HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մևլյութ Չավուշօղլու. «3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում»

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում։ APA գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Վրաստանը պատրաստվում է մասնակցել այդ ձևաչափին։

Չավուշօղլուի խոսքերով՝ սպասվում է, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։ «Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Սակայն հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությունը»,- նշել է Չավուշօղլուն։ 

Նա հավելել է, որ առավոտյան հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ «Ինչպես միշտ, մենք հանդիպել ենք եղբայրական Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, մասնավորապես Հարավային Կովկասի վերաբերյալ»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Առավոտյան Չավուշօղլուն թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան Ադրբեջանի հետ կշարունակի համատեղ գործել, իսկ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը կհամակարգի Բաքվի հետ միասին։

Չավուշօղլուն նաև հավելել է, որ թուրքական կողմը քննարկում է Երևանի հետ օդային հաղորդակցության հարցը, սակայն դեռևս վերջնական որոշում չկա, թե որ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի։ Ընդ որում, Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով, ավիահաղորդակցության գաղափարը եղել է հայկական կողմինը։

Լուսանկարը՝ abcgazetesi.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter