HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2017-ից ի վեր «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հավաքագրել է 64.1 մլրդ դրամ, հատուցել՝ 53.7 մլրդ

Այս պահին կան զոհված զինծառայողների ընտանիքներ և մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներ, որոնց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը (ԶԱՀ) դեռեւս չի փոխհատուցել։ Պատճառը նրանց վերաբերյալ առկա թերի փաստաթղթերն են, որոնք թույլ չեն տալիս հիմնադրամին փոխհատուցում կատարել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը ստեղծվել է 2017 թվականին։ Առ այսօր այն փոխհատուցել է  4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 4240-ը, 2020 թվականին Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված կամ վիրավորված զինծառայողներն են։ 

4660-ի կազմում գտնվող 576 զինծառայող հաշմանդամություն է ձեռք բերել հայրենիքը պաշտպանելիս, 98-ն էլ համարվում են անհետ կորած։ Մնացածը զոհված զինծառայողներ են. հատուցում են ստանում նրանց ընտանիքները։ 

Հիմնադրամը չունի լիազորություններ՝ հայտնաբերելու շահառուների և նրանց հատուցումների գործընթացում ընդգրկելու։ Այդ գործառույթը կատարում են ուժային մարմինները, առաջին հերթին՝ Պաշտպանության նախարարությունը։ Պոտենցիալ շահառուներն իրենք են դիմում այս մարմիններին, որտեղ նրանց տեղեկացնում են, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր գործընթացը սկսելու համար։ Տեղեկություններ ունենալու դեպքում այդ մարմինները նաև իրենք են հայտնաբերում շահառուներին։ 

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն այս գործընթացում վերջին օղակն է, որը գնահատում է ստացված փաստաթղթերի ամբողջականությունը և, եթե դրանք համապատասխանում են օրենքին, հատուցում է տալիս։ 

«Այս պահի դրությամբ հիմնադրամում չկա գեթ մեկ շահառուի գործ, ում տվյալները և փաստաթղթերը ամբողջական ներկայացվել  են մեզ, բայց հատուցումը չեն ստացել։ Շահառուն հիմնադրամին անմիջականորեն չի դիմում։ Զոհված զինծայողի ընտանիքը կամ հաշմանդություն ձեռք բերած զինծառայողը դիմում է այն մարմնին, որտեղ ծառայել է։ Այդ մարմինները համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են մեզ, հիմնադրամը գնահատում է և որոշում կայացնում գումարի փոխհատուցման վերաբերյալ»,- ասում է Սմբատ Սաիյանը։

2017 թվականից ի վեր հավաքագրվել է 64.1 մլրդ դրամ, հատուցվել՝ 53.7 մլրդ դրամ

Գործնեության ողջ ընթացքում` 2017 թվականից առ այսօր (23.12.2021թ.), «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին փոխանցվել է մոտ 64.1 մլրդ դրամ։ Մեծամասնությունը՝ մոտ 53 մլրդ դրամը, պարտադիր դրոշմանիշային վճարներն են, որոնք գանձվում են գրանցված աշխատողներից։

Որքան բարձր է աշխատողի «կեղտոտ» աշխատավարձը, այնքան բարձր է դրոշմանիշային այս վճարը։ Այդ գումարը տատանվում է 1500-15 000 դրամի շրջանակներում։ 

Իսկ նվիրաբերություններն առ այսօր կազմել են 11.1 մլրդ դրամ։ 

Թե՛ հատուցումների և թե՛ հավաքագրումների գերակշիռ մասը ձևավորվել է 44-օրյա պատերազմից հետո։  

Հավաքագրումների և հատուցումների տվյալները հրապարակվում են հիմնադրամի կայքում։ 

«Նվիրաբերությունների մեծ մասը կատարվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։  Փոխանցումները հիմնականում իրականացվում են Հայաստանից և ՀՀ դրամով։ Ակտիվ են նաև ԱՄՆ-ն, հաջորդում են եվրոյով նվիրաբերությունները և ամենափոքր ծավալը ռուսական ռուբլիով է»,- նշում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդահայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանը։

Մինչև 2020 թվականը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» կամավորների միջոցով է համակարգել իր աշխատանքները։ 2021 թվականից ձևավորվել է նոր թիմ։ 

Սոնա Բաղդասարյանը նկատում է, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի մասին գիտի Հայաստանի բնակչության մեծ մասը։ Առաքելության մասին ավելի շատ տեղեկությունների կարիք ունի Սփյուռքը։  

«Պատերազմը մտել է բոլորիս տները։ Ցավոք, բոլորս ունենք ընտանիքի անդամ, բարեկամ, ընկեր, հարևան, ով ինչ-որ կերպ առնչվել է  պատերազմին. կան զոհեր և հաշմանդամություն ձեռք բերածներ։ Հետևաբար, այս պահին ԶԱՀ առաքելության մասին տեղեկացվածության աստիճանը բավականին բարձր է։ Դրանով է պայմանավորված, որ մեր կամավոր նվիրաբերությունների մեծ մասը հենց Հայաստանից է»,- ասում է նա։ 

Սփյուռքում ամենաակտիվ համայնքը ԱՄՆ-ի հայ համայնքն է, հանդիպումների արդյունքում պարզվել է, որ մարդիկ, եթե նույնիսկ լսել են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի մասին և գիտեն, որ այն կա, մինևնույն է՝ լավ չեն պատկերացնում «մոդելի առանձնահատկությունը»։ 

«Սփյուռքի հայ համայնքները հիմնականում տեղեկացված չեն ԶԱՀ գործունեության մասին։ Պատերազմի ընթացքում որոշ համայնքներ բավականին ակտիվ էին։ Ծանոթացան առաքելությանը և սկսեցին մշտական օժանդակություն ցուցաբերել»,- ասում է Սոնա  Բաղդասարյանը։

Մինչև 2020 թվականի սեպտեմբերը, երբ դեռ չէր սկսվել պատերազմը, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը հավաքագրել է 30-35 մլրդ դրամ և կարողացել փոխհատուցել ոչ միայն իր հիմնադրման տարվանից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, այլեւ 2008 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար։

2008 թվականից մինչև 2020-ի սեպտեմբերը, ըստ Սոնա Բաղդասարյանի, փոխհատուցվել է ընդամենը 417 դեպք։ Այս պահի դրությամբ կա 4660 դեպք։ Այսինքն՝ պատերազմից հետո հիմնադրամի պարտավորությունները տասնապատիկ աճել են։ 

Հարցին, թե ինչպե՞ս է հիմնադրամը կարողացել փակել ֆինանսական ճեղքը, ֆոնդահայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետը պատասխանում է, որ ստիպված են եղել կտրուկ քայլերի գնալ։ 

«Բարձրացվել են պարտադիր դրոշմանիշային վճարները։ Մինչև 2020 թվականը յուրաքանչյուր գրանցված աշխատող Հայաստանում և Արցախում Հիմնադրամին  վճարում էր ամսական 1000 դրամ։ Այս պահին դա սանդղակային է՝ 1500-15 000 դրամ յուրաքանչյուրը։ Պարտադիր վճարումներից ստացվող եկամուտները եռապատկվել են։ Բացի այդ, իրականացնում ենք նաև դրամահավաքի ակտիվ գործունեություն։ Մենք միշտ հույս ունենք, որ չենք ունենա պատերազմ, բայց մենք միշտ պետք է շատ լավ կապիտալիզացված լինենք։ Պետք է մեր ռեզերվներն աճեն»,- շեշտում է Սոնա Բաղդասարյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter