
Վանաձորի ավագանու նիստը չկայացավ. համայնքը ո՛չ ղեկավար ունի, ո՛չ ժամանակավոր պաշտոնակատար
Վանաձորի ավագանու առաջին նիստը, որտեղ պետք է համայնքապետ ընտրվեր, չկայացավ: Պատճառը անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության` Վարչական դատարան հարցադիմումի մասնակի բավարարումն է: Դատարանը պարտավորեցրել է ավագանուն համայնքապետի ընտրության նիստ չգումարել, քանի դեռ համապատասխան գործով դատարան ներկայացված բողոքի հարցը չի լուծվել: ԼՀԿ-ն վիճարկում է ընտրության արդյունքները՝ պահանջելով հաշվարկի ընթացքում արձանագրված 12 անճշտությունը հստակեցնել, որից հետո միայն համայնքապետ ընտրել: Ըստ ԼՀԿ-ի` 12 անճշտությունից 10-ը իր օգտին լինելու դեպքում իրենք կստանան մեկ մանդատ:
Վանաձորի ավագանու ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է, դատարանը նրա մասնակցությունը նիստին չէր ապահովել:
«Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանը հայտարարեց` անկախ նրանից իրենց համար ընդունելի է դատարանի որոշումը, թե ոչ, միևնույն է, կկատարեն այն:
«Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը նախ հիշեցրեց, որ այսօր Մամիկոն Ասլանյանի ծննդյան օրն է և առաջարկեց ծափահարություններով շնորհավորել վերջինիս: Ինչից հետո հնչեցին ծափահարություններ:
Ըստ Դոխոյանի` դատարանի այս որոշմամբ իշխանությունը փորձում է վանաձորցուց խլել իր քվեն, իսկ վանաձորցու վստահությունը չստացած ԼՀԿ-ն այդ կերպ աջակցում է իշխանությանը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները նիստին չէին եկել: ՔՊ առաջին համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Եթե կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանը նիստին ներկա լիներ, ապա այն կլիներ իրավազոր` ավագանու անդամների քանակով:
Ուրագրավ է, որ «Ասլանյան դաշինքի» և «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչներն ասացին, որ նիստին են տեղեկացել դատարանի որոշման մասին, սակայն ՀԱՍԿ-ը, «Ապրելու երկիրը» և ՔՊ-ն չէին եկել:
Եւ այսպես «Ասլանյան դաշինքը» ստացել է 15 մանդատ, ՔՊ-ն` 9, ՀԱՍԿ-ը` 5, «Ապրելու երկիրը»` 2, «Հայրենիքը»` 2:
Նշենք, որ այս պահին Վանաձորը ոչ միայն ղեկավար չունի, այլ նաև ղեկավարի պաշտոնակատար, Վանիկ Օհանյանի` որպես ԺՊ պաշտոնավարման օրենքով նախատեսված ժամկետը լրացել է:
Մեկնաբանել