Հնարավոր է՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպեն․ Մևլյութ Չավուշօղլու
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները, որոնք զբաղվելու են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով, առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն։ Այդ մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ։ Շատ շուտով նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն՝ չնշելով նախատեսվող հանդիպման մանրամասները։
Թուրքիայի ԱԳ նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ առաջիկայում Ստամբուլից ուղիղ չվերթներ կլինեն Երևան։
«Նախկինում թռիչքներն իրականացնում էր Atlas Global ընկերությունը, հիմա դիմումներ ունենք մի քանի ընկերություններից։ Տրանսպորտի և ենթակառուցվածքների ու Քաղաքացիական ավիացիայի վարչության հետ համատեղ աշխատաքներն այդ ուղղությամբ շարունակվում են, իսկ դիմումներն ուսումնասիրվում են»,- հավելել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դարձյալ շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամբողջ գործընթացն իրականացվելու է Ադրբեջանի հետ խորհրդակցությունների արդյունքում։
«Մենք ցանկանում ենք խաղաղության հաստատում Հարավային Կովկասում, Զանգեզուրի միջանցքի բացում»,- եզրափակել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կողմերը նշանակել էին հատուկ ներկայացուցիչներ։ Հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որի նշանակումը ոչ միանշանակ էր ընդունվել։ Թուրքական կողմի ներկայացուցիչը երկար տարիների փորձ ունեցող դիվանագետ Սերդար Քըլըչն է, որը մինչև 2021 թվականի մարտ ամիսն զբաղեցնում էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ Վերջինս հայտնի է իր հակահայկական հայտարարություններով։
Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել