
5 ամսում` երկրորդ պարգևատրումը պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին: Այս մասին տեղեկանում ենք Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից:
«Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների»,-նշվում է կարգադրությունում, սակայն հավելվածները կցված չեն:
Հավանաբար, Սիմոնյանը պատգամավորներին ու աշխատակազմին պարգևատրել է ամանորյա տոների կապակցությամբ:
Թե ինչ դրույքաչափով է եղել պարգևատրումը, դեռ պարզ չէ, դա հստակեցնելու գրավոր հարցմամբ դիմել ենք ԱԺ աշխատակազմ:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման 5 ամսվա ընթացքում սա պարգևատրման երկրորդ կարգադրությունն է: Հիշեցնենք, որ 8-րդ գումարման խորհրդարանն իր գործունեությունը սկսել է օգոստոսի 2-ից: Սիմոնյանը պատգամավորներին ու աշխատակազմին պարգևատրել էր նաև սեպտեմբերի 21-ին` Անկախության 30-ամյակի առթիվ: Պատգամավորները պարգևատրվել էին աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի 75, աշխատակազմը` 100%-ի չափով: Ըստ մեր հաշվարկի` ԱԺ նախագահի գրասենյակի ու պատգամավորների պարգևատրումները Անկախության տոնին գերազանցել էին 60 մլն դրամը: Հիշեցնենք, որ այս խորհրդարանը հնգապատկել է պատգամավորական ծախսերի համար հատկացված ամսական գումարը՝ 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ:
Մեկնաբանել