
Եկամտային հարկի դրույքաչափը 2022-ին նվազում է, սոցիալական վճարը՝ բարձրանում
Հայաստանում գրանցված աշխատողները 2022 թվականից ավելի ցածր եկամտային հարկ կվճարեն, փոխարենը կբարձրանա սոցիալական վճարը՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող գումարը: Իսկ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ուղղվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը կմնան նույնը:
Եկամտային հարկը 22%-ից կդառնա 21%
Այս տարի՝ 2021 թվականին, Հայաստանում գրանցված աշխատողները պետությանը վճարում են իրենց աշխատավարձի 22%-ի չափով եկամտային հարկ: 2020 թվականի համեմատ այս դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով: Եվս 1 տոկոսային կետով կնվազի 2022 թվականին:
Այդպիսով, 2022 թվականին եկամտային հարկի դրույքաչափը կկազմի 21%:
Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականն աստիճանաբար նվազեցվելու է՝ հասնելով 20%-ի:
Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը: Այսինքն՝ բոլոր գրանցված աշխատողները նույն տոկոսաչափով եկամտային հարկ են վճարում։
Եկամտային հարկի փոփոխությունները կարգավորվում են «ՀՀ հարկային օրենսգրքի» համաձայն:
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ» ուղղվող դրոշմանիշային վճարները մնում են նույնը
2022 թվականին փոփոխություններ նախատեսված չեն դրոշմանիշային վճարների մասով: Հիշեցնենք, որ սրանք այն գումարներն են, որոնք ուղղվում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»:
Հիմնադրամին կատարված նվիրաբերությունները և դրոշմանիշային վճարները ուղղվում են հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զիվորին կամ նրա ընտանիքին հատուցում տրամադրելու առաքելությանը:
Դրոշմանիշային վճարները պարտադիր վճարներ են, որոնք գանձվում են բոլոր գրանցված աշխատողներից: Գանձվող դրոշմանիշային վճարները պրոգրեսիվ սանդղակով են: Որքան բարձր է «կեղտոտ» աշխատավարձը, այնքան բարձր է դրոշմանիշային վճարը` 1500-15 000 դրամ։
Դրոշմանիշային վճարները գանձվում են հետևյալ սանղակով.
Դրոշմանիշային վճարների դրույքաչափերը սահմանված են «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով:
Սոցիալական վճարի դրույքաչափը 3.5%-ից դառնում է 4.5%
Հայաստանում գրանցված աշխատողները կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են, եթե ծնվել են 1974 թվականին և դրանից հետո: Ավելի բարձր տարիքի անձինք համակարգին կարող են միանալ կամավոր։
- Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները հատել են 400 մլրդ դրամի շեմը. որտեղ են «թափառում» այդ փողերը
- Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների 51%-ը տղամարդիկ են, 49%-ը` կանայք
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի տրամաբանությամբ աշխատողի աշխատավարձի 10%-ի չափով պետք է կուտակվի որպես ապագայի կենսաթոշակ։ Այդ 10%-ի մի մասը աշխատողն է վճարում, մյուս մասը՝ պետությունը։ Հարկային ձևակերպմամբ՝ այդ գումարը կոչվում է սոցիալական վճար։ Ներկայումս պետության մասնակցությունն ավելի մեծ է։
Հարկային փոփոխությունները մշակվել են այնպես, որ 2023 թվականից նշված 10%-ում պետության և աշխատողների մասնակցությունը հավասար լինի՝ 5-ական %։
Եթե 2021 թվականին մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներից որպես սոցիալական վճար գանձվում է 3.5%, ապա 2022-ին այն կդառնա 4.5%:
Իսկ արդեն 2023-ից սոցիալական վճարը կդառնա 5%:
Այս դրույքաչափերը գործում են, եթե աշխատողի աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը:
Գերազանցելու պարագայում հաշվարկն այլ կերպ է կատարվում: Ներկայում համակարգն այնպես է պլանավորված, որ պետության կողմից մեկ մասնակցի համար կուտակվող կենսաթոշակի գումարը չգերազանցի 32 500 դրամը։ Հետևաբար, եթե աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, ապա քաղաքացուց գանձվում է աշխատավարձի 10%-ի և 32 500 դրամի տարբերության չափով:
Իսկ 2022 թվականից կգանձվի աշխատավարձի 10%-ի և 27 500 դրամի տարբերության չափով:
Նշենք, որ բացի հոդվածում ներկայացված դրույքաչափերիցս, օրենքով գործում են բացառություններ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել