HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որի գլխավորած դաշինքը դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին ամենամեծ թվով քվեն է ստացել, կալանավորվել է: Այս մասին հայտնում է Ասլանյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, Մամիկոն Ասլանյանի կալանավորման միջնորդության քննությունն այսօր էր սկսել և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Ասլանյանը երեկվանից ձերբակալված էր: Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով այն գործի վերաբերյալ, որի շրջանակներում Ասլանյանը մեղադրյալի  կարգավիճակ ունի:

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ քրեական գործը հարուցվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին, այսինքն՝ շուրջ երեք ամիս առաջ: ՔԿ-ի փոխանցմամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մամիկոն Ասլանյանը  Վանաձոր քաղաքի կոնկրետ հասցեների նպատակային նշանակությունը փոխել է՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից դրանք դարձնելով  էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի, որի լիազորությունը չի ունեցել. արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Մամիկոն Ասլանյանին վերագրված են նաև այլ արարքներ:

Ասլանյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը երեկ համատեղ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որը գլխավորում է Մամիկոն Ասլանյանը, դեկտեմբերի 5-ին Վանաձոր խոշորացված համայնքում  կայացած ընտրություններին առավելագույն ձայներ է ստացել: Դաշինքի օգտին քվեարկել է 12814 ընտրող (ավագանու մանդատների 45%):  Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում  համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է ընտրվեր դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը։

Պաշտպանները նշել են, որ դեկտեմբերի 15-ին՝ այն օրը, երբ Ասլանյանը ձերբակալվել է,  ընտրություններում 1313 ձայն հավաքած, ընտրական շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան՝ բողոքարկելով ավագանու մանդատների բախշման մասին Ընտրական հանձնաժողովի որոշումը, թեև մինչ այդ իրականացված վերահաշվարկի արդյունքներն արդեն վկայում են այն մասին, որ ներկայացված հայցը չունի որևէ իրավական հեռանկար։ Պաշտպանների համոզմամբ՝ հայցի միակ արդյունքը ավագանու նիստը մեկ շաբաթ ժամանակով հետաձգելն է:

«Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։

Իշխանության կամքին հակառակ, սակայն, ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է»,- նշել են պաշտպանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter