HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի TOP-10 առևտրային գործընկեր-երկրները. 2020-ի փոփոխությունները

2020 թվականը, ինչպես Հայաստանի ամբողջ տնտեսության, այնպես էլ՝ արտաքին առևտրի համար անկումային տարի էր։ Մի շարք ուղղություններով կրճատվել է հայկական ապրանքների արտահանումն ու ներմուծումը։ Վիճակագրական տվյալների հիման վրա «Հետքն» առանձնացրել է տարվա TOP-10 շուկաները՝ փորձելով հասկանալ, թե գործընկեր-երկրների հետ առևտրում ինչ փոփոխություններ են գրանցվել։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544 մլն դոլարի ապրանք, որը 2019-ի համեմատ կրճատվել է 3.9%-ով։ 

2020-ին Հայաստանը ներմուծել է 4 մլրդ 559 մլն դոլարի ապրանք, անկումը՝ 17.7%:

Վերջին տասը տարիներին Հայաստանի արտաքին առևտրի ծավալները տատանվել են։ Մինչև 2015 թվականը թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը աճել են։ 2015-ին անկում է գրանցվել, որից հետո կրկին աստիճանաբար աճել են առևտրի ծավալները: Սակայն 2020-ին միտումները փոխվել են։

Ռուսաստան, Շվեյցարիա, Չինաստան. հայկական ապրանքների արտահանման առաջատար երեք շուկաները 2020-ին

Հայաստանի 2020 թվականի արտահանման առաջատար շուկաներն են Ռուսաստանը, որին բաժին է ընկել ամբողջ արտահանման 26.6%-ը, Շվեյցարիան (18.4%), Չինաստանը (11.4%), Իրաքը (6.4%) և Բուլղարիան (5.9%): Միայն այս հինգ երկրներին բաժին է ընկել արտահանման 68.7%-ը, ինչը նշանակում է, որ արտահանումը լավ դիվերսիֆիկացված չէ, և բարձր կենտրոնացվածությունը շարունակվում է։  

Երկրորդ հնգյակում են Նիդերլանդները, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Իրանը, ԱՄՆ-ն ու Վրաստանը։ 

Ռուսաստանը միշտ էլ եղել է Հայաստանի արտահանման առաջատար շուկան։ Հայաստանն այս երկիր է արտահանում ամենատարբեր ապրանքներ՝ սննդից մինչև տնտեսական ապրանքներ, հագուստ, ոգելից խմիչքներ (մեծ մասամբ՝ կոնյակ), հանքային ջուր և այլն։ 2020-ին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 676 մլն դոլարի ապրանք, որը 2019-ի համեմատ 9%-ով նվազել է։ 

Փոխարենը 2.1%-ով աճել է դեպի Շվեյցարիա արտահանումը։ Շվեյցարիան Հայաստանից գնում է հիմնականում հանքանյութ՝ ոսկի, պղինձ, մոլիբդեն։ 

Զգալի ավելացել է դեպի Չինաստան արտահանումը՝ 49.7%-ով։ Հայաստանի մաքսային ծառայությունը դեռևս չի հրապարակել 2020 թվականի տարեկան արտահանման կառուցվածքը երկիր-ապրանք կտրվածքով, որպեսզի կարողանայինք հասկանալ, թե այս զգալի աճն ինչով է պայմանավորված։ Միայն դատելով առաջին կիսամյակի տվյալներից՝ կարելի է ենթադրել, որ աճն ապահովվել է մոլիբդենի խտանյութի արտահանման հաշվին։ Ավելի վաղ ևս գրել են, որ 2020-ի առաջին կիսամյակում մոլիբդենի արտահանումը Հայաստանից կտրուկ աճել է։ Այս աճի հաշվին է, որ 2019 թվականին Հայաստանի արտահանման կազմում ունեցած 7.3%-ից, 2020-ին Չինաստանի կշիռը հասել է 11.4%-ի։

Էապես նվազել է դեպի Նիդերլանդներ, Բուլղարիա, Վրաստան և Իրաք արտահանումը։ 

Տեսանելի աճ կա Արաբական Միացյալ Էմիրություններ և ԱՄՆ արտահանման գծով։ Ոչ մեծ տեմպով աճել է նաև դեպի Իրան արտահանումը։

Տվյալները առավել մանրամասն կարող եք տեսնել ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։ Այստեղ ձախ հատվածում արտահանման գլխավոր հինգ շուկաներն ենք առաձնացրել։ Իսկ ներքևում առաջին տասնյակի շուկաներն են՝ ըստ արտահանման ծավալների և դրանց փոփոխությունների՝ 2019 թվականի համեմատ։

Ի դեպ, կախված արտահանման ծավալների փոփոխություններից՝ այս կամ այն երկրի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում, 2019-ի համեմատ, մեծացել կամ փոքրացել է։ Սակայն, երբ դիտարկում ենք 2019-ի առաջին հնգյակը, ապա այն նույնն է, ինչ 2020-ինը։ Պարզապես Չինաստանը 2020-ին առաջ է անցել Բուլղարիայից։ 

Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տեսակարար կշիռը Հայաստանի արտահանման կազմում, 2020թ. տվյալներով, 27.7% է, ԵՄ երկրներինը՝ 16.9%  և մնացած 55.4%-ն էլ բաժին է ընկել այլ երկրների։

Ինֆոգրաֆիկաներն առավել մեծ չափերով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով  (Open Image in New Tab)։

2020 թվականի առաջին կիսամյակի վերջում արդեն պարզ էր, որ տարեկան տվյալներով արտահանման անկում ենք ունենալու։ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման օրերին արդյունաբերության անկմանը զուգահեռ կրճատվում էր նաև արտահանումը։ Հետագա ամիսներին, ինչպես կառավարությանը, այնպես էլ բիզնեսին չհաջողվեց հաղթահարել շոկը։ Սեպտեմբերին էլ Արցախում սկսված պատերազմը էլ ավելի բարդացրեց իրավիճակը։ 

2021 թվականը ևս անկումային տրամադրություններով ենք սկսել։ Հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 7.5%-ով։ Կրճատվել է նաև արտաքին առևտուրը։ Մասնավորապես, արտահանումը նվազել 11.3%-ով, ներմուծումը՝ 20%-ով։

Ներմուծում. անկում՝ գլխավոր ուղղություններով

2020 թվականին Հայաստանն առավել շատ ապրանք ներմուծել է Ռուսաստանից (տեսակարար կշիռը ներմուծման կազմում՝ 32.4%, ըստ ապրանքի ծագման երկրի), Չինաստանից (14.8%), Իրանից (6.9%), Գերմանիայից (5.2%) և Իտալիայից (4.2%): Ընդհանուր առմամբ, հինգ երկրներին բաժին է ընկել ներմուծման 63.5%-ը։ 

Եթե արտահանման որոշ գլխավոր ուղղություններով նախորդ տարի աճ է գրանցվել, ապա ներմուծման գծով պատկերն այլ է։ Առաջատար տասնյակից միայն վերջին հորիզոնականում գտնվող Բելառուսից է ներմուծումն աճել։ 

2020-ին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է 1 մլրդ 479 մլն դոլարի ապրանք, որը 2019-ի համեմատ նվազել է 0.7%-ով։

Չինաստանից ներմուծումը կազմել է 674 մլն դոլար՝ նվազելով 10.3%-ով։

Իսկ Իրանից ներմուծվել է 315 մլն դոլարի ապրանք՝ 3%-ով պակաս, քան 2019-ին։

Ներմուծման TOP-10 շուկաներին կարող եք ծանոթանալ ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում։ Ինչպես տեսնում եք, երկրորդ հնգյակում են Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ 

Տոկոսային առումով՝ ներմուծման ամենամեծ անկումը ԱՄՆ-ի գծով է։

Վիճակագրական կոմիտեն ներկայացնում է նաև արտաքին առևտուրը՝ ըստ խոշորացված ապրանքախմբերի։ Այդ ցանկին կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter