HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2020-ին Հայաստանն ամենաշատն արտահանել է հանքահումք, ներմուծել՝ մեքենաներ ու սարքավորումներ

2020 թվականին Հայաստանից արտահանվել է 828 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 11.5%-ով աճել է 2019 թվականի համեմատ։

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների՝ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է 2 մլրդ 544 մլն դոլարի ապրանք, որը 2019-ի համեմատ կրճատվել է 3.9%-ով։ 

2020-ին Հայաստանը ներմուծել է 4 մլրդ 559 մլն դոլարի ապրանք, անկումը՝ 17.7%:

Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր-երկրներին անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածում։ Ներկայացրել ենք արտահանման ու ներմուծման գլխավոր շուկաները։ 

Այս հոդվածում առանձնացրել ենք արտահանման ու ներմուծման առաջատար ապրանքախմբերը։ 

Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքախումբը հանքահումքն է, հիմնականում պղնձի խտանյութը և մոլիբդենի խտանյութը։ 2020 թվականին արտահանվել է 828 մլն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 11.5%-ով աճել է 2019-ի համեմատ։ Այդպիսով, Հայաստանի արտահանման 32.5%-ը ապահովել է միայն հանքահումքը։ Սա, իհարկե, նորություն չէ, քանի որ տարիներ շարունակ հանքարդյունաբերությունը Հայաստանում անշեղորեն աճել է։

Նույնը չի կարելի ասել մշակող արդյունաբերության մասին։ Սննդամթերքի, ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների արտադրությունը Հայաստանի մշակող արդյունաբերության գերակա ճյուղերից են, սակայն 2020-ին նվազել են արտահանման ծավալները։ Այդուհանդերձ պատրաստի սննդի արտադրանք (ալկոհոլ, ծխախոտ) ապրանքախումբը Հայաստանի արտահանման երկրորդ տեղում է։ Արտահանվել է մոտ 560 մլն դոլարի ապրանք՝ 12.8%-ով պակաս, քան 2019-ին։

Արտահանվող երրորդ խոշոր ապրանքախումբն է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը։ Այս ապրանքախմբի ներքո պետք է հիմնականում հասկանալ ադամանդը, ոսկին, որը արտահանվում է արծաթի հետ ձուլվածքի տեսքով, ոսկերչական իրերն ու զարդերը։ Նշված ապրանքախմբի գծով արտահանումը 2020 թվականին կազմել է մոտ 366 մլն դոլար՝ 2019-ի համեմատ նվազելով 11.8%-ով։

Չորրորդ խոշոր ապրանքախումը ոչ թանկարժեք մետաղներն են և դրանցից պատրաստված իրերը։ 2020 թվականին արտահանումը կազմել է 228 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 12.6%-ով։ Այդ ապրանքախմբի ներքո են սև մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ալյումինե նրբաթիթեղը, որը Հայաստանից արտահանվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների թվում է և այլն։ 

Արտահանվող հինգերորդ խոշոր ապրանքախումբը բուսական ծագման արտադրանքն է։ Սրա ներքո էլ պետք է հիմնականում հասկանալ միրգն ու բանջարեղենը։ 2020 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 136 մլն դոլարի բուսական ծագման արտադրանք՝ 27.3%-ով ավելին, քան 2019-ի։

Արտահանվող խոշոր ապրանքախմբերից է մանածագործական իրերը (հագուստ, գործվածք, բամբակ, թելեր և այլն), որի արտահանումը նվազել է 21.6%-ով։

Ստորև գտնվող առաջին ինֆոգրաֆիկայում առանձնացրել ենք արտահանվող TOP 10 ապրանքախմբերը։ Ըստ էության՝ Հայաստանի արտահանման առյուծի բաժինը հենց այդ ապրանքներն են ապահովում։ Համեմատության համար նշենք, որ վիճակագրությունը ներկայացվում է ըստ 20 խոշոր ապրանքախմբերի, որից միայն 10-ը 2020 թվականին ապահովել են արտահանման 97%-ը։ Միայն առաջատար հնգյակն ապահովել է արտահանման 83%-ը։ 

Մեր նախորդ հոդվածում գրել ենք, որ արտահանումն Հայաստանից կենտրոնացված է մի քանի երկրների շուրջ։ Այդ բարձր կենտրոնացվածությունը, ինչպես տեսնում ենք, նաև ապրանքների մասով է, որը խոսում է Հայաստանի թույլ, ոչ զարգացած արդյունաբերության մասին։ 

2020 թվականին Հայաստանն ամենաշատը ներմուծել է մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ կենցաղային մեքենաներ, հաստոցներ, գյուղատնտեսական սարքավորումներ, ջեռուցման կաթսաներ, համակարգիչներ, հեռախոսներ և այլն։ Այս ապրանքախմբի ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 874 մլն դոլար, որը 2019 թվականի համեմատ աճել է 1%-ով։ 

Երկրորդ տեղում հանքահումքն է՝ 745 մլն դոլար։ Ներմուծումը նվազել է 8.5%-ով։ Կարևոր է նշել, որ հանքահումք ապրանքախմբի ներքո ինչպես պղինձն ու մոլիբդենն են, այնպես էլ՝ նավթը, գազը, ինչպես նաև՝ գիպսը, կիրը, ցեմենտը և այլն։ Եթե հանքահումք ապրանքախմբի ներքո Հայաստանից արտահանվում է հիմնականում պղինձ ու մոլիբդեն, ապա՝ ներմուծվում է մեծ մասամբ գազ ու նավթամթերք (բենզին, դիզելային վառելիք), ավելի փոքր ծավալով՝ ցեմենտ, գիպս և այլն։

Հայաստան ներմուծվող երրորդ խոշոր ապրանքախումբը քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական ճյուղերի արտադրանքն է։ 2020 թվականին ներմուծումը կազմել է 414.5 մլն դոլար, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 11.9%-ով։ Այդ ապրանքախմբի ներքո են դեղամիջոցները, արյունը (հակաշիճուկ, պատվաստանյութ), ինչպես նաև՝ տարատեսակ ներկեր և լաքեր, լվացող, մաքրող միջոցներ և այլն։

2020-ին  Հայաստանը ներմուծել է 394 մլն դոլարի պատրաստի սննդի արտադրանք, ալկոհոլ ու ծխախոտ, որը նախորդ տարվա համեմատ 9.9%-ով նվազել է։

Ներմուծվող հինգերորդ խոշոր ապրանքախումբն է ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը։ Ներմուծման ծավալը կազմել է 358 մլն դոլար՝ 3.5%-ով ավելին, քան 2019-ին։ Ներմուծվում է արտադրանքներ սև մետաղներից՝ ձողեր, մետաղակոնստրուկցիաներ, անմշակ ալյումին և այլն։

Այս հինգ խոշոր ապրանքախմբերը միասին զբաղեցրել են 2020 թվականին Հայաստանի ներմուծման 61%-ը։ Իսկ առաջին տասնյակին բաժին է ընկել 83%-ը։

Բացի վերը նշված հինգ ապրանքախմբերից, առաջին տասնյակում են նաև բուսական ծագման արտադրանքը, մանածագործական իրերը, պլաստմասսան, կաուչուկը ու դրանցից պատրաստված իրերը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները։ 

Ինչպես սպասվում էր, 2019 թվականին ավոտոմեքենաների ներմուծման բումից հետո 2020-ին ներմուծման ծավալները կտրուկ նվազել են՝ 74.4%-ով։

50.1%-ով նվազել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ու թանկարժեք մետաղների ներմուծումը (ադամանդ և ոսկի):

Ներմուծված TOP 10 ապրանքախմբերը՝ ինֆոգրաֆիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter