HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տերմինալների գողության գործն ուղարկվել է դատարան. մեղադրյալը հացադուլ էր հայտարարել

Տերմինալների գողության վերաբերյալ գործը, որով մեղադրվում է քաղաքացի Վարդան Դալլաքյանն, ուղարկվել է դատարան: Այս գործի մասին «Հետք»-ին ահազանգել էր փաստաբան Ռոբերտ Բեջանյանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալն ապօրինի պահվում է կալանքի տակ: Ըստ գործի նյութերի՝ «Նոր Զովք» սուպերմարկետից տերմինալ է գողացվել: Դալլաքյանը պնդում է, որ ինքը եղել է բեռնատար մեքենայի վարորդը, ենթադրյալ գողություն կատարած անձանց չի ճանաչում: Դատարան ուղարկված գործով, սակայն, Դալլաքյանը միակ մեղադրյալն է, մյուս անձանց ինքնությունը, որոնք առնչվում են ենթադրյալ արարքին, պարզ չէ:

Ըստ Դալլաքյանին առաջադրված մեղադրանքի՝ վերջինս, ուրիշի գույքի խոշոր չափերի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով ինքնությունները չպարզված անձանց հետ, 2021 թվականի ապրիլի 6-ին, ժամը 05:00-ից 05:35-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ անձնաց հետ իր անձնական օգտագործման «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետ, որտեղ, նախնական դերբաշխվածության համաձայն, Վարդան Դալլաքյանը սպասել է հիշյալ ավտոմեքենայում, իսկ քննությամբ ինքնությունները չպարզված անձինք մետաղյա լինգի գործադրմամբ հիշյալ խանութի մուտքի դռան մետաղյա պաշտպանիչ շերտավարագույրը բացել են, ապա ապօրինի մուտք գործել պահեստարան հանդիսացող սուպերմարկետի տարածք և ավտոմատ ինքնասպասարկող վճարային տերմինալ դուրս բերելուց հետո գաղտնի հափշտակել են Իզի Փեյ ՍՊԸ-ին պատկանող 570000 դրամ արժողության ավտոմատ ինքնասպասարկող վճարային տերմինալը, հիշյալ ավտոմեքենայով տեղափոխել Երևան քաղաք Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող Հյուսիս-Հարավ ավտաճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 5 մետր հեռավորության վրա, տեխնիակական միջոցների գործադրմամբ բացել պահեստարան հանդիսացող տերմինալի դուռը և գաղտնի հափշտակել դրանում պահվող 855.400 դրամ գումարը՝ «Իզի ՓԵյ» ՍՊԸ֊ին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վարդան Դալլաքյանը 2021 թվականի ապրիլի 07-ին, ժամը 02:55-ի սահմաններում, հիշյալ անձնաց հետ իր ավտոմեքենայով գնացել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գործող «Նոր Զովք» սուպերմարկետ, որտեղ կրկին սպասել է հիշյալ ավտոմեքենայում, մինչև վերը նշված անձինք «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող, 1.454.000 դրամ արժողությամբ ավտոմատ ինքնասպասարկող վճարային տերմինալը բերել ու բեռնել  են մեքենայում: Դրա մեջ եղել է 864.300 դրամ:

Տերմինալի գողության երրորդ դրվագը, ըստ գործի, տեղի է ունեցել ապրիլի 10-ին. Կոմիտասում գտնվող «Վինո Վինո» ՍՊԸ-ին պատկանող «Պեռնո Դիկար» կոչվող խմիչքների խանութից գաղտնի հափշտակվել է 260000, 807.000, 95.000 դրամ արժողությամբ կոնյակներ: Ապրիլի 12-ին էլ, ըստ գործի, «Մագնիս» կոչվող սուպերմարկետից գաղտնի հափշտակվել է 150.000 դրամ գումար և ընդհանուր 60.000 դրամի տարբեր տեսակի ծխախոտներ:

Նշենք, որ մեզ հետ զրույցում Դալլաքյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանն ասել է, որ տերմինալների գողության դեպքը տեղի է ունեցել ապրիլի 23-ին, այդ օրն է Դալլաքյանը ձերբակալվել, ըստ որում՝ նրա հետ գտնվող անձինք դիմել են փախուստի, և  պատասխանատվությունն, այսպես ասած, մնացել է Դալլաքյանի վրա՝ թեև վերջինս վարորդն է եղել:

Մինչդեռ «Դատալեքսում» առկա տեղեկատվության մեջ նշվում է, որ տերմինալների ենթադրյալ գողությունն ավելի շուտ է եղել, քան ծխախոտի ու խմիչքի գողությունը:

Այն բանից հետո, երբ գործն ուղարկվել է դատարան ու Դալլաքյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ է մնացել, վերջինս հացադուլ է հայտարարել, որն օրեր անց դադարեցրել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter