HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան փաստի առաջ է կանգնել. Հայաստանը զրկվում է դեպի ԵՄ արտահանման արտոնություններից

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի ղեկավարությունը փաստի առաջ է կանգնած: Ֆաբրիկայի ղեկավարությունը արդեն տևական ժամանակ է, ինչ փորձում է լեզու գտնել օտարերկրյա պատվիրատուների հետ՝ 2022 թվականից Եվրոպա մուտք գործող ապրանքների բարձրացվող մաքսատուրքերից հնարավորինս քիչ տուժելու համար։ 

2022 թվականից Հայաստանում արտադրված ապրանքները այլևս չեն կարողանալու արտոնյալ պայմաններով մուտք գործել Եվրամիության երկրներ: Հայաստանը զրկվում է  դեպի ԵՄ արտահանման Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+):  2009 թվականից սկսած այս համակարգի շրջանակներում հայկական ապրանքները Եվրամիություն են մուտք գործել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:  Եվ հիմա, երբ այդ հնարավորությունը վերանում է, որոշ արտադրողներ, ինչպես Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, հարվածի տակ են հայտնվում: 

«Գլորիան» Վանաձորում ունի երկու մասնաճյուղ: Մեծամասամբ պատվերներ է ստանում Գերմանիայից և Իտալիայից, որոնց հիման վրա էլ հագուստ է արտադրում ու արտահանում նշված երկրներ: 

Ֆաբրիկայի սեփականատեր ու տնօրեն Բագրատ Դարբինյանը նշում է, որ շուրջ տասը տարի GSP+ համակարգի շրջանակներում իրենց ապրանքը Եվրամիություն է մտել զրոյական մաքսատուրքով: 

Հիմա, երբ այլևս հնարավորություն չեն ունենալու օգտվել GSP+ համակարգից, փաստի առաջ են կանգնել: Պատվիրատուները պահանջում են եկող տարվանից իրենց հետ կիսել առաջացող մաքսատուրքերի բեռը: Բագրատ Դարբինյանը բացատրում է, որ երբ հայկական ապրանքը հայտնվում է Եվրոպայում, մաքսատուրքը մուծում է ոչ թե հայ արտադրողը, այլ եվրոպայում այն պատվիրողը՝ ներմուծողը: Սակայն, վերջիններս հայտարարում են, որ պատրաստ չեն նոր բեռին: 

«Տարիներ շարունակ մենք արտահանել ենք, իրենք էլ ներմուծել են 0% մաքսատուրքով: Հիմա, իրենք պետք է ներմուծելիս 12% մաքսատուրք վճարեն: Պատվիրտատուները ասում են, եթե ապրանքը գնելու ենք և հիմա դրա համար հավելյալ հարկ ենք վճարելու՝ 12%, ուրեմն նույն 12%-ով իջեցրեք ձեզ ապրանքի գինը, որ գնենք, այլապես ձեռնտու չէ: Բոլոր պատվիրատուները պահանջում են, որ գները իջեցնենք: Կամ ասում են, գոնե, այդ վնասի կեսը դուք վերցրեք ձեզ վրա, կեսն էլ՝ մենք»,-  «Հետքի» հետ զրույցում նշեց Բագրատ Դարբինյանը: 

Կարի ֆաբրիկան այժմ բանակցությունների մեջ է, փոխզիջումային տարբերակներ է փնտրում: 

Ֆաբրիկայի սեփականատերն ասում է, որ Եվրոպայից բացի, այս պահին այլ երկրներ արտահանելը ձեռնտու և նպատակահարմար չէ՝ պահանջարկի ու լոգիստիկ խնդիրների պատճառով: 

Եթե 2022 թվականից  ստիպված լինեն եվրոպացի պատվիրատուների հետ կրել մաքսային նոր բեռը, ապա, ըստ երևույթին, առաջացող ֆինանսական ճեղքը պետք է լրացնեն այլ ծախսերի կրճատմամբ: 

«Աշխատավարձր վրա, իհարկե, մի փոքր երևի կազդի:  Եթե այդ 12% հարկից 6%-ը մեզ վրա վերցնենք, բնական է, մենք էլ ստիպված պետք է աշխատավարձները պակասեցնենք: Թեթև արդյունաբերությունը այդքան մեծ շահույթներ չի ստանում: Ընկերություն կա, որ գրում է՝ ձեր փոխարեն պետք է 700 հազար եվրո հարկ վճարենք, ի՞նչ եք մտածում այդ մասին: Հիմա մենք ի՞նչ կարող ենք պատասխանել»,- ասում է Բագրատ Դարբինյանը:

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի երկու մասնաճյուղերը, նրա տվյալներով, այսօրվա դրությամբ շուրջ 2900 աշխատակից ունեն:  

Արտաքին առևտրի տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտում քիչ ընկերություններ են արտահանում իրականացնում Եվրոպա, այն էլ՝ փոքր ծավալներով: Նրանց մեջ համեմատաբար խոշոր արտահանող է  Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան: 

Հայաստանն այլևս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, քանի որ Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է որպես միջինից բարձր եկամտով տնտեսություն ունեցող երկիր

