HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վերջին ամիսներին Հայաստանից աննախադեպ ծավալի գումարներ են փոխանցվում արտերկիր

Այս տարվա օգոստոսին բանկերի միջոցով Հայաստանից արտերկիր է փոխանցվել 156.9 մլն դոլարին համարժեք գումար։ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները վկայում են, որ սա ռեկորդային գումար է տրանսֆերտների վիճակագրության մեջ։ Առնվազն 2004 թվականից սկսած (դրամական փոխանցումների վիճակագրությունը սկսվում է այդ թվականից) ոչ մի ամիս այդ ծավալի գումար Հայաստանից դուրս չի եկել։ Խոսքը բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին է։

Համեմատության համար՝ 2018 թվականի օգոստոսին բանկերով Հայաստանից արտերկիր է փոխանցվել 96.6 մլն դոլար։

Սեպտեմբերին ևս զգալի ծավալի գումար է արտահոսել դրամական փոխանցումների տեսքով՝ 129.4 մլն դոլար։ ԿԲ-ն դեռևս չի ներկայացրել հոկտեմբերի և նոյեմբերի ցուցանիշները։ Հունիս (126.4 մլն դոլար) և հուլիս (144.6 մլն դոլար) ամիսներին փոխանցվող գումարները ևս բարձր մակարդակում են նախորդ տարիների համեմատ։

Առաջին ինֆոգրաֆիկայում բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից դեպի արտերկիր՝ ըստ ամիսների, սկսած 2004 թվականից։ Այստեղ անզեն աչքով էլ երևում է, որ այս տարվա օգոստոսի փոխանցումները ռեկորդային են և առհասարակ՝ հունիսից սկսած ամենաբարձր ցուցանիշներն են գրանցվել։

Նախորդ տարվա նույն ամիսներիհամեմատ՝ այս տարի միայն փետրվար-մարտ ամիսներին են փոխանցումները նվազել։

ԿԲ-ն այս գումարների արտահոսքի զգալի ավելացումը հունիսից պայմանավորում է ավտոմեքնենաների ներմուծման նույնքան զգալի աճով։ Կենտրոնական բանկի պարզաբանման մեջ նշված է. «2019թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին ընդամենը փոխանցումների ամսական արտահոսքի մեծ ծավալները և աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին»: Այսինքն՝ նաև համեմատության բազան է ցածր։

Ավտոմեքենաների ներմուծումն այս տարի իսկապես աննախադեպ ծավալների է հասել։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարի Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը կտրուկ աճել է, և այս տարվա ցուցանիշները ռեկորդային են։ Քաղաքացիները փորձում են մինչև տարեվերջ տեղ հասցնել ու մաքսազերծել մեքենաները, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չեն բարձրացել։ 2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրանալու են և համապատասխանեցվելու են ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարների։

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ այս տարվա սկզբից մինչև հոկտեմբերի կեսը Հայաստան է ներմուծվել շուրջ 114 հազար ավտոմեքենա։ Սա մոտ 60 հազարով ավելին է 2018 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։ Այսինքն՝ ավտոմեքենաների ներմուծումը ավելի քան կրկնակի աճել է։

Նշենք, որ այստեղ ներառված չէ Ռուսաստանից, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրներից ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող մեքենաների քանակը։ Դրանք մաքսային վիճակագրության մեջ չեն հաշվառվում, քանի որ համարվում են մեկ միասնական մաքսային տարածքի երկրներ։

Ավտոմեքենաների աճին զուգահեռ էլ ավելանում են Հայաստանից բանկերի միջոցով արտերկիր փոխանցվող գումարները, որոնք մեր քաղաքացիները վճարում են ավտոմեքենաների դիմաց։ Ենթադրվում է, որ գումարների արտահոսքն արագացել է նաև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և նույն տեմպը կպահպանվի նաև դեկտեմբերին։ Տարվա կտրվածքով դրամական փոխանցումների արտահոսքը զգալի գումար կկազմի՝ ավտոմեքենաների ներմուծման աճին զուգահեռ։ Իսկ եկող տարվանից այդ տեմպը կթուլանա, քանի որ, ինչպես սպասվում է, մաքսատուրքերի բարձրացմանը զուգահեռ, կնվազի ներմուծվող մեքենաների քանակը։

Երկրորդ ինֆոգրաֆիկայում այս և նախորդ տարվա դրամական փոխանցումների արտահոսքն է՝ ըստ ամիսների։

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսներին` հունվար-սեպտեմբերին, Հայաստանից արտերկիր է փոխանցվել 1 մլրդ 67 մլն դոլարի գումար՝ նախորդ տարվա 829.6 մլն դոլարի դիմաց։ Այսինքն՝ գումարների արտահոսքն ավելացել է 238 մլն դոլարով կամ 28.6 %-ով։ Սովորաբար, Հայաստանից արտերկիր կատարվող դրամական փոխանցումների մեծ մասն ուղարկվում է Ռուսաստան։ Սակայն, այս տարի վիճակագրությունը «շեղվել» է, քանի որ ինչպես հայտնի է, մաքսատուրքերի բարձրացումը չի սպառնում Ռուսաստանից ներկրվող մեքենաների պարագայում։ Հանդիսանալով ԵԱՏՄ անդամ` այդ երկրից Հայաստան ներմուծվող մեքենաների համար մաքսատուրք չի գանձվում։ Իսկ այս տարվա դրամական փոխանցումների աճն, ինչպես տեսանք, պայմանավորված է դեպի այն երկրներ ուղարկվող գումարների ավելացմամբ, որտեղից Հայաստանը ավտոմեքենաներ է ներմուծում։ Այդ երկրներն են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ճապոնիան, Կորեան և այլն։

Ինչ վերաբերում է Հայաստան մտնող գումարներին՝ արտերկրից դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներին, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին այդ գումարներն, ըստ ԿԲ-ի, կազմել են 1 մլրդ 402 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գումարների ներհոսքն աճել է 122.5 մլն դոլարով կամ 9.6 %-ով։ Դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը, ինչպես եղել է տարիներ շարունակ, Ռուսաստանն է։

Արդյունքում դրամական փոխանցումների զուտ ներհոսքը՝ ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը, այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 334.4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների 449.5 մլն դոլարի դիմաց։ Այդպիսով, զուտ ներհոսքը կրճատվել է 115.1 մլն դոլարով կամ 25.6 %-ով։

Հիշեցնենք, որ 2018 թվականին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտերկրից Հայաստան են ուղարկել 1 մլրդ 785.6 մլն դոլարին համարժեք գումար, որը 2017 թվականի համեմատ աճել է 29.1 մլն դոլարով կամ 1.6 %-ով։ Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր փոխանցվել է 1 մլրդ 188.4 մլն դոլար: Ի տարբերություն ներհոսքի, այս ցուցանիշի աճը շատ ավելի մեծ է՝ 198.6 մլն դոլարով կամ 20 %-ով:

Մեկնաբանություններ (2)

Սեդա Հերգնյան
Հարգելի Հրաչյա Հովհաննիսյան, շնորհակալություն արձագանքի համար։ Խնդրում եմ ավելի պարզ արտահայտել Ձեր միտքը։ Եթե ճիշտ եմ հասկացել՝ Դուք գումարների ամբո՞ղջ արտահոսքն եք համեմատում ավտոմեքենաների ներմուծման գումարի հետ։ Հոդվածում նշված չէ, որ դրամական փոխանցումների ամբողջ արտահոսքն է պայմանավորված ավտոմեքենաների ներկրմամբ։ Նման հաշվարկ էլ չկա, թե որ մասն դրանով պայմանավորված։ Պարզապես ԿԲ-ն միտում է տեսել, որ ավտոմեքենաների դիմաց վճարումներն են ավելացել, սակայն կոնկրետ այդ մասով վիճակագրություն չի հրապարակվում։
Հրաչյա Հովհաննիսյան
Ներկայացված տվյալները չեն կարող համապատասխանել իրականությանը, իսկ վերլուծությունները անտրամաբանական են: ՀՀ փոխանցված արտարժույթը կապված ավտոմեքենաների մեծ քանակի ներկրման հետ չի կարող ավելի մեծ թիվ կազմել քան այդ ավտոմեքենաների դիաց վճարված և ՀՀ -ից դուր եկած արտարժույթը , քանի որ ներկրված և չվաճառված ավտոմեքենաների հսկայական կուտակումներ կան հանրապետությունում , ինչը չի խոսում ներկրված և վաճառված ավտոմեքենաների հաշվեկշիռը ի վնաս ներկրմանն է , հետևաբար չի կարող ավտոմեքենաների ներկրումը և արտահանւոմը բացսական տարբերությունը ապահովել մեծ քանակի արտարծույթի հոսք հանրապետություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter