HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսագետ. «Հայաստանի կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկել GSP+ համակարգից դուրս գալու հետևանքները մեղմելու համար»

Հայաստանյան տեքստիլ արտադրող ընկերությունները, որոնք տարիներ շարունակ օգտվել են դեպի Եվրոպական միության երկրներ արտահանման GSP+ համակարգի արտոնություններից, 2022 թվականից շատ դժվար կկարողանան վերապրոֆիլավորվել և արտահանման այլընտրանքային շուկաներ գտնել, կարծում է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

2022 թվականից Հայաստանում արտադրված ապրանքները այլևս չեն կարողանալու արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրամիության երկրներ: Հայաստանը զրկվում է դեպի ԵՄ արտահանման Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որի ներքո 2009 թվականից սկսած հայկական ապրանքները Եվրամիություն են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

««Berlin Economics» հետազոտական կենտրոնի տվյալներով GSP+ համակարգից զրկվելու հետևանքով Հայաստանում կտուժեն մի շարք ոլորտներ: Ըստ կենտրոնի հաշվարկների՝ Հայաստանը կկորցնի դեպի ԵՄ արտահանման շուրջ 20%-ը, որը կազմում է մոտ 114 մոտ մլն ԱՄՆ դոլար: Ըստ Ասիական զարգացման բանկի՝ կորուստներն ավելի մեծ կլինեն՝ 146 մլն ԱՄՆ դոլար»,- GSP+ համակարգից Հայաստանի դուրս գալու թեմայով այսօրվա քննարկմանը նշեց Հայկազ Ֆանյանը:

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանի արտահանման կազմում Եվրոպական միության երկրների տեսակարար կշիռը կազմել է 16.9%: Հայաստանը Եվրոպա է արտահանում մեծ մասամբ հանքանյութ: Ըստ Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, 2017-2019թթ. GSP+ համակարգի շրջանակներում Հայաստանի արտահանած ապրանքների 96.3%-ը կազմել են հիմնային մետաղները. խոսքը մեծ մասամբ պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի, ինչպես նաև՝ ալյումինե նրբաթիթեղի մասին է: 1.2%-ը կազմել է սնունդը, 0.7%-ը հագուստը, 0.6%-ը՝ ծխախոտը, 0.5%-ը՝ ժամացույցները և մնացած 0.7%-ն էլ այլ ապրանքներն են:

Ինչպես ավելի վաղ գրել ենք, GSP+ համակարգից դուրս գալու հետևանքով կտուժեն մի շարք բիզնեսներ: Նման փաստի առաջ է կանգնել տեքստիլի խոշոր արտադրող Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան:

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանում GSP+ համակարգից զրկվելու հետևանքով առավելապես կտուժի երկու ոլորտ: Առաջինը ալյումինե նրբաթիթեղի արտադրությունն է, երկրորդը՝ տեքստիլը:

«Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի միակ արտադրողը Երևանի «Արմենալ» գործարանն է («Ռուսալ Արմենալ» ՓԲԸ), որի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԱՄՆ և ԵՄ երկրներ: Քանի որ ունենք նաև զուգահեռ գործընթացներ ԱՄՆ-ում՝ կապված դեմպինգի և հարուցված վարույթի հետ, մենք նաև խնդիրներ ենք ունենալու ԱՄՆ արտահանման ուղղությամբ: Այսինքն՝ եթե կարող էինք ԵՄ արտահանումը փոխարինել ԱՄՆ արտահանմամբ, ըստ էության՝ այդ հնարավարությունը կորցնում ենք: «Արմենալ»-ը ռուսական «Ռուսալ»-ի ալյումինե «կայսրության» ներքո է գործում: Եվ եթե այլ որոշումներ չկայացվի այդ համակարգում, մենք ունենալու ենք արտահանման էական անկում ալյումինե փայլաթիթեղի մասով: Եթե հաշվի առնենք, որ մեր արդյունաբերական հսկաներից մեկն է «Ռուսալ Արմենալը» և հանդիսանում է էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, մենք կունենանք շղթայական ազդեցություն և՛ էլեկտրաէներգիայի ոլորտի վրա, և՛ գործազրկության մասով, և՛ հարկային մասով»,- շեշտում է Հայկազ Ֆանյանը:

Ըստ նրա՝ խնդիրներ կարող են առաջանալ ֆերոմոլիբդենի արտահանման հետ կապված:

Հայաստանն այլևս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, քանի որ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից բարձր եկամտով տնտեսություն ունեցող երկիր:

Հայաստանը 2017, 2018 և 2019 թվականներին Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով։ 2021 թվականին Հայաստանին անցումային ժամանակահատված է տրվել, իսկ արդեն 2022 թվականից շահառուների ցանկից երկիրը դուրս է գալիս:

«GSP+» համակարգից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների ներքո ստորագրելն ու դրանց հետևելը։ Այդ ճանապարհով է գնացել նաև Հայաստանը։

Հայկազ Ֆանյանը նկատում է, որ այս անցումային ժամանակահատվածում Հայաստանի կառավարությունը բավարար քայլ չի ձեռնարկել համակարգից դուրս գալու հետևանքները տնտեսվարողների համար մեղմելու ուղղությամբ: 

«Դեռևս 2019 թվականից ակնհայտ էր, որ մենք դուրս ենք գալու «GSP+» համակարգից: Մեկ տարի անցումային ժամանակահատված ունեինք, ենթադրվում էր, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը պետք է գործեր, որ հնարավոր ազդեցությունը մեղմեր: Այս մասով կառավարության գործունեությունը ես կարող եմ գնահատել ոչ բավարար»,- նշում է տնտեսագետը:

Հայաստանը 2009թ. հունվարի 1-ից է օգտվում «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+): Սա մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար. «Այս որոշումը հանկարծակի չի եղել, կառավարությունը տեղյակ է եղել»

Հայաստանի Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը բացատրում է, որ երբ Հայաստանից ապրանք է արտահանվում դեպի Եվրոպական միության անդամ որևէ երկիր, այնտեղ ներմուծվելիս է վճարվում մաքսատուրքը: Այս համակարգը հնարավորություն էր տալիս, որ հայկական ծագման ապրանքները Եվրոպական միություն ներմուծելիս մաքսատուրքը չվճարեին: Արդյունքում այդ գումարը կամ խնայում էր հայկական արտադրողը, կամ իր ապրանքը եվրոպական միությունում լինում էր ավելի էժան, հետևաբար՝ ավելի մրցունակ:

«Համակարգից դուրս գալու որոշումը հանկարծակի չի եղել, որովհետև վերջին մեկ-երկու տարիներին եղել են քննարկումներ և հայկական կողմը՝ կառավարությունը, տեղյակ է եղել, որ նմանատիպ զարգացման պարագայում Հայաստանը կզրկվի այս արտոնությունից: Եթե մենք ունենք նմանատիպ սցենար, որ հունվարի 1-ից արտոնությունները հանվելու են, շատ կուզենայի տեսնել, որ Եվրոպական միության հետ տնտեսության և առևտրային հարցերում մյուս մասերով ինտենսիվ աշխատանք է իրականացվում, որ գոնե ինչ-որ չափող փոխհատուցվի այս հետքայլը»,- ասում է Գագիկ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ կառավարությունը պետք է պատրաստվեր այս համակարգից դուրս գալու, իրավիճակը մեղմելու գործիքներ կիրառեր:

«Մեկ-երկու տարվա ընթացքում տեղեկացնելու, քննարկելու, մեղմացնելու որոշակի գործիքներ գտնելու, Եվրոպական միության հետ բանակցելու քայլեր, իմ տեղեկությամբ, չեն արվել: Սա է փաստը: Կար բավական բան աշխատելու այս անցած ժամանակահատվածում՝ նախապատրաստելու մեր մասնավորին, արձանագրենք, որ այդ բանը չի արվել: Շատ կազմակերպություններ փաստի առաջ են կանգնել: Բիզնեսի համար յուրաքանչյուր միավոր գումար էլ զգալի գումար է»,- շեշտում է Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը:

Ըստ նրա, ընդհանուր պատկերը կարելի էր մեղմել՝ ընթացակարգերը բարելավելով:

«2019 թվականին արտահանողները 9 մլն եվրո են խնայել այս համակարգի շրջանակներում»

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության առևտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը նկատում է, որ  2019 թվականը ամենաարդյունավետ տարին էր GSP+ համակարգից օգտվելու ժամանակաշրջանում: Հայաստանից մոտ 197 մլն եվրոյի արտահանում օգտվել է այս համակարգից:

Նա ևս փաստում է, որ օգտվող ոլորտները մեծ մասամբ հանքարդյունաբերողներն ու հիմնային մետաղներ արտադրողներն են՝ պողպատ, պղնձի և մոլիբդենի խտանյութ, ալյումինե նրբաթիթեղ, որոնք միասին կազմել են արտահանման 93%-ից ավելին: Մնացածը պատրաստի արտադրանքն են՝ սնունդ, պահածոներ, ծխախոտ, տեքստիլ, ժամացույցներ:

«2019 թվականին 9 մլն եվրո խնայել են արտահանողները «GSP+»-ի շնորհիվ: Եվրամիությունում կանոններն այնպիսին են, որ ներմուծողն է մաքսատուրքը վճարում: Այսինքն՝ ներմուծողը կարող է խնայել՝ այդ մաքսատուրքը չվճարելով»,- նշում է Կարեն Ազարյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական երկրներից Հայաստանը մեծ ծավալով  արտահանում է դեպի Բուլղարիա, Նիդերլանդներ և Գերմանիա:

Բուլղարիա արտահանվում է մեծ մասամբ պղնձի խտանյութ, Նիդերլանդներ՝  ֆերոմոլիբդեն ու ալյումինե նրբաթիթեղ, իսկ Գերմանիա՝ ալյումինե նրբաթիթեղ, ինչպես նաև հագուստ:

Առաջին հնգյակում են նաև Իտալիան, դեպի ուր Հայաստանն արտահանում է հիմնականում հագուստ ու ալյումինե նրբաթիթեղ և Բելգիան՝ արտահանվում է մեծ մասամբ ադամանդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter