HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Վեոլիան» թանկացրեց ջուրը, էլեկտրակայաններ կառուցելու թույլտվություն ստացավ, կարևորագույն օբյեկտների պահպանությունն էլ հանձնեց կառավարությանը

Երեք տարի առաջ՝ 2018թ. դեկտեմբերի 12-ին, Կառավարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանրությանն իրազեկեց, որ 2019թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025 թվական: Այդ համաձայնությունը ձեռք էր բերվել  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հանդիպման ժամանակ: 

Հանդիպումը տեղի ունեցավ մի ժամանակահատվածում, երբ իրավապահ մարմինները հայտարարեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում ֆինանսական չարաշահումների ու օրինախախտումների մասին: Հաղորդագրությունը տարածելուց 6 ամիս հետո՝ 2019թ.-ի հուլիսի 25-ին, կողմերը նոր համաձայնագիր կնքեցին, որով որոշակի փոփոխություններ կատարեցին վարձակալության  պայմանագրում: Սակայն, թիվ 13 համաձայնագրում ջրի սակագնի բարձրացումը մինչև 2025 թվականը հետաձգելու պայմանավորվածությունը տեղ չգտավ։  

Այս տարվա օգոստոս ամսին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն սակագինը վերանայելու հայտ ներկայացրեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2021թ. նոյեմբերի 30-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման նոր սակագներ սահմանեց: Ըստ այդմ՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդները 2022թ. հունվար ամսից 1 խմ ջրի համար կվճարեն 200,47 դրամ: 

Կառավարությունը սոցիալապես անապահով բաժանորդի սահմանումը տվել էր դեռևս 2016թ. նոյեմբերին կայացրած որոշումով: Սոցիալապես անապահով ընտանիքներ համարվեցին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20 միավորից բարձր միավոր ունեցողները: ՀԾԿՀ-ին առաջարկվել էր բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի և էլեկտրական էներգիայի հնարավոր նվազ սակագին սահմանել:

2021թ. նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումով  Կառավարությունը նույն տրամաբանությամբ դրանց ավելացրեց նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունները: Ինչպես էլեկտրական էներգիայի ու բնական գազի դեպքում, խմելաջրի համար նույնպես սոցիալապես անապահով խավի համար սակագնի տարբերությունը վճարում է, այսպես կոչված, «ապահով» խավը:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից տեղեկացրին, որ հանրապետությունում անապահովության 20-ից բարձր միավոր ունի շուրջ 90 հազար ընտանիք: Այդքան ընտանիք օգտվում է էլեկտրական էներգիայի համար սահմանված արտոնությունից: Ջրի վարձավճարի համար արտոնություն ստացող ընտանիքների թիվը նույնը կլինի: Բնական գազի համար արտոնություն ստացողներն ավելի քիչ են՝ շուրջ 66 հազար ընտանիք։ 

Ի՞նչ ցուցանիշներ է հաշվի առել ՀԾԿ հանձնաժողովը ջրի սակագինը բարձրացնելիս

Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Դաղբաշյանը «Հետք»-ին պատասխանել է, որ համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագրի 6-րդ հավելվածի՝ մատակարարվող ջրի որակը հիմնական կատարողական ցուցանիշն է: Մատակարարվող ջրի նմուշառումն իրականացվում է օրական կտրվածքով: Միաժամանակ, ջրի որակի նմուշառում իրականացնում է առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը: 

«2021թ. հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման ողջ տարածքներում իրականացվել են մանրէաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սանիտարական նորմերից և կանոնների պահանջներից շեղումներ և անհամապատասխանություններ չեն արձանագրվել»,- հայտնում է պրն Դաղբաշյանը: 

2021թ.-ի ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքներում գտնվող համայնքներում ջրից թունավորումների դեպքեր գրանցվեցին։ Արմավիրի մարզի Խանջյան համայնքում բնակիչները ցիստեռնից են խմելու ջուրը գնում, որի արդյունքում թունավորվեց 31 մարդ: Սիսիան համայնքում զանգվածային թունավորման դեպք գրանցվեց այս տարվա ապրիլ ամսին: «Դա անձրևաջրերի և կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է: ՀՎԿԱԿ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է Սիսիան, վերցրել նմուշներ ջրի բոլոր կետերից, այժմ փորձաքննություն է իրականացվում»,- հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և այլն: 

Ջրի կորուստների նվազեցման առնչությամբ Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Կարեն Դաղբաշյանը «Հետք»-ին պատասխանել է, որ չհաշվառվող ջուրն այս տարվա հոկտեմբեր ամսին կազմել է 65,8%: Իհարկե, կառավարման 5-րդ տարում 80% ջրակորուստը մոտ 14%-ով նվազեցնելը մեծ ցուցանիշ չէ, բայց անգամ սա կասկածելի ցուցանիշ է:

Ջրի սակագինը փոխելուց առաջ՝ 2021թ. նոյեմբերի 10-ին, «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև ստորագրվել է №24 համաձայնագիրը (կարծում ենք՝ 14 պետք է թվագրվեր, քանի որ վերջին համաձայնագիրը 13-ն էր -Ս. Պ.), որի հիման վրա փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։ 

Թիվ 24 համաձայնագրով նախ՝ ջրի կորուստը փոխարինվել է նոր տերմինով՝ «չհաշվառվող ջուր», և այդ հասկացությանը նոր սահմանում է տրվել. «Չհաշվառված թույլատրված սպառում, որի մեջ մտնում են ֆիզիկական և առևտրային կորուստները»: Համաձայնագրում նշել են, որ «չհաշվառված ջուր» բնորոշումը և ցուցանիշի հաշվարկման մեխանիզմն ամբողջովին և ճիշտ չեն արտացոլում վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջրի»-ի կողմից իրականացվող ծառայությունների շրջանակը: Կողմերը համաձայնել են «Միջազգային ջրային ասոցիացիայի» (IWA) կողմից առաջարկվող ջրի հաշվեկշռի մասնագիտական մեթոդաբանության համաձայն սահմանել Վարձակալության պայմանագրի 6-15 պայմանագրային տարիների «չհաշվառված ջուր» կատարողական ցուցանիշի կանխատեսումային մեծությունները:

Դեռևս 2019թ.-ին կնքված թիվ 13 համաձայնագրով 80% ջրակորուստը նվազեցնելու համար որոշվել էր ջրաչափեր տեղադրել բարձրահարկ շենքերի մուտքերին՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ջրի ծավալը չափելու համար: «Այն դեպքում, երբ մոնիտորինգը ցույց տա շենքերի մուտքագծերին չափված ջրի ծավալների եւ նշված շենքում բնակվող բաժանորդների համար գրանցված ջրաչափված ընդհանուր ծավալի միջեւ տարբերություն, կողմերը պետք է ուսումնասիրեն եւ գտնեն որեւէ հնարավոր լուծում չհաշվառված ջրի հաշվարկման մեթոդաբանության վրա դրա ազդեցությունը մեղմացնելու նպատակով»,- ասվում էր թիվ 13 համաձայնագրում:

«Հնարավոր լուծումը» կողմերն արդեն ամրագրել են նոր՝ 24 համաձայնագրում. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն և Ջրային կոմիտեն համաձայնել են, որ կնախաձեռնեն թիվ 13 համաձայնագրով նախատեսված՝ բազմաբնակարան շենքի ներքին ցանցերում ջրակորստի գնահատման գործընթացների շարունակումը և դրան համապատասխան գնահատված չհաշվառված ջրի ծավալները կամրագրվեն կողմերի միջև կնքվող համաձայնագրով՝ այդ չափով նվազեցնելով պայմանագրային տարվա համար հաշվարկված ընդհանուր ջրակորուստը (արտադրված և սպառված ջրաքանակների տարբերությունները):

Սա նշանակում է, որ ջրի կորուստը մոտ 14%-ով նվազել է ոչ թե «Վեոլիա ջրի» գործունեության բարելավման և ներդումների արդյունքում, այլ բազմաբնակարան շենքերում ի հայտ եկած արտադրված և սպառված ջրաքանակների տարբերությունն է, որն այլևս չի հաշվառվելու որպես «Վեոլիա ջրի» ջրակորուստ:  

«Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր արտոնություններ է ստացել Հայաստանի կառավարությունից

2021թ. նոյեմբերի 10-ին կողմերի միջև ստորագրված թիվ 24 համաձայնագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին թույլատրվել է իր սպասարկման տարածքում վարձակալած ջրային համակարգերի վրա կամ դրանց սանիտարական գոտիներում էլեկտրակայաններ կառուցել կամ շահագործել: «Վարձակալն իրավունք ունի սեփական կարիքների համար իրականացնելու էլեկտրական էներգիայի արտադրության գործունեություն»,- ասվում  է համաձայնագրում: Ընկերությունը խոստանում է կառուցված էլեկտրակայանները վարձակալության ժամկետի ավարտից հետո սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի կառավարությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի:

Համաձայնագրում տեղ գտած մեկ այլ կետով Հայաստանի կառավարությունը համաձայնել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ֆինասավորվող կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը 2022թ.-ից իրականացվի պետական բյուջեի միջոցներով: Համաձայնագրում ասվում է, որ դրա արդյունքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն տարեկան կխնայի 400 մլն դրամ, որը «հնարավոր կլինի ուղղել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից 5 մլն դրամը գերազանցող՝ կապիտալ աշխատանքների իրականացմանը: 

Հիշեցնենք, որ վարձակալության պայմանագրով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավորվել էր պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր (ՊԿԱԾ) իրականացնել՝ տարեկան ներդնելով մինչև 2,7 մլրդ դրամ: 2019թ.-ի հուլիսի 25-ին կնքված N13 համաձայնագրով Հայաստանի կառավարությունը էական զիջումներ կատարեց՝  ընկերությանն ազատեց 2020-21 թթ.-ին պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ստանձնած տարեկան մինչեւ 2,7 մլրդ դրամի ներդրում կատարելու պարտավորությունից: Կառավարությունը ներդրումների մասով չեղյալ համարեց նաև 2018-21 թթ.-ի համար «Վեոլիա ջրի» կողմից տարեկան գործունեության համար հիմնական կատարողական ցուցանիշները (ՀԷՑ) չկատարելու դեպքում նախատեսվող տուժանքները: Ավելի քան 9 մլրդ 323 մլն դրամով նվազեցվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ստանձնած ներդրումների չափը: 

Ստացվում է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, երկու տարի ազատված լինելով ՊԿԱԾ ծրագրով նախատեսված ներդրումներից, 2022թ.-ից էլ տարեկան առնվազն 400 մլն դրամ ոչ թե ընկերության եկամուտներից պետք է ներդնի կապիտալ աշխատանքներ իրականացնելու համար, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրով, այլ Հայաստանի պետական բյուջեի հատկացումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter