HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախաքննության ավարտին անջատված գործերը դատարանում «վերագտան» միմյանց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահագն Մելիքյանի, որոշել է մեկ վարույթում քննել «Նորատուցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանի, վերջինիս հետ ամբաստանյալի աթոռին հայտնված Հրաչիկ Գևորգյանի, ինչպես նաև երկու այլ ամբաստանյալի վերաբերյալ քրեական գործերը, որոնք նախաքննության ավարտին անջատվել ու ուղարկվել էին դատարան:

Ըստ քրեական գործի՝ Բանդուրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 223.1 հոդվածով՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը»։

Հրաչիկ Գևորգյանին վերագրվող հոդվածներն ավելի շատ են՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, մարդ առևանգելը, շորթում կատարելը, ազատությունից ապօրինի զրկելը։ Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը 2020 թվականի հունիսի 17-ին Երևանում գործող «Բելուչի» կարաոկե ակումբի նկուղային հարկում Արթուր Գուրգենի Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկել է երկուսից ավելի անձանց՝ Ալեն Աշոտի Ասատրյանին, Արթուր Աշոտի Ասատրյանին և Անուշավան Գառնիկի Առուշանյանին, որի ընթացքում Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի հետ խմբի կազմում, Արթուր Ասատրյանի, Ալեն Ասատրյանի և Անուշավան Առուշանյանի նկատմամբ բռնություն գործադրելով, Արթուր Ասատրյանից և Ալեն Ասատրյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար։

Բանդուրյանի և Հրաչիկ Գևորգյանի գործը դատարան է ուղարկվել 2021 թվականի հունիսի 16-ին, մակագրվել դատավոր Վահագն Մելիքյանին: Մեկումես ամիս անց դատարան է ուղարկվել նաև Արտյոմ Թելունցի և Արթուր Էլիզբարյանի գործը, որը վերաբերում է վերևում նկարագրված նույն դեպքին, այսինքն՝ մարդ առևանգելուն և գումար պահանջելուն:

Թելունցի և Էլիզբարյանի վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Առաջին գործով շուրջ 6 ամիս, իսկ երկրորդ գործով՝ շուրջ 4 ամիս քննություն իրականացնելուց հետո որոշվել է քննության առարկա դարձնել գործերը մեկ վարույթում միացնելու հարցը, և Մնացական Մարտիրոսյանի վարույթում գտնվող գործը ուղարկվել է Վահագն Մելիքյանի վարույթ:

Գործերը մեկ վարույթում միացնելուց հետո դատավոր Վահագն Մելիքյանը ճշտեց ամբաստանյալ Արտյոմ Թելունցի և Արթուր Էլիզբարյանի ինքնությունները: Էլիզբարյանն ասաց, որ բարձրագույն կրթություն ունի, ամուսնացած չէ, նախկինում դատապարտված չի եղել: Արտյոմ Թելունցը միջնակարգ կրթություն ունի, դատարանին հայտնեց, որ ամուսնացած է և խնամքին երեք անչափահաս երեխա կա՝ 3, 9 և 10 տարեկան: Թելունցը նախկինում ապօրինի զենք կրելու համար դատապարտված է եղել, դատվածությունը մարված է: «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ խոսքը մեքենայում ինքնաշեն եղանակով պատրաստված փայտե մահակ պահելու մասին է:

Գործով դատական նիստի ընթացքում դատախազ Սեդրակ Բեսալյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործում ներգրավված պաշտպաններ Էմին Խաչատրյանին և Սմբատ Մինասյանին: Դատախազի խոսքով՝ երբ գործերն անջատված են եղել և Հրաչիկ Գևորգյանի ու Արթուր Էլիզբարյանի գործերը, փաստերեն, առանձին են քննվել ինքը բացարկի միջնորդություն չի ներկայացրել, սակայն այժմ, երբ այս ամբաստանյալների գործերը մեկ վարույթում են քննվում, պետք է ներկայացնի բացարկի միջնորդություն: Ըստ դատախազի՝ Հրաչիկ Գևորգյանի և Արթուր Էլիզբարյանի շահերի միջև առկա է հակասություն, և նման պայմաններում նրանց պաշտպանությանը չեն կարող ստանձնել նույն փաստաբանները: Պաշտպանական կողմը, սակայն, հակադարձեց՝ նշելով, որ առկա է Սահմանադրական դատարանի որոշումը, համաձայն որի՝ անգամ հակասող շահերի դեպքում նույն անձը կարող է ստանձնել մեղադրյալների պաշտպանությունը, եթե վերջիններս չեն առարկում:

Դատախազը հայտնեց, որ իրեն Սահմանադրական դատարանի որոշումը հայտնի է, և դա վերաբերում է այն դեպքերին, երբ վերը նկարագրված իրավիճակում արդարադատության շահը չի խաթարվում: Դատարանը  հետաձգեց միջնորդության քննությունը մինչև էական հանգամանքների պարզումը:

Դատական նիստի ընթացքում Արթուր Էլիզբարյանի խափանման միջոցը փոխելու, նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն ներկայացվեց, որի քննությունը հետաձգվեց, ու հաջորդ դատական նիստը նշանավեց հունվարի 27-ին:

Նշենք, որ այս գործով կողմերը, որոնց թվում նաև դատախազն, առարկել են տեսանկարահանման դեմ: Դատական նիստի մեկնարկին մենք ձայնագրիչը դրեցինք նիստերի դահլիճում դրված ամբիոնի վրա, որտեղ սովորաբար դրվում են լրատվամիջոցների ձայնագրիչ սարքերը: Սակայն այս հանգամանքը դատավոր Մելիքյանին, կարծես թե դուր չեկավ: Վերջինս փորձեց ճշտել, թե արդյոք ձայնագրության վերաբերյալ կողմերը տվել են համաձայնություն: Սակայն, հրապարակային դատական նիստին ներկա գտնվող անձն իրավունք ունի ձայնագրություն իրականացնելու՝ առանց դատարանի թույլտվության:

Նշենք, որ թեև Քրեական դատավորության օրենսգիրքն առհասարակ կարգավորումներ չի նախատեսում դատական նիստի ընթացքում  լրագրողների աշխատանքի վերաբերյալ՝ «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը» սահմանում է, որ 11-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատական նիստին ներկա անձն իրավունք ունի սղագրություն և ձայնագրություն իրականացնելու: Ըստ այդմ՝ կարելի է պնդել, որ հրապարակային դատական նիստին ձայնագրություն իրականացնելու՝ լրագրողի իրավունքը ծագում է նիստի մեկնարկի պահից: Երբ մեջբերեցինք օրենքի վերը նշված դրույթը, դատավոր Մելիքյանն այլևս քննարկման առարկա չդարձրեց ձայնագրության թույլտվության հարցը, սակայն արգելեց ձայնագրիչը դնել ամբիոնի վրա՝ նշելով, որ ձայնագրությունը կատարենք դահլիճի այն  հատվածից, որտեղ մենք ենք գտնվում:

Լուսանկարում՝ Արա Բանդուրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter