HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից մոլիբդենի խտանյութի արտահանումը կտրուկ աճել է

Հայաստանից տարեկան հազարավոր տոննաներով մոլիբդեն է արտահանվում՝ ֆեռոմոլիբդենի ու խտանյութի տեսքով:  Ի տարբերություն բազմաթիվ ապրանքների, որոնց արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է, մոլիբդենի խտանյութը կտրուկ աճ է գրանցել, որոշակիորեն աճել են նաև արտահանվող ֆեռոմոլիբդենի  ծավալները:  

Այսպես, ըստ Հայաստանի մաքսային ծառայության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 4.5 հազար տոննա ֆեռոմոլիբդեն, որի մաքսային արժեքը կազմել է  59.1 մլն դոլար: 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանման ֆիզիկական ծավալներն աճել են 6.4%-ով՝ այն դեպքում, երբ  մաքսային արժեքը կրճատվել է 20%-ով: Այսինքն՝ այս տարի ֆեռոմոլիբդենը միջինում ավելի էժան գնով է արտահանվել և նույնիսկ քանակի ավելացումը չի հանգեցրել ընդհանուր մաքսային արժեքի ավելացմանը։

Ֆեռոմոլիբդենի մեծ մասն  արտահանվել է Նիդերլանդներ, որոշակի քանակությամբ՝ նաև Ռուսաստան։ Նախկինում հայկական  ֆեռոմոլիբդենի հիմնական գնորդներից էր նաև Գերմանիան, սակայն այս տարվա առաջին կիսամյակում այն գնորդների ցանկում չէ։ Նշենք, որ  ֆեռոմոլիբդենն այս տարվա վեց ամիսներին Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում հինգերորդն է։ Ֆեռոմոլիբդենն այս ցանկում զիջում է միայն պղնձին, ոսկուն, ծխախոտին ու կոնյակին։ 

Իսկ արտահանվող խտանյութի ծավալներն, ինչպես նշեցինք, կտրուկ աճել են: Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է  մոտ 6.9 հազար տոննա մոլիբդենի խտանյութ (մոլիբդենի հանքաքար և խտահանք), որի մաքսային արժեքը կազմել է մոտ 45 մլն  ԱՄՆ դոլար: Ինչպես ցույց են տալիս Մաքսային ծառայության  տվյալները, 2019 թվականի առաջին  կիսամյակի համեմատ արտահանված խտանյութի ծավալն աճել է 14 անգամ, արժեքը՝ 9 անգամ: 

 Սրա շնորհիվ մոլիբդենը ամրապնդել է դիրքը արտահանման կազմում. կիսամյակի տվյալներով մոլիբդենի խտանյութը Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում 7-րդն է: 

Մոլիբդենի խտանյութն արտահանվել է մեծամասամբ Չինաստան՝ 5.5 հազար տոննա, մնացած մասը՝  Բելգիա, Շվեյցարիա, Չինաստան, Ռուսաստան և փոքր քանակությամբ՝ նույնիսկ Չիլի: 

Առհասարակ, պետք է նկատել, որ Չինաստանը, Շվեյցարին, Նիդերլանդները, Գերմանիան և ևս մի քանի երկներ Հայաստանում  արդյունահանվող հանքահումքի հիմնական սպառողներն են։

Նախորդ տարիներին Հայաստանից փոքր քանակությամբ նաև մոլիբդենի թափոն և ջարդոն է արտահանվել, սակայն այն երբևէ  մեծ ծավալների չի հասել:  Այս տարի էլ չի արտահանվել։

Վերջին տասը տարիներին Հայաստանից ամենամեծ ծավալի ֆեռոմոլիբդենն արտահանվել է 2017 թվականին՝ մոտ 7 հազար տոննա:

Իսկ արտահանվող մոլիբդենի խտանյութի ծավալներն այս տարի արդեն իսկ ռեկորդային  են: Տարվա առաջին կեսին ավելի շատ է արտահանվել, քան նախորդ տարվա ամբողջ ընթացքում:

Ժամանակին Հայաստանը մեծ եկամուտներ է  ստացել մոլիբդենից, երբ համաշխարհային շուկայում մեկ տոննայի արժեքը մոտեցել է ընդհուպ մինչև 100 հազար դոլարին։ Դա տեղի է ունեցել 2008-2009  թվականներին։ Սակայն, մոլիբդենի գներն այս մակարդակում երկար չմնացին, և շուտով այն մի քանի անգամ արժեզրկվեց։  Այս տարի  էլ մոլիբդենի համաշխարհային գները ավելի ցածր մակարդակում են, քան նախորդ տարի։ 

Մոլիբդենի արտահանման աճը արդյունահանման տեմպերի մեծացմամբ է պայմանավորված։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 12.4 հազար տոննա մոլիբդենի խտանյութ, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1.8 անգամ աճել է։

Միևնույն ժամանակ, արտադրվել է 4.1 հազար տոննա ֆեռոմոլիբդեն՝ 11.2%-ով ավելին, քանի 2019-ի առաջին կիսամյակում։ 

Հայաստանում պղնձամոլիբեդենային հանքավայրերի կազմում առավել կարևոր նշանակություն ունեն Թեղուտի, Քաջարանի և Ագարակի հանքավայրերը։ Նախորդ տարվա երկրորդ կեսին՝ մեկուկես տարվա դադարից հետո, Թեղուտի հանքավայրը կրկին վերագործարկվեց։ Վերականգնվեց պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Թեղուտի վերագործարկումը էապես նպաստել է հանքարդյունաբերության աճին, որը շարունակվում է նաև այսօր։

Սովորաբար, Հայաստանը արդյունահանվող մոլիբդենի մեծ մասը մշակում  և արտահանում  է ֆեռոմոլիբդենի տեսքով։ Սակայն, ինչպես ցույց են տալիս այս տարվա տվյալները, խտանյութի  մի զգալի հատված արտահանվել է առանց մշակման։ 

Ինչպես մոլիբդենի, այնպես էլ՝ այլ տեսակի հանքահումքի արտահանման աճի  հետևանքով Հայաստանը լրացուցիչ եկամուտներ է ստանում, սակայն այս ամենը նաև հանգեցնում է հանքարդյունաբերությունից ունեցած կախվածության մեծացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter