HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Որտեղ կկայանա «3+3»-ի հաջորդ հանդիպումը. ՀՀ ԱԳՆ պատասխանը հակասում է Չավուշօղլուի հայտարարությանը

Նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել էր, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում՝ դարձյալ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։

Վերջինիս խոսքերով՝ սպասվում է, որ հաջորդ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։ «Մենք հանդիպում ենք ունեցել Մոսկվայում, բայց Վրաստանը չի մասնակցել դրան։ Սակայն հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, և մենք սպասում ենք դրան Վրաստանի մասնակցությունը»,- նշել էր Չավուշօղլուն։ 

Հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ դեկտեմբերի 14-ին «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե արդյոք հայկական կողմը հաստատում է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը՝ կապված Անկարայում հաջորդ հանդիպման վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է «3+3» հարթակի շրջանակներում հանդիպումներին, ապա հնչել են տարբեր առաջարկներ, սակայն այս պահի դրությամբ հաջորդ նիստի անցկացման վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։ Չնայած հարցման պատասխանի մեջ նշված է դեկտեմբերի 20, սակայն այն մենք ստացել ենք միայն դեկտեմբերի 24-ին։ Մինչ այդ արտաքին քաղաքական գերատեսչությունն էլեկտրոնային նամակ էր ուղարկել այն մասին, որ առաջիկայում կստանանք հարցման պատասխանը։

Ստացվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն կա'մ հերքում է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ հարթակի հաջորդ հանդիպումը կկայանա Անկարայում, կա'մ, հնարավոր է, հայկական կողմը դեռևս չի հաստատել դրան իր մասնակցությունը։

Հարցումն ուղարկվել էր այն ժամանակ, երբ դեռևս չէր հայտարարվել հայկական կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացի անունը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը վերահաստատել է, որ հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ կլինի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ այն հարցին, թե ով է միջնորդել այդ գործընթացի մեկնարկի համար, ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է՝ Ռուսաստանը։ 

«Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որ մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման։ Ռուսական կողմը հայկական կողմի այդ դիրքորոշումը փոխանցել է Թուրքիային»,- նշվում է պատասխանում։ Ըստ ԱԳՆ-ի՝ այս գործընթացին հաջորդել են երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի հայտարարությունները։

Արտաքին քաղաքական գերատեսչությունն անպատասխան է թողել մեր մի քանի հարցեր։ Մասնավորապես, ԱԳՆ-ին հարցրել էինք, թե արդյոք Հայաստանի և Թուրքիայի միջև վարվում են գաղտնի, չհայտարարված բանակցություններ։ Եթե այո, ապա ով է բանակցում և ինչ օրակարգով, արդյոք քննարկվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Բացի այդ, ԱԳՆ-ից հարցրել էինք, թե արդյոք դեկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները հանդիպումներ ունեցել են, թե՝ ոչ։ Փաստացի, սրանք նույնպես անպատասխան են մնացել։

Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter