HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետի աշխատակազմը 69 միլիոն դրամով 12 հատ «Նիվա» է գնել

Վարչապետի աշխատակազմն իր կարիքների համար 2021թ․ դեկտեմբերի 13-ին էլեկտրոնային աճուրդ է հայտարարել և «Մեգնա» ՍՊԸ-ից «Նիվա» մակնիշի 12 հատ ավտոմեքենա է ձեռք բերել։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ վարչապետի աշխատակազմի և «Մեգնա» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է երեկ՝ դեկտեմբերի 22-ին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 69 մլն 600 հազար դրամ է։

Այդ պայմանագրով՝ «Մեգնա» ՍՊԸ-ն պարտավորվել է մինչև 2022թ․ ապրիլի 30-ը վարչապետի աշխատակազմին մատակարարել Lada Niva Legend մակնիշի 12 ավտոմեքենա։ Մեկ ավտոմեքենայի արժեքը 5 մլն 800 հազար դրամ է։

Մատակարարվող ապրանքի տեխնիկական բնութագրում ասվում է, որ ավտոմեքենաները լինելու են 2022 թվականի արտադրության, գույնը՝ սպիտակ։

«Մեգնա» ՍՊԸ-ն պետական այլ գերատեսչությունների հետ ևս համագործակցության փորձ ունի։ Բացի ավտոմեքենաներ մատակարարելուց, ընկերությունը նաև տեխսպասարկման և վերանորոգման ծառայություններ է մատուցել։ Վարչապետի աշխատակազմի հետ կնքված վերը նշված պայմանագիրն ամենաթանկարժեքն է ընկերության համար։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մեգնա» ՍՊԸ-ն 2004 թվականին հիմնադրել է գործարար Ռաֆայել Շախմուրադյանը։ 2005 թվականից ընկերության 8,33-ական տոկոս բաժնեմասը պատկանում է նրա երկու որդիներին՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Շախմուրադյանին և Աշոտ Շախմուրադյանին, իսկ 83,34 տոկոսի սեփականատերը Ռաֆայել Շահմուրադյանի կինն Է՝ Լուսյա Տեր-Սարգսյանը։

Լուսանկարը՝ cenyavto.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter