HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մեկ տարում 189 հազար հատ ավտոմեքենա է ներմուծվել Հայաստան

2019 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 189 018 հատ ավտոմեքենա, որը երեք անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Ավտոմեքենաների ներմուծումը նախորդ տարի աննախադեպ ծավալների է հասել նախորդ տարիների համեմատ։

Քաղաքացիները փորձել են մինչև տարեվերջ տեղ հասցնել ու մաքսազերծել մեքենաները, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չեն բարձրացել։ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացել և համապատասխանեցվել են ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին։

2019  թվականին ներմուծվող մեքենաների գծով գանձումները՝ պետական բյուջեի եկամուտները, կազմել են 95 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ 2.6 անգամ աճել է։ «Մեր կանխատեսումներով՝ ավտոմեքենաների ներկրման որոշակի ծավալ պահպանվելու է, բայց բիզնես մտադրությամբ ներկրումները, բնականաբար, չեն պահպանվելու»,- նշեց Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով ընդդիմախոսների այն փաստարկներին, որ ավտոմեքենաների ներմուծման արդյունքում զգալի հարկեր են գոյացել, և որ ՊԵԿ-ը եկող տարի չի կարողանալու այդչափ հարկեր հավաքագրել, Դավիթ Անանյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ՊԵԿ առաջարկով Կառավարությունը  որոշում կայացրեց հարկ վճարողներին վերադարձնել ԱԱՀ-ի գծով շուրջ 56.4 մլրդ դրամ «հին պարտքը»՝ առանց պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշները վերանայելու։ Նշված 56.4 մլրդ դրամից 2019 թվականին հարկ վճարողներին է վերադարձվել փաստացի 42.8 մլրդ դրամը։ Այսինքն՝ մի կողմից ՊԵԿ-ը ավտոմեքենաների ներմուծման արդյունքում  կարողացել է շատ հարկեր հավաքագրել, մյուս կողմից էլ՝ տնտեսվարողներին «հին պարտքեր» վերադարձնելով՝ պահպանել է բյուջեի վրա ավտոմեքենաների ներմուծման ազդեցության չեզոքությունը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի կեսերից Հայաստանից դեպի արտասահման գումարների արտահոսքի մեծ աճ է գրանցվել։ Կենտրոնական բանկը դա պայմանավորում է ավտոմեքենաների ներմուծմամբ։ Այսինքն՝ գումարները արտերկիր են փոխանցվել ավտոմեքենաների դիմաց վճարումների տեսքով։

Հայերը ավտոմեքենաներ են ներմուծում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ճապոնիայից, Կորեայից և այլ երկրներից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter