
«Մարտի 1 չի կարելի բացառել»
«Իշխող կուսակցությունն անհանգիստ է իր ապագայի համար, որ չի կարողանա այնքան ձայն հավաքել, որքան ունի ներկա ԱԺ-ում և պատրաստ է դիմել ցանկացած միջոցի, որպեսզի իր ակնկալիքներն արդարացվեն», - «Հետքի» հետ զրույցում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սոնա Այվազյանը:
Նրա խոսքերով` տարբեր քաղաքական ուժերի կողմից կիրառվում են հարկադրանքներ, հնչում են սպառնալիքներ, կատարվում են նաև հոգեբանական ճնշումներ: Այժմ, երբ հասարակության մեջ առկա են տարբեր սոցիալական հիմնախնդիրներ` բարձր գներ, աշխատանքի բացակայություն, արատագաղթ, մարդկանց շատ ավելի հեշտ է կառավարել: Ս. Այվազյանի խոսքերով` դժվար է ակնկալել, որ նրանք բարձրացնեն ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին հարցեր:
Չնայած այս անգամ կան դրական տեղաշարժեր, լրատավամիջոցները փորձում են հավասար հնարավորություններ ընձեռել քաղաքական բոլոր ուժերին, քաղաքացիական հասարակությունը շատ ավելի ակտիվ է, շարքային քաղաքացին անկախ իր քաղաքական հայացքներից ակնկալում է արդար ընտրություններ, սակայն Ս. Այվազյանը չի կարծում, թե իշխանությունների մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխվել է: Նրանք պատրաստ են կեղծել ընտրությունները: Նախընտրական խոստումները, թե լինելու են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, դեռևս իշխանություններին հավատալու հիմքեր չեն:
«Թաղային ավտարիտետները իշխում են, օլիգարխները ցուցակում են, մարդկանց համոզում են, որ գնան մի քանի հոգու փոխարեն քվեարկեն, ընտրակաշառք են բաժանում: Հարկադրանքի բոլոր ձևերը կկիրառվեն», - ասաց Ս. Այվազյանը:
Նա կարծում է, որ խելացի կառավարությունը չի կրկնի Մարտի 1-ը, իշխանություններն իրենք չեն ուզենա դեպքերի նման սցենար, առավել ևս, որ կընկնի նրանց վարկանիշը միջազգային ասպարեզում, սակայն այս ամենը դեռ ոչինչ չի նշանակում:
«Չեմ կարող ասել, որ Մարտի 1-ը չի կրկնվի: Այստեղ իշխանություն, փող կորցնելու խնդիր է, կենաց ու մահու խնդիր է: Ես չեմ կարող բացառել Մարտի 1-ի կրկնություն, առավել ևս «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումից հետո: Մարտի 1 չի կարելի բացառել», - ասաց Ս. Այվազյանը:
Նրա կարծիքով` ընտրությունների կեղծման դեպքում մարդիկ պետք է դուրս գան փողոց և պահանջատեր լինեն:
Մեկնաբանել