդիրը լուծված համարողների և հայերի գետտոյացում տենչացողների պատկերացումներն են, այլ միջազգային իրավունքի առկա նորմերը, իրական փոխզիջումները և արժանապատվությունը: 

Այսօր էլ` 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չափազանց մտահոգիչ է Սյունիքի և ոչ միայն Սյունիքի շուրջ ստեղծված իրադրությունը, դատապարտելի են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման դեպքերը: Իրադարձությունները նման ընթացք են ստացել Հայաստանի կապիտուլյանտ և անպատիվ իշխանությունների հանցավոր անգործության, իրադրության ոչ ճիշտ գնահատման, պետական կառավարման և անվտանգային համակարգերում իրենց իսկ կողմից ստեղծված խոր ճգնաժամի և վերջին պատերազմի կործանարար արդյունքների  հետևանքով։ Սրանք այդպես էլ չհասկացան, որ պետական պաշտոնյայի խոսքը, հատկապես՝ բարձր պաշտոն զբաղեցնողների, լսում են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս: Բազմաթիվ են դեպքերը, երբ սրանց անհեռատես մտքերը, սեփական ճակատագրական սխալները կոծկելու անհեթեթ պնդումներն այնուհետև օգտագործվում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ:

Այս իրավիճակում, երբ մեր հասարակությունը չի կարողանում հաղթահարել հետպատերազմյան շոկը, վախերը, ընկճախտային տրամադրությունները և դառնում է հարմարվող, պասիվ դիտորդի դեր ստանձնում, քաղաքական ուժերն ու առաջնորդները, ինչպես նաև նրանց աջակիցները, հայրենանվեր երիտասարդները պետք է երկրում փոխեն նման տրամադրությունները, հասարակությանը դուրս բերեն այս      վտանգավոր թմբիրից:

«Միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել». Սերժ Սարգսյան

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական նոր և ակտիվ վերափոխումների ժամանակաշրջանում, որտեղ մեր աչքի առաջ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ինչպես գերտերությունների, այնպես էլ խոշոր տարածաշրջանային դերակատարների միջև առկա ուժային հավասարակշռության փոփոխման, ազդեցության նոր գոտիների ձևավորման ուղղությամբ։ Նման մասշտաբային փոփոխությունները անխուսափելիորեն հանգեցնում են նոր ճգնաժամերի և մեծացնում անկանխատեսելի զարգացումների ռիսկը:

Աշխարհի տարբեր անկյուններում գնալով խորանում են հակամարտությունները, լարվածության ավանդական օջախներին ավելանում են նորերը, և այս ամենը ոչ մի լավատեսություն չի ներշնչում։ 

Աշխարհաքաղաքական առկա իրավիճակում մեր խնդիրները աշխարհին ավելի հետաքրքիր չեն, քան սեփական հոգսերը։ Մենք չենք կարող քայլել համաշխարհային գործընթացների տրամաբանությանը հակառակ և պահանջել, որ աշխարհն ու միջազգային հանրությունը մեր փոխարեն լուծեն մեր խնդիրները։ Այս պարզ ճշմարտության գիտակցումը պետք է ընկած լինի ցանկացած  ողջամիտ իշխանության քաղաքականության հիմքում, քանի որ դրա անտեսումը պատմականորեն ողբերգական հետևանքներ է ունեցել պետությունների համար։ 

Վերջին հարյուրամյակի ընթացքում աշխարհում այսպիսի մասշտաբային փոփոխություններ տեղի են ունեցել Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների շրջանում, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո։ 100 տարի առաջ, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, մենք կարողացանք վերականգնել Հայոց պետականությունը, միաժամանակ` հենց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացները ճիշտ չընկալելու, սեփական ուժերը ճիշտ չգնահատելու, անփորձության, պառակտվածության արդյունքում կարճ ժամանակ անց կանգնեցինք մեծ կորուստների փաստի առջև։ Սեփական սխալներից դասեր չքաղելը հղի է նոր աղետների կրկնություններով: 

Գլոբալ փոփոխությունների վտանգավոր ժամանակահատվածում, մեծ հաշվով, կարողանում են ճիշտ դիրքավորվել այն երկրները, որոնց հաջողվում է գրագետ քայլերով, ճկուն դիվանագիտությամբ պահպանել հավասարակշռությունը բարդ աշխարհաքաղաքական միջավայրում. ոչ թե փորձել աշխարհին քայլեցնել քո կամայական ու հաճախ չհիմնավորված ցանկությունների ուղղությամբ, այլ քայլել համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին զուգահեռ։ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության հռչակումից սկսած՝ մեր քայլերը հենց այդպիսին են եղել, որոնց վրա ընթացիկ առանձին խնդիրները մեծ ազդեցություն չեն ունեցել: Արդյունքում` մենք ունեինք կայուն և զարգացող երկու հայկական պետություն, մեզ հարգում էին որպես հաղթանակած ազգ, որպես ընկալելի և      կանխատեսելի գործընկեր։ 

Ցավոք, վերջին տարիներին մեր երկիրը շեղվել է այս պարզ տրամաբանությունից և շարժվում է անհասկանալի ու խիստ վտանգավոր ճանապարհով։ Գործող վարչակարգի անհեռատես ու արկածախնդիր քայլերի հետևանքով Հայաստանը կորցրել է երբեմնի հեղինակությունը, դիրքավորվել որպես աշխարհի համար լրացուցիչ խնդիր դարձած երկիր և ակնկալում է, որ իրեն աջակցեն։ Ընդ որում, այդ ակնկալիքը արտահայտվում է մե՛րթ անհասկանալի ամբիցիաներով ու հռետորաբանությամբ, մե՛րթ նվաստացուցիչ խեղճուկրակ զիջողականությամբ:  Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը, առհասարակ, կասկածի տակ է դնում մեր պետության և ժողովրդի կենսունակությունը։

Անհրաժեշտ է գիտակցել, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի և վստահելի գործընկեր լինել: 

Վերը թվարկածիս գումարվել է մարդկությանը պատուհասած կորոնավիրուսի համավարակը, որը ոչ միայն առողջապահական, այլև անվտանգային լրջագույն խնդիր է դարձել բոլոր երկրների և առաջին հերթին ճգնաժամային իրավիճակներում գործելու անկարողունակ և անպատասխանատու իշխանություններ ունեցող երկրների համար։ Այդպիսիներից մեկն էլ Հայաստանի ներկայիս իշխանությունն է, որը համավարակի հենց սկզբնական շրջանում այնպիսի անլուրջ և անպատասխանատու մոտեցում ու գործելակերպ որդեգրեց, որ մարդիկ սկզբից ևեթ ամբողջ լրջությամբ չընկալեցին վերահաս վտանգը և անգրագետ ղեկավարի անպատասխանատու վարքագիծը, անհեթեթ որոշումները, ուշացած արդարացումներն ու ստեղծված ճգնաժամային իրավիճակում ձեռնարկած քայլերը ոչ միայն ցանկալի արդյունք չապահովեցին, այլև Հայաստանը հայտնվեց համավարակից ամենաշատը տուժած երկրների ցանկում:

 «Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում».  Սերժ Սարգսյան

 

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից

 

Աղետալի պատերազմից ընդամենը ամիսներ հետո, Հայրենիքի համար այդ ծանր օրերին կապիտուլյանտ իշխանությունների կողմից մեզ պարտադրվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մի առիթով ես      ասել եմ, որ այդ ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին:  Սեփական աթոռը Հայրենիքից առավել սիրող կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանորեն      ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու` արտահերթ ընտրությունների ճանապարհը: Քաղաքական դաշտում գործընթացների զարգացումը տարավ նրան, որ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ ձևավորելով «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը: Ընտրությունների   արդյունքները որքան էլ մեզ համար կանխատեսելի էին, քանի որ իրավիճակը մենք լավ էինք պատկերացնում, այնուամենայնիվ, ցավալի էր տեսնել, որ ժողովրդի մի զգալի հատվածին կրկին մոլորեցրին ստի, վախի, բռնաճնշումների և տարբեր մանիպուլյացիաների միջոցով, այնինչ  կապիտուլյանտ իշխանություններն առհասարակ պետք է դուրս շպրտվեին քաղաքական դաշտից և իրենց բերած աղետի ու ավերի համար կրեին խստագույն պատասխանատվություն:

Ի հեճուկս հանրապետականներին քաղաքական լուսանցքում տեսնել տենչացողների՝ մեր կուսակցությունը 2 տարի անց կրկին վերադարձավ խորհրդարան: Եվ սա՝ մեր դեմ իշխանական լծակների լայնորեն կիրառման, մեր գրասենյակներ անհիմն ներխուժման, բռնության հրահրման, սպառնալիքների ու ատելության մթնոլորտի պայմաններում անցկացված ընտրությունների արդյունքում: 

Այս իրավիճակում, չնայած խմբակցության փոքրաթիվ լինելուն, գործընկերների հետ շարունակում ենք պայքարը կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելու ուղղությամբ` ի լրումն խորհրդարանից դուրս տարվող մեր աշխատանքի: Ապազգային մեծամասնությամբ այս խորհրդարանում մեր պատգամավորների աշխատանքի արդյունավետության մասին տեսակետները տարբեր են: Մենք ականջալուր ենք մեր ընտրողների տեսակետներին, հաճախ տեղին քննադատություններին, խմբակցության պատգամավորների առջև դրվող պահանջներին և մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք` այդ  մանդատներից մեր պատգամավորները կառչած չեն, անհրաժեշտ պահին պատրաստ են վայր դնելու և իրենց գործընկերների հետ պայքարը շարունակելու խորհրդարանից դուրս: 

 «Ի՞նչ է լինելու այս ամենից հետո, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, ի՞նչ է պետք է անել դրա համար»՝ այս օրերին ամենաշատը տրվող հարցերն են: 

Առաջին` չհամակերպվել այս իրավիճակի հետ և չշարունակել այն մտայնությամբ ապրել, որ այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Թոթափել պարտվածի հոգեբանությունը, նախևառաջ` արիանալ հոգով, վերագտնել հավատը մեր ուժերի և մեր հայրենիքի ապագայի նկատմամբ:

Երկրորդ` ամեն օր լրացնել սեփական գիտելիքների պաշարը՝ շարունակական կրթությունը դարձնելով կենսագործունեության մաս: Ձգտումը՝ դառնալու ավելի լավը, խելացին և ուժեղը, կարևոր նախապայման է հայրենիքին պիտանի լինելու և արժանվույնս ծառայելու համար: 

Երրորդ` իրականությանը նայել բաց աչքերով, նայել ուղիղ և կատարվածը վերլուծել հստակ փաստերով, ոչ թե` մանիպուլյացիոն հայտարարությունների ազդեցության ներքո: Վերլուծությունից ճիշտ հետևություններ անել, որը շատ կարևոր է նույն սխալը, ցավոք, ճակատագրական սխալը, չկրկնելու համար: Չապրել պատրանքներով, թե մեր փոխարեն ինչ-որ մեկը մեր խնդիրը լուծելու է:

Չորրորդ՝ չդադարել ամեն օր բոլոր հնարավորություններով, կրկնում եմ` բոլոր հնարավորություններով, գործել ազգադավ ուժերի դեմ: Միաժամանակ աշխատել երիտասարդության հետ, կրթել ազգային ոգով` քաջ գիտակցելով, որ մեր պայքարի համար պիտանի չեն նույնիսկ աշխարհի լավագույն բուհերում կրթված այն երիտասարդները, որոնք Հայրենիք չունեն իրենց հոգում և մտքի մեջ, չունեն ազգային արժանապատվություն: 

Մենք պարտավոր ենք վերստին դառնալ կենսունակ ազգ: Ճանապարհը, որ ես առաջարկում եմ այդ նպատակին հասնելու համար, անցել են հզոր պետություն կերտած մի շարք ժողովուրդներ: Աննահանջ պայքար և տքնաջան աշխատանք. ահա այն բանաձևը, որն իր կենսունակությունն ապացուցել է պատմության ընթացքում: 

Նշածս նպատակին հասնելու համար ոչ մի դեպքում ճանապարհ չի կարելի ընկնել ծուլության, մեծամտության, հուսահատության, սնափառության հետ: Սրանք կործանարար են:

Անհրաժեշտ է, որ բոլորս մեր հետագա գործողություններում հստակ ամրագրենք՝

 

 - զրո հուսահատություն, քանզի ստեղծված իրավիճակում հուսահատությունը մեղք է ոչ միայն Աստծու, այլև Հայրենիքի հանդեպ,

-զրո հանդուրժողականություն դավադիր խունտայի նկատմամբ, քանզի Հայաստանն ու Արցախը այս վիճակին հասցրածների և հայկական բանակը կազմալուծածների հետ մենք ոչ մի ճանապարհ չունենք անցնելու,

 

 

- զրո ամբիցիա, քանզի հանուն Հայրենիքի բոլորս պարտավոր ենք մի կողմ դնել անձնական հավակնությունները, համակրանքներն ու հակակրանքները։

Հա՛յ ժողովուրդ, այս անպատվությունը տանելը քեզ համար հեշտ չէ: Մենք, առհասարակ, անպատվություն չհանդուրժող ժողովուրդ ենք: Եվ այսօր ես և իմ զինակիցները, Հայաստանի հանրապետական կուսակցությունը այստեղ ենք՝ ասելու, որ մենք քո կողքին ենք, քո զավակն ենք, քո զինվորն ենք, քո դիվանագետն ենք, քո արժանապատվության վերականգնման համար ամեն ինչի պատրաստ  ենք: 

Աստված պահապան մեր ազգին, մեզ զորավիգ՝ հայրենանվեր մեր ձեռնարկումներն իրականացնելու ճանապարհին:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Ելույթները մյուս հատվածները տես այստեղ` 1, 2, 3    

Մեկնաբանություններ (1)

Ruben Sardis
Serge is a thief along with his entire family. The clown, Pashinyan, is in power because Serge gave him the power.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter