HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանագետ․ «Եթե Հայաստանն իր ենթակառուցվածքները զարգացնի, կարող է Իրանի համար տարանցման ուղի լինել»

«Հետքի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

-Պարոն Միսակյան, իրանական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Իրանը Պարսից ծոցից դեպի Եվրոպա դուրս գալու «Հյուսիս-հարավ» ծրագրի համար, որը պետք է օգտագործեր Հայաստանի ճանապարհները, դիտարկում է այլընտրանքային տարբերակ՝ Ադրբեջանի տարածքը։ Նկատի ունենալով Կապան-Աղվանի-Տաթեւ վերանորոգված հատվածը՝ նշվում էր, որ Հայաստանի լեռնային ճանապարհներն անհարմարություններ են առաջացնում։ Փաստորեն, Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը վերահսկելով՝ ադրբեջանցիները ոչ միայն տուրքեր են գանձում իրանցի վարորդներից, այլեւ հեռանկարում Իրանին դրդում օգտվել իրենց ճանապարհներից։

-Վերջին դիտարկումը բավականին իրավացի է։ Նախ հիշատակենք, որ լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն՝ 1 միլիոն դոլարից ավելի տուրքեր են գանձել։ Երկրորդը՝ դա օգտագործեցին նաեւ որպես աշխարհաքաղաքական գործիք՝ ազդելու Իրանի հյուսիսային տարանցման վրա։ Ի՞նչն է խնդիրը, որ Իրանը դեռեւս չի կարողանում օգտվել Հայաստանի ճանապարհներից։ Բավականին շատ տեսանյութեր, հայտարարություններ եղան վարորդների կողմից, նաեւ իրանական դաշտում սոցիալական ցանցերում նկատում էին, որ Տաթեւի, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը բավականին դժվարանցանելի է հատկապես եղանակային վատ պայմանների դեպքում։ Եվ իրանցի վարորդները բավականին մեծ խնդիրներ էին ունենում այդ տարածքով անցնելիս։

Եթե վերադառնանք իրանական լրատվամիջոցներում եղած հայտարարություններին, ապա նախ պետք է նշել, որ դա ճանապարհային նախարարության բաժիններից մեկի ղեկավարի հայտարարությունն էր, այսինքն՝ ոչ այդքան բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն մյուս կողմից փաստ է, որ իրանական կողմը նաեւ Ադրբեջանի ճանապարհներից է օգտվում հյուսիսային տարանցման համար։ Սակայն իրանական կողմը երբեք մի պետության տարածքով չի կառուցում իր ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրները, այսինքն՝ Իրանը դեռեւս նայում է Հայաստանին որպես հյուսիսային տարանցման ուղիներից մեկի։ Բայց Հայաստանի ենթակառուցվածքների շինարարությունը պետք է ավարտվի՝ ե՛ւ «Հյուսիս-հարավ» ամբողջական մայրուղու, ե՛ւ Սյունիքի հատվածի հետ տեղի ունեցող խնդիրների լուծում պետք է լինի հայկական կողմից, որպեսզի նաեւ սպասելի լինի Իրանի կողմից տարանցման ուղու փոխադրումը դեպի հայկական տարածք։ Եթե Հայաստանն իր ենթակառուցվածքները բավականաչափ զարգացնի, կարող է նաեւ լինել որպես տարանցման ուղի։

-Այսինքն՝ դեռ ամեն բան կորած չէ։

-Կարծում եմ՝ երբեք ամեն ինչ կորած չէ՝ հաշվի առնելով իրանական քաղաքականությունը, երբ փորձում են համագործակցել բոլորի հետ՝ հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի հետ Իրանի խնդիրները եւ վերջին շրջանում դրանց սառեցումը, բայց ոչ հաղթահարումը, վաղ թե ուշ որոշակի լարվածություն հնարավոր է։ Եվ եթե Հայաստանն ապահովի բավականաչափ հնարավորություններ Իրանի համար, ապա, կարծում եմ, Իրանում կգերադասեն այդ տարանցումն անցկացնել Հայաստանով, այլ ոչ թե Ադրբեջանով։

-Սկզբում իրանցի վարորդները բավականին դժգոհ էին ադրբեջանցիների կողմից գանձվող տուրքերից, սակայն հիմա տեսնում ենք, որ նրանք նախընտրում են հենց Կապան-Գորիս ճանապարհը թեկուզ գումար վճարելով։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե 1,2 մլն դոլար է հավաքվել այդ վճարներից։ Ինչպե՞ս է Իրանում ընկալվում այս նոր իրողությունը։

-Իրանում միանշանակ դրական չի ընկալվում, եւ հենց սա է պատճառներից մեկը, որ իրանցի վարորդները նաեւ որոշակի փուլում գերադասում են կամ գերադասելու են անցնել հենց Ադրբեջանի բուն տարածքով, որպեսզի հավելյալ մաքսատուրքեր չվճարեն, այսինքն՝ մի մաքսատուրքով անցնեն։ Իսկ թե ինչու են օգտվում Գորիս-Կապան ճանապարհից, նշեցի, որ եղանակային եւ ճանապարհային պայմաններից ելնելով՝ այդ ճանապարհից օգտվելն ավելի հեշտ է իրանցի վարորդների համար, քան Տաթեւի այլընտրանքային ճանապարհն օգտագործելը։ Բազմաթիվ են սոցիալական ցանցերում հայտարարությունները, որ Տաթեւի ճանապարհը գրեթե անանցանելի է լինում մեծ բեռնատարների համար։

-Իսկ գործող իշխանությունների օրոք հնարավոր համարո՞ւմ եք «Հյուսիս-հարավ» ծրագրի գործարկումը։

-Գործող իշխանությունների եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում կանխատեսումներից խուսափենք։ Բայց փաստը ցույց է տալիս, որ դեռեւս որեւէ լուրջ առաջխաղացում չենք տեսնում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ոլորտում։

-Բաքվում Իսրայելի դեսպանությունը վերջերս շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի անվտանգության ուժերին, որոնց հետ համատեղ վարժանքներ էին անցկացվել։ Իրանում լավ գիտեն Իսրայել-Ադրբեջան համագործակցության մասին, բայց ամեն նոր իրադարձություն հավանաբար ջղաձգումներով է ընկալվում Թեհրանում։ Ի՞նչ արձագանքներ եղան այս անգամ։

-Իրանում Իսրայելը մշտապես կարմիր գիծ է համարվում, այսինքն՝ ցանկացած պետության համագործակցություն Իսրայելի հետ բացասաբար է ընկալվում Իրանում։ Եվ այնտեղ երկար ժամանակ գիտակցում են Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմավարական համագործակցության խնդիրը, սակայն ներկա փուլում, կարծես թե, ուշադրություն այնքան չի դարձվում դրան կամ հրապարակայնորեն չի դարձվում։ Դա կարող է կախված լինել երկու հանգամանքից՝ նախ հնարավոր է, որ Ալիեւի եւ Ռաիսիի հանդիպումների ընթացքում եւ այն աշխատանքի ընթացքում, որն ադրբեջանական հանրապետությունն է իրականացնում Իրանի հետ, Իրանին տրվել են որոշակի խոստումներ, որոնք որոշ չափով բավարարել են Իրանին, եւ երկրորդ՝ ներկա պահին Իրանը Վիեննայում բավականին լուրջ բանակցությունների փուլում է։ Կարծես թե, բոլոր հակամարտությունները հարեւանների հետ զրոյականի է հասցրել, որպեսզի իր համար առաջնային խնդիրը լուծի, հետո արդեն կենտրոնանա հարեւանների հետ հարաբերությունների վրա։ Ի հավելում սրա՝ ադրբեջանական կողմը, կարծես, գիտակցելով Իրանի տնտեսական խնդիրները, վերջին շրջանում մի քանի տնտեսական առաջարկներ է արել Իրանին, որով, կարելի է ասել, որոշ չափով կոմպենսացրել է իր համագործակցությունը Իսրայելի եւ հակաիրանական Թուրքիայի հետ ու որոշակի ժամանակահատվածում կասեցրել է նաեւ Իրանում հակաադրբեջանական գործողությունները։

-Առհասարակ տարածաշրջանում իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։

-Մեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը մնում է լարված նույնիսկ արցախյան պատերազմից հետո, չնայած խոսվում է խաղաղությունից, բայց տեսնում ենք, որ թշնամական տրամադրված մեր հարեւանները այդքան էլ տրամադրված չեն որեւէ խաղաղության, հակառակը՝ միշտ ծավալապաշտական քաղաքականություն են որդեգրում։ Կարծում եմ՝ նման հարեւանների հետ խաղաղությունը մի քիչ անիրատեսական գործընթաց է լինելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter