
«Օմիկրոն»-ը դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի գերիշխող տարբերակը
«Օմիկրոն»-ը դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի գերիշխող տարբերակը։ Այդ մասին պարզ է դառնում ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներից։
Դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում այդ երկրում «օմիկրոն» շտամով վարակման նոր դեպքերի թիվը հասել է մինչև 73,2 %, իսկ մինչ այդ գերիշխող «դելտա» շտամինը՝ 26,6 %։ Դրանից մեկ շաբաթ առաջ «օմիկրոն»-ի և «դելտա»-ի համամասնությունը համապատասխանաբար կազմում էր 12,6 % և 87 %։
Կորոնավիրուսի այդ շտամը հայտնաբերվել է ամերիկյան բոլոր նահանգներում` բացառությամբ Օկլահոմայի և Հյուսիսային Դակոտայի։ Մի շարք շրջաններում, այդ թվում երկրի հարավ-արևելքում և հյուսիս-արևմուտքում, կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակվածների կշիռը գերազանցում է 90 %-ը։
ABC News հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ում արդեն իսկ գրանցվել է «օմիկրոն»-ից մահացության առաջին դեպքը։ Այն գրանցվել է Տեխաս նահանգի Հարիս շրջանում։ Մահացածը 50 տարեկանից բարձր տղամարդ է, որը պատվաստված չի եղել։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ն աշխարհում շարունակում է առաջատարը մնալ կորոնավիրուսով վարակվածների թվով։ Համավարակի ողջ ընթացքում այդ երկրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 51 միլիոն մարդ, իսկ մահացածների թիվը հասել է 807 հազարի։
Այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքեր Հայաստանում դեռևս չեն գրանցվել, փոխարենը դրանք արդեն հայտնաբերվել են հարևան Վրաստանում, Իրանում և Թուրքիայում։ Կորոնավիրուսի այս շտամից մահացության առաջին դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայում։ Ներկայում այդ երկրում «օմիկրոն» շտամից մահացության 12 դեպք է հայտնի։
Լուսանկարը՝ IMF/Joaquin Sarmiento
Մեկնաբանել