Հայաստանը 2009թ. հունվարի 1-ից է օգտվում  «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+): Սա մաքսային արտոնությունների համակարգ է, որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

«GSP+» համակարգից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների ներքո ստորագրելն ու դրանց հետևելը։ Այդ ճանապարհով է գնացել նաև Հայաստանը։ 

ԵՄ կանոնների համաձայն՝  երկիրը դուրս է գալիս համակարգի շահառուների ցանկից, եթե Համաշխարհային բանկի կողմից 3 հաջորդական տարի անընդմեջ դասակարգվել է որպես բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն։

Հայաստանը 2017, 2018 և 2019 թվականներին Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով։ 2021 թվականին Հայաստանին անցումային ժամանակահատված է տրվել, իսկ արդեն 2022 թվականից շահառուների ցանկից երկիրը դուրս է գալիս: 

Արտահանողների մի մասը այսօր փաստի առաջ է կանգնել, ելքեր են փնտրում:  

 

Սակայն, չնայած առանձին ընկերություններ կարող են մեծապես տուժել  GSP+ համակարգի արտոնություններից զրկվելու արդյունքում, բայց չնչին է հավանականությունը, որ այն «կործանիչ» հարված կլինի Հայաստանի արտահանման համար, քանի որ ԵՄ-ի տեսակարար կշիռը այստեղ մեծ չէ, ապրանքների ցանկն էլ՝ խիստ կենտրոնացված է: 

Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների կազմում առյուծի բաժինը հանքահումքինն է

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանի արտահանման կազմում Եվրոպական միության երկրների  տեսակարար կշիռը կազմել է 16.9%: Դա կազմել է մոտ 429  մլն ԱՄՆ դոլար։ 

Համեմատության համար նշենք, որ ԵԱՏՄ-ն, ի հաշիվ դեպի Ռուսաստան արտահանման, ավելի մեծ կշիռ ունի՝ 27.7%: Ընդհանուր արտահանման կեսից ավելին բաժին է ընկնում այլ երկրների: 

Եվրոպական երկրներից Հայաստանն առավել մեծ ծավալի  արտահանում է դեպի Բուլղարիա, Նիդերլանդներ և Գերմանիա (տե ՛ս ինֆոգրաֆիկան): 

Բուլղարիա արատահվում է մեծամասամբ պղնձի խտանյութ, Նիդերլանդներ՝  ֆեռոմոլիբդեն ու ալյումինե նրբաթիթեղ, իսկ Գերմանիա՝ ալյումինե նրբաթիթեղ, ինչպես նաև հագուստ: 

Առաջին հնգյակում են նաև Իտալիան, ուր Հայաստանն արտահանում է հիմնականում հագուստ ու ալյումինե նրբաթիթեղ և Բելգիան, ուր արտահանվում է մեծամասամբ ադամանդ: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանը Եվրոպա է արտահանում մեծամասամբ հանքանյութ:  Ըստ Եվրամիության պաշտոնական կայքում հրապարկված տեղեկությունների, 2017-2019թթ. GSP+ համակարգի շրջանակներում Հայաստանի արտահանած ապրանքների 96.3%-ը կազմել են հիմնային մետաղները. խոսքը մեծամասամբ պղնձի խտանյութի և ֆեռոմոլիբդենի, ինչպես նաև՝ ալյումինե նրբաթիթեղի մասին է: 1.2%-ը կազմել է սնունդը, 0.7%-ը հագուստը, 0.6%-ը՝ ծխախոտը, 0.5%-ը՝ ժամացույցները և մնացած 0.7%-ն էլ այլ ապրանքներն են: 

2022 թվականից, կախված ապրանքներից՝ ԵՄ շուկա մտնելու համար գործելու են տարբեր մաքսատուրքեր: Օրինակ` Հայաստանից Իտալիա արտահանվող հագուստի մի շարք տեսակների համար գործելու է 12% սակագին, ալյումինե նրբաթիթեղի համար՝ 7.5-10% և այլն: 

Առավել  ցածր մաքսատուրքեր են գործելու հանքանյութի համար՝ 3%-ի շրջանակներում: Սա ենթադրում է, որ չնայած Հայաստանից ԵՄ արտահանման կազմում հանքանյութը զբաղեցնում է առյուծի բաժինը, սակայն դատելով սպասվող համեմատաբար ցածր մաքսատուրքերից՝ մեծ վնասներ չեն սպասվում եկող տարվանից: 

Հայաստանից պղնձի և մոլիբդեն խտանյութի ու ֆեռոմոլիբդենի խոշորագույն արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն  (ԶՊՄԿ) է: Ընկերությունից մեզ չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ, թե ինչ ռիսկեր են պարունակում GSP+ համակարգի արտանություններից զրկվելը իրենց համար։ 

Ալյումինե նրբաթիթեղը ևս Հայաստանից Եվրոպա արատահանվող հիմնական ապրանքներից է: Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի միակ արտադրողը  Երևանի «Արմենալ» գործարանն է («Ռուսալ Արմենալ» ՓԲԸ): Ընկերության մամուլի խոսնակ Ալեքսանդր Մելքումյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել է, որ ընկերությունն արտահանման պոտենցիալ շուկաներ է դիտարկում: 

Բացի GSP+ համակարգի արտոնություններից զրկվելը, «Արմենալ»-ի համար ռիսկային են նաև ԱՄՆ-ի սահմանած նոր տուրքերը: ԱՄՆ-ն որոշել է բարձրացնել ալյումինե նրբաթիթեղի ներմուծման մաքսատուրքերը, սակայն Հայաստանի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի հրապարակվել։ Հայաստանում արտադրված ալյումինե նրբաթիթեղը գրեթե ամբողջությամբ արտահանվում է: Հայկական ալյումինի ամենախոշոր գնորդները Գերմանիան և ԱՄՆ-ն են: Հայաստանից ալյումին է արտահանվում նաև Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Ավստրիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն և այլուր:

Տնտեսագետ. « «GSP+»-ի արտոնություններից զրկվելով՝ Հայաստանը շատ չի տուժի» 

Տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը կարծում է, որ  GSP+ արտոնությունների համակարգից դուրս գալով՝ Հայաստանը, ընդհանուր առմամբ, էապես չի տուժի, քանի որ խոշոր հաշվով՝ մեծ օգուտներ չի ունեցել դրանից: Հայկական շուկային չի հաջողվել եվրոպական ստանդարտների համապատասխան, դիվերսիֆիկացված կառուցվածքով արտահանում իրականացնել դեպի Եվրոպա: 

«Արտահանման 80%-ից ավելին հանքանյութն է եղել: Մեր արտադրանքը մրցունակ չէ Եվրոպայում:  Եղել են, իհարկե, բիզնեսներ, որ շատ են օգտվել և հիմա նրանք կտուժեն: Սակայն, GSP+ համակարգից օգտվելը լանամաշստաբ չի եղել: Բիզնես մտածելակերպի խնդիր ունենք»,- մեզ հետ զրույցում նշում է տնտեսագետը:

Հայաստանյան արտադրողները, Ջուլիետա Թադևոսյանի խոսքով, ունեն հնարավորություններ օգտվելու արտահանման այլ արտոնություններից, որոնք տրված են Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և այլ երկրների կողմից:  Ըստ նրա՝ հայկական արտադրողները, հատկապես՝ փոքր ու միջին ձեռնարկությունները, նման ծրագրերից օգտվելու համար բիզնես խորհրդատվության կարիք ունեն: Եվ կարևոր չէ՝ դա կլինի պետական հատվածի նախաձեռնությամբ, թե մասնավոր:

Ինչ վերաբերում է հանքանյութի արտահանմանը դեպի Եվրոպա, տնտեսագետը կարծում է, որ հայկական պղնձի ու մոլիբդենի պահանջարկը, մասնավորապես, Գերմանիայում կա, և այդ երկիրը փոխզիջումային ելքեր կգտնի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հետ, որ կոմբինատը չտուժի  GSP+ համակարգի արտոնություններից զրկվելու հետևանքով: 

«Իսկ ալյումինե նրբաթիթեղի մասով ԱՄՆ-ն մեղմացնում է նախապես հայտարարված բարձր մաքսատուրքերը, քանի Հայաստանը փոքր կշիռ ունի ԱՄՆ ներմուծվող ալյումինի կազմում՝ 1%-ի չափ։ Ենթադրվում է, որ այս մասով էլ ելքեր կգտնվեն»,- ասաց տնտեսագետը։ 

Այլընտրանքներն՝ ըստ Էկոնոմիկայի նախարարության

Էկոնոմիկայի նախարարությունը հայ արտահանողների համար այլընտրանքային մի քանի շուկաներ է անձնացրել, որոնք  ևս ունեն արտոնություններ:

«Հայաստանին Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP) օգտվելու հնարավորություն են տրամադրում որոշ զարգացած երկրներ, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադան, Շվեյցարիան, Ճապոնիան և Նորվեգիան»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: 

Մանրամասնվում է, որ օրինակ՝ Կանադայի կողմից տրամադրվող համակարգի ապրանքների ցանկն իր մեջ ներառում է գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքներ, որոնց հանդեպ զարգացող երկրներին տրամադրվում է մրցակցային առավելություն: Այդ ցանկում են նաև մի շարք զգայուն ապրանքներ, որոնց թվում են՝ տեքստիլի որոշ տեսակներ, կոշկեղեն, քիմիական և մի շարք արդյունաբերական ոլորտների արտադրանք։

ԱՄՆ-ի կողմից տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգի ապրանքների ցանկում ներառվում են մի շարք քիմիական նյութեր, հանքանյութեր, ոսկերչական արտադրանք, գորգերի որոշ տեսակներ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքներ և ձկնամթերք:

Որքանով այս և այլ արտոնություններից կարող են օգտվել հայաստանյան արտադրողները, ցույց կտա ժամանակը:

«Գլորիա» կարի ֆաբրկայի լուսանկաները՝ gloria.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